Պայթյունավտանգ իրավիճակ. ԱԱԾ-ն կանխեց մաֆիաների բախումը

80

Lragir.am — Էջմիածնում մի քանի օր շարունակվող դրամատիկ իրադարձություններն այսօր հասան բարձրակետին. ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու քրեական դեմք Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպո մականունով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, երկուսին պատկանող տներում հայտնաբերվել է անօրինական զենք ու զինամթերք:

Այսօր առավոտյան ԱԱԾ-ն հատուկ գործողություն էր անցկացրել Մանվել Գրիգորյանին պատկանող շենքերում, իսկ իրեն՝ գեներալին, իրավապահները «փակել էին» Երկրապահ միության գրասենյակում: Խուզարկություն էր կատարվել նաեւ Դոն Պիպոյի տանը:

Միաժամանակ, քաղաքում շարունակվում էին բողոքի ակցիաները: Ընդ որում, այսօր իր կողմնակիցներին փողոց էր հանել նաեւ գեներալի որդին՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում դեմ ակցիաները կազմակերպել էր Դոն Պիպոն:

Քաղաքապետն առավոտյան տված ասուլիսում խոսում էր իրավիճակի սրման, նոր մարտի 1-ի հնարավորության մասին: Ավելի ուշ նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ահազանգելով, որ իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ, հայցելով նրա միջամտությունը: Վարչապետին էր դիմել նաեւ Դոն Պիպոն:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարություն էր արել, Էջմիածնի իրադարձությունների կապակցությամբ, ասելով, թե թույլ չեն տա թավշյա հեղափոխության խորհրդանիշների օգտագործումը մաֆիոզ պատերազմներում: Դրանից հետո էլ տեղի ունեցավ ԱԱԾ հատուկ գործողությունը:

Դատելով իրադարձությունների ընթացքից ու տեղեկատվությունից, ԱԱԾ-ն փաստացի կանխել է «մաֆիոզ պատերազմները»: Երեւում է Էջմիածնի դիմակայությունը ի վերջո հանգելու էր արյունալի բախումների, նկատի առնելով մի կողմից Դոն Պիպոյի բանդան, այդ թվում ՌԴ-ից ժամանած, մյուս կողմից՝ Մանվելի զինված կողմնակիցները:

Արդյոք անցել է վտանգը, եւ «գլխատված» բանդաները ձեռնպահ կմնան բախումներից: Համենայնդեպս, Էջմիածնում քրեածին իրավիճակն արմատախիլ անելու համար կոշտ միջոցներ ու ջանքեր են պահանջվելու:

Մինչ այդ, վաղը Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողները շարունակելու են ակցիաները, իսկ ինքը քաղաքապետն իր կողմնակիցների հետ որոշել է գիշերն անցկացնել հրապարակում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache