Լրահոս

[:am]Պետք է անցնել հարձակման[:]

  [:am]նալբանդյան

hayeli.am-ը գրում է.Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը՝ 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևի մասին կարծիքները տարբեր են, ընդհանուր ոգեւորության մեջ լսվում են նաեւ քննադատություններ առ այն, որ Գերմանիան որպես մեղսակից փոխհատուցման տեսքով պատասխանատվություն ստանձնելու խնդիր չի դրել, ավելին, որ այդ պատասխանատվությունը հանում է նաեւ Թուրքիայի վրայից։ Տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը կոչ է անում բոլոր քննադատողներին ուշադիր կարդալ բանաձեւը, քանի որ այդ քննադատություններն իրականության հետ աղերս չունեն.«Բանաձեւը քննարկելիս, այո, ելույթներ հնչեցին, որ գոյություն ունեցող Թուրքիայի առավելությունն այն է, որ պատասխանատվություն չի կրում դրա համար։

Սակայն բուն բանաձեւում նման արձանագրում չկա։ Այդ բանաձեւում ամեն բան ավելի քան հստակ է՝ աշխարհում ընդունված բոլոր բանաձեւորից շատ ավելի հստակ ձեւակերպված բանաձեւ, գերմանացու կարգապահությամբ յուրաքանչյուր կետ ասում է, այն ինչ ասում է ու ներկայացնում հիմնավորումը, փաստարկները:- Մեզ հետ զրույցում պարզաբանեց նա ընդգծելով բանաձեւի այն արձանագրումը, որով Գերմանիան իրեն մեղսակից է համարում:- Բանաձևում Գերմանիան իրեն ամբողջությամբ մեղսակից է ճանաչել հայերի ցեղասպանության հարցում` նշելով բոլոր այն գերմանացի ռազմական գործիչների և պետական այրերի թվաքանակը, որոնք մասնակցել են ցեղասպանությանը»։

Ըստ Հացպանյանի՝ եթե Գերմանիան իրեն մեղսակից է ճանաչում ցեղասպանությանը, ապա գլխավոր մեղավորն էլ կա: Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն այդ իմաստով չի կարող համեմատվել ոչ մի այլ երկրի հետ, հետևաբար՝ ըստ Հացպանյանի՝ Հայաստանը պետք է կարողանա այս կարևոր փաստն օգտագործել իր հետագա քայլերում: Նա ասում է, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները համարվում են Օսմանյան կայսրության իրավահաջորդները, որոնք 1923 թվականից մինչ օրս մերժել և դրժել են պատմական իրողությունը` դիմելով ստի ու կեղծիքի:

Մեր հարցին, իսկ ինչու Գերմանիան պատասխանատվության հարցն ավելի շոշափելի չի դարձնում եւ բանաձեւում առաջ չի քաշվել փոխհատուցման խնդիրը, Հացպանյանը պատասխանեց, որ կարեւորը ճանաչումն է.«Այս բանաձեւը մեզ թույլ կտա, որ Հացպանյան Սարգիսի քրոջ տղան՝ Գեւորգ Հացպանյանը, որը իրավաբան է եւ հենց բանաձեւի ընդունման ժամանակ հայկական ներկայացուցչական պատվիրակության գլխավորողն է եղել, քայլ անի Գերմանիայի կառավարությանը, պահանջ ներկայացնի այս բանաձեւի վրա հենվելով»։

Արդեն իսկ հեռանկարային է դառնում, որ Եվրոպայից մերժված Թուքիան կնետվի Ռուսաստանի գիրկը՝ տարածաշրջանում լուրջ վտանգ առաջացնելով Հայաստանի համար։ Որոնք պետք է լինեն «կանխարգելիչ» քայլերը, հարցրեցինք Հացպանյանին. «Այո, սա կբերի ռուս-թուրքական, ինչպես եղավ ժամանակին Լենին-Աթաթուրք դաշինքը… Թուրքիան կփորձի հիստերիա բարձրացնել, որ իմպերիալիստական Արեւմուտքը մեզ ճնշում է, արի Ռուսաստան իրար հետ լեզու գտնենք, այս ամենը կբերի Պուտին-Էրդողան մերձեցման, իսկ այդ մերձեցումից, բնականաբար, տուժելու ենք մենք, Հայաստանը կարող է իբրեւ մանրադրամ օգտագործվել, զոհ դառնալ Թուրքիայի նկրտումներին»,- ասաց Հացպանյանը նկատելով, որ Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիվ պահվածքը Արցախի նկատմամբ եւս ցույց է տալիս Թուրքիայի աջակցության հանգամանքը:

«Ռուսաստանը Արցախի հարցով կարող է կանգնել Թուրքիայի, այսինքն՝ Ադրբեջանի կողքին եւ ի հաշիվ հայերի կարող է լուծել իր շահերը»,- փաստեց նա։

Նման իրավիճակում, ըստ Հացպանյանի, Հայաստանը պարտավոր է առավելապես զգոնություն դրսեւորել. «Հայը պետք է հասկանա, որ ինքն է իր երկրի տերը, մեր պետականությունը պետք է աչքի լույսի պես պահենք, հզորացնենք ու հզոր երկիր կառուցենք։ Հզոր երկիր դառնալու համար Հայաստանում իշխանությունը պիտի ներկայացնի ժողովրդի շահերը, կառավարությունը պիտի վստահություն ունենա, իսկ եթե մենք չկարողանանք ժողովրդավարական Հայաստան ունենալ, նորմալ ընտրություններով ձեւավորված իշխանություն, մեզ հետ աշխարհում ոչ մի երկիր հաշվի չի նստի, իսկ մենք էլ հպատակ կլինենք ռուսի «սապոգի» տակ՝ դառնալով Ռուսաստանի գուբերնիա»։

Հացպանյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին, արտաքին գերատեսչության պատասխանատուներին ստեղծված իրավիճակում հարձակվողական քաղաքականություն վարել եւ պահանջել ԱՄՆ-ին, որպեսզի նա էլ ընդունի պատմական իրողությունը, որովհետեւ միայն ԱՄՆ-ն կարող է ռուս-թուրքական դաշինքի լուրջ հակակշիռ դառնալ։[:]

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing