Լրահոս

Պերմյակովը՝ «Պուտինի զավակներից»

 

arm147297707314

lragir.am — «Հոկտեմբերի 27-ի» անցյալ տարելիցին Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց, թե գործը կբացահայտվի, երբ Հայաստանն ավելի հզոր լինի.
«Դրա համար ոչ միայն մտածող մարդկային ռեսուրսներ են պետք, այլ ավելի մեծ զինանոց պետք է ունենանք փոխաբերական իմաստով, որպեսզի հնարավորինս փնտրենք, գտնենք, կարողանանք ոչ թե մեր դատողություններով առաջնորդվել և ասել, որ իրավապահները կգտնեն կամ մենք կգտնենք, այլ Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»։
Միաժամանակ ԱԺ նախագահն ասել էր, որ ահաբեկիչները «թելադրված մարդիկ» չէին։ Այս երկու մտքի միջև, իհարկե, հակասություն կա. «Հոկտեմբերի 27»-ը ՝ ոճրագործությունը կատարվել է «ուղիղ եթերում», իրականացողները բանտում են, բայց եթե հանրությանը դա բավարար չէ, ուրեմն կա պատվիրատու, «թելադրող»։
Միայն թե հակասությունը չէ կարևորը տվյալ դեպքում, այլ այն, որ ՀՀ ԱԺ ներկա նախագահը հրապարակավ ընդունում է, որ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ու վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանությունը բացահայտված չէ։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Պերմյակովի գործի մասին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից տարիուկես անց։ «Թելադրված մա՞րդ» էր նա, թե՞ չէ։ Հայաստանի «հզորությունը» բավարարե՞ց, թե՞ չբավարարեց, որ դեպքը բացահայտվի։
Ես իրավական մանրամասների մասին չեմ ուզում խոսել՝ հույս ունենալով, որ մասնագետներն, ի վերջո, հոդաբաշխ խոսք կասեն։
Առայժմ մի հստակ կարծիք է հնչել. ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, որը «տուժածներրի իրավահաջորդների ներկայացուցիչն» է՝ «յոթ հոգի անմեղ զոհ է դարձել նրա համար, որ հիվանդ մարդու ձեռքին զենք է հայտնվել»:
Սա նշանակում է, որ Պերմյակովը անմեղսունակ է։ Ինչը… չի հաստատել համապատասխան դատաբժշկական հանձնաժողովը։
Ահա և մեկ ուրիշ հակասություն, բայց այս դեպքում ակնհայտ է, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի՝ նա մի ամբողջ ընտանիք է վերացրել, մեծից փոքր։ Բայց եթե դա հիվանդություն չէ, ուրեմն հոգեբանական ուրիշ խնդիրներ են, որոնց ակունքները պարզելը… նաև լրագրողների գործն է։
Ինչքան ինձ է հաջողվել հետևել, հայաստանյան մեդիայից որևէ մեկը չի գնացել Անդրբայկալյան երկրամաս, որպեսզի ծանոթանա Պերմյակովի ընտանիքի, տեղի միջավայրի հետ։ Ռուսական լրատվամիջոցներն էլ, 3-օրյա հայտնի լռությունից հետո, հիմնական շեշտադրումն արեցին այն հանգամանքի վրա, որ մարդասպանի հայրը «Քրիստոնեական եկեղեցու» հոգևոր հովիվ է։
Մինչդեռ նույն այդ երկրամասի վերաբերյալ տարբեր նյութեր համադրելով՝ հասկանում ես, որ Չիտա քաղաքն ու շրջակայքը ծայրահեղ քրեականացված մի գոտի են, որտեղ իրական իշխանությունը պատկանում է այսպես կոչված «Պուտինի զավակներին»։
The Moscow Time պարբերականի այս տարի հրապարակած «Պուտինի զավակները»՝ կյանքը, ոճիրը, ահաբեկչությունը Ռուսաստանի ծայրամասում» հոդվածը, դիցուք, սարսափելի պատկեր է բացահայտում։ (Նույն հոդվածի ռուսերեն, ավելի ընդարձակ տարբերակը տեղ է գտել Такие дела կայքում, բայց առանց «Պուտինի զավակների»՝ «Գաղափար իսկ չունեն» վերնագրով)։
Հեղինակը՝ Օլիվեր Քերոլը, պատմում է, որ Չիտա քաղաքում ու մերձակա բնակավայրերում գործում է АУЕ կոչվող երիտասարդական շարժում (հապավումը բացվում է երկու տարբերակով՝ «Арестантский Уклад Един» և «Арестантское Уркаганское Единство»)։ АУЕ-ի հանցախմբերը կարգավորում են տեղացիների կյանքը քրեական, գողական հասկացություններով, «պանյատկեքով», մի կողմից իշխանավորների ու իրավապահների համատարած կաշառակերության, ցոփության ու լկտիության, մյուս կողմից սովորական մարդկանց գործազրկության, խղճուկ կենցաղի ու հարբեցողության պայմաններում։
Խմբերի անդամները՝ «Պուտինի զավակները», շատ դպրոցներում դեռահասներին հարկում են ամսական 100-250 ռուբլի։ Այդ գումարների, ինչպես նաև գողոնի, կողոպուտների մի մասն ուղարկվում է ընդհանուր քրեական «բանկ»՝ «օբշչագ», ավելի տարիքով հանցագործներին։ Գյուղերից մեկում ծնողները ստիպված են եղել միավորվել, որ իրենց երեխաներին ճնշումներից ազատեն, ու ծեծկռտուք է տեղի ունեցել. ոստիկանությունը պաշտպանել է АУЕ-ի անդամներին։
Ահա այս միջավայրն է, որ ծնել է Պերմյակովին։ Ըստ ամենայնի, նա АУЕ-ի անդամ չի եղել, բառացիորեն «Պուտինի զավակ» չէ, ընդհակառակը, ինչպես երևում է live.ru-ի տեսանյութից, եղել է «մամայի բալա», այսինքն՝ հասակակիցների կողմից ճնշվածներից։ Սրանց ապաստարանը հաճախ կրոնական նոր համայնքներն են։ Բայց երկարամյա նվաստացումը կարող է նաև ավելի դաժանացնել մարդուն, քան նույնիսկ պատկանելությունը հանցախմբին և ընդունակ դարձնել 7 հոգու սպանության։ (Ի դեպ, ինձ համար ամենախոսունը live.ru-ի տեսանյութում գիշերային անլույս ու մռայլ խորապատկերն էր թղթակցուհու թիկունքում)։
Հայ հանրությունը բավարարված չէ Պերմյակովի դատավճռով։ Ինչպես «Հոկտեմբերի 27»-ի գործում, նրան հուզում է «պատվիրատուն»։ Ո՞վ է նա՝ «հիվանդին» զենք վստահո՞ղը, թե՞ ով նրան զինակոչել է որևէ առողջի փոխարեն (ըստ մեր հայրենակիցների պատմածների, զինկոմիսարիատներում պատանիներին բանակից ազատելու սակագները հայտնի են, ինչպես բանջարեղենի կրպակում)։
Թե՞, ի վերջո, պուտինյան ամբողջ համակարգն է, որը մարդկանց բաժանում է երկու մասի՝ ով ունի սպանելու իրավունք և՝ սպանվելու։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...