Պեկինի դեմ առաջին հայցը. Գերմանիան միանում է մրցավազքին

0

ԱՄՆ Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտտը դատական հայց է ներկայացրել Չինաստանի դեմ, որում նշում է, որ Չինաստանը կորոնավիրուսի վարակով անդառնալի վնաս է հասցրել աշխարհի երկրներին եւ պետք է փոխհատուցի դա: Չինաստանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է դրան եւ հայտարարել, որ այդ նախաձեռնությունը ծաղր է դատավարական ընթացակարգերի հանդեպ եւ նշել, թե ԱՄՆ դատական համակարգի որոշումները չեն տարածվում Չինաստանի վրա:

Այդուհանդերձ, Միսսուրի նահանգի մակարդակում փաստորեն կատարվում է Պեկինի դեմ առաջին քայլը, ու դժվար է ասել, թե ինչպիսին կլինի շարունակությունն ու արդյոք այդ քայլը դուրս կգա ԱՄՆ նահանգային մակարդակից, ու ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա: Առավել եւս, որ Պեկինի հանդեպ կասկածներ Վաշինգտոնը հնչեցնում է ամենաբարձր մակարդակով եւ անգամ ստեղծվել է Սենատի քննիչ հանձնաժողով:

Ակնհայտ է, որ հարցն աստիճանաբար դառնալու է կորոնավիրուսային իրողությունների անբաժանելի եւ կայուն մասը: Կորոնավիրուսային աշխարհը վաղուց արդեն կենտրոնացած չէ լոկ առողջապահական խնդիրների վրա: Թեժանում է պայքարը տնտեսա-քաղաքական ասպեկտում, եւ այստեղ առաջանում է գլխավոր հարցերից մեկը՝ ով է վճարելու համաշխարհային պարապուրդի գինը:

Զուգահեռ, ակնհայտ է նաեւ մեկ այլ՝ պատվաստանյութի մրցավազքը, որը թե առողջապահական գործոն է, թե նաեւ թեժացող տնտեսա-քաղաքական մրցավազքի առանցքային տարր: Այդտեղ առաջատարը ԱՄՆ ու Չինաստանն են, որոնք պատվաստանյութի կլինիկական փորձարկումը սկսել են մարտին: ԱՄՆ սկսել է մարտի 16-ին, Չինաստանը՝ 17-ին: Եվ ահա, ապրիլի 22-ին հայտնի է դարձել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների Գերմանիայի որոշման մասին: Գերմանիայի կառավարությունը թույլ է տվել երկրում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումը՝ մոտ 200 կամավորների վրա:

Պատվաստանյութի հեռանկարի առումով դիտարկվում է 1-2 տարի ժամկետը, բացառիկ պարագայում փոքր ինչ ավելի արագ հեռանկարով: Դրան զուգահեռ, փորձագիտական գնահատականները հայտնում են, որ աշխարհը դեռ երկար ժամանակ է լինելու կորոնավիրուսի ազդեցության փուլում: Պատվաստանյութը այդ իմաստով դառնալու է համաշխարհային ազդեցության գործիքներից մեկը, դա ակնհայտ է: Իր հերթին դա էլ նշանակում է, որ պետություններն այդ հարցում տեղեկատվական հասանելիության իմաստով փակ են լինելու, եւ ամենեւին պետք չէ բացառել եւ այն, որ գործընթացի վերաբերյալ լինեն նաեւ կեղծ, մրցակիցներին ապակողմնորոշող տեղեկություններ:

Ըստ այդմ, գուցե հարաբերական է այն, որ երկրներից երեքն են սկսել կլինիկական փորձարկումը: Եվ առավել եւս հարաբերական է գուցե, թե պատվաստանյութը հնարավոր չէ ստանալ 1-2 տարուց ավելի արագ: Արդյո՞ք բացառված է, որ ամեն ինչ լինի ավելի արագ, թեկուզ այն իմաստով, որ իրական գործընթացները գուցե ունեն շատ ավելի վաղ մեկնարկ:

Ինչպես վարակի հարցում է աշխարհին դեռեւս անհասանելի ամբողջ ճշմարտությունը, կամ ինչպես այդ առնչությամբ են հնչում կասկածներ անգամ պետությունների ղեկավարների մակարդակով, այդպես էլ կարող են կասկածներ հնչել պատվաստանյութի հնչող ժամկետների առումով:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները