«Պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը դառնա պատասխանող կողմ». Թևան Պողոսյան

0

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը չի կարծում, թե պետք է զարմանալ, որ նախընտրական փուլում Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ, իբր, իր տարածաշրջանային կարևորությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պողոսյանն ասաց, որ մարտի 15-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների՝ Բաքվում կայացած քառակողմ հանդիպումը կազմակերպելով՝ Ադրբեջանը փորձում է իրեն ցույց տալ՝ որպես նախաձեռնող երկիր, որն ունի տարածաշրջանային կարևորություն: «Ի՞նչ է այն անում. առաջինը՝ կոպիտ հայտարարություններ մեր հանդեպ (Երևանին անդրադարձը,  զորավարժությունները), իսկ հիմա փորձում է տարածաշրջանային մեծ ծրագրեր իրականացնել՝ օգտվելով նրանից, թե ինչ խնդիրներ են ձևավորվել, որտեղ այլ երկրները կարող են հետաքրքրություն ունենալ և միանալ այդ ծրագրերին»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ եթե եռակողմ ձևաչափով լիներ հանդիպումը, և դրան չմասնակցեր Իրանը, ապա այն հերթական կլիներ, իսկ այս քառակողմ հանդիպումը, ըստ նրա՝ չի կարելի դիտարկել՝ որպես հերթական, քանի որ միացել է նաև Իրանը. «Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ Իրանը երկիր է, որն  ունի իր շահերը. ինչո՞ւ չպետք է Իրանը ունենա լավ հարաբերություններ իր հարևանների հետ, որոնց մեջ և՛ Հայաստանն է, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը: Իրանի յուրահատկությունն էլ հենց այն է, որ միշտ կարողացել է լեզու գտնել, հարաբերություններ պահպանել իր հարևանների հետ»։

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախի հարցը, նա ասաց, որ ցանկացած կետում տեղի ունեցող միջոցառմանը, որին մասնակցում է Ադրբեջանը, բնականաբար, քննարկվելու է նաև Արցախի հարցը.

«Մեզ համար դա սովորական բան է, որովհետև, եթե խոսում են էկոլոգիայից՝ Արցախն է մեղավոր, եթե խոսում են աստղերից՝ Արցախն է մեղավոր, եթե խոսում են ոջիլներից՝ Արցախն է մեղավոր։ Բնականաբար, այս միջոցառմանը չէինք կարող մասնակցել, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր հարթակներում Արցախի շահերը պաշտպանելու. այլ խնդիր է, որ մենք պետք է ժամանակին աշխատեինք, որ Իրանի և Վրաստանի մեր գործընկերները թույլ չտային հակահայկական դիրքորոշումներ»։

Թևան Պողոսյանը համոզված է՝ մինչ ընտրություններն Ադրբեջանը շարունակելու է ակտիվորեն կազմակերպել նման միջոցառումներ։

«Մենք պետք է մեր սեփական ծրագրերն իրականացնենք։ Պաշտպանվելու մեխանիզմները պետք է մտածենք և հասկանանք։ Պատերազմ է, Ադրբեջանն իր քաղաքականությունը, միևնույն է, վարելու է, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչով հակադրվենք։ Հիմա մենք ենք դարձել պատասխանող կողմ, պատասխանում ենք Ադրբեջանում հնչած հայտարարություններին, բայց պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը դառնա պատասխանող կողմ»,- ասաց նա։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache