Պետությունից հափշտակած գումարների վերադարձնելու գործընթացը սկսված է. ԱԱԾ

184

armlur.am — Արդեն մի քանի օր է` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արշավ է սկսել գործարարների դեմ, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, թաքցրել են վարկերը կամ ինչ –որ ճանապարհով խուսափել են կատարել պետության հանդեպ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները :

Եվ այսպես, դեռեւս 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց.«Ես ուզում եմ` ևս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, բոլոր այն քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի հետ կապված եւ մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն եւ վենդետա. հարգելիներս, մի՛ արեք այդ բանը, որովհետեւ վենդետա չի լինելու, որովհետեւ ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում, այս պահից սկսված, հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության և ազգային միասնության մթնոլորտ» :

Վերջինիս այս հայտարարությունից հետո` մայիսի 19-ին, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոսեց կոռուպցիոն բացահայտումների մասին` նշելով, որ առաջիկայում աղմակահարույց դեպքեր են բացահայտվելու.«դա չի նշանակում, որ մենք գնալու ենք ռեպրեսիաների կամ վրեժխնդրության, ո՛չ, լինելու է հրապարակային…..:Իմ մոտեցումը հետեւայլն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում, եւ ոչ մի բան չլինի»:

Եվ ահա այս հայտարարություններից հետո սկսվեց գործընթացը, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը արշավ է սկսել գործարարների դեմ՝ ստիպելով նրանց վերադառնալ հարկային դաշտ:
«Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ-ի կողմից տեղի չունենա: Այո՛, ինչ խնդիր դրվի ԱԱԾ-ի առջեւ, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»,- նախօրեին ասել է Փաշինյանը:

Սակայն նկատենք, որ հայտարարությունների այս ֆոնին կալանավորումների գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից հետաքրքրվեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասել էր, որ իր մոտեցումը հետեւյալն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն այդ գումարները, եւ դեռ ավելին` այդ մասին հայտարարել է նաեւ վարչապետը: Ինչ փուլում է ԱԱԾ պետի կողմից մատնանշված գումարները վերադարձնելու գործընթացը, եւ, առհասարակ, գումարներ վերադարձվե՞լ են այս ընթացքում, թե՞ ոչ, ի պատասխան` մեզ հայտնեցին.«Պետությանը հասցված վնասների փոխհատուցման գործընթացը սկսված է. այն ենթադրում է մասնագիտական հաշվարկ եւ եզրակացություններ, ինչը որոշակի ժամանակ կպահանջի: Այսինքն` գործընթացը սկսված է, բայց դեռ գումարներ չեն փոխհատուցվել»:

Այսինքն` այս փուլում Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է հաշվարկ, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրենը, կալանավորված մյուս անձինք, ինչպես նաեւ մյուս ընկերությունների կողմից իրականացված բացահայտումների գործով պետությանը ինչքան վնաս է հասցվել, եւ կկայացվի ակտ:

Այս գործընթացից հետո կայացված ակտը կներկայացվի կալանավորվածներին, եւ եթե վերջիններս ընդունեն, որ իրավապահների կողմից կատարված փորձաքննության արդյունքում ճիշտ ակտ է կայացվել, եւ իրենք պատրաստ են փոխհատուցել այդ վնասը, ապա նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը կդադարեցվի:
Չի բացառվում, որ այս գործընթացի արդյունքում կալանավորվածները համաձայն չլինեն իրենց ներկայացված գումարի չափի հետ եւ բողոքարկեն` փորձելով պակասեցնել գումարի չափը: Ինչեւէ, բոլոր դեպքերում, եթե փոխհատուցեն, ապա վերոնշյալ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ եթե ոչ, ապա քրեական հետապնդումը կշարունակվի կալանքի տեսքով: Ստացվում է, որ այս ընթացքում նրանց եւ այլ քրեական գործերով անձանց կալանքի տակ գտնվելը փոքր-ինչ կամայական որոշում է, քանի որ խնդրի մասին ահազանգում են նաեւ փաստաբանները:

Մասնավորապես` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց.«Կամայական եզրույթը այս պահին կխուսափեմ կիրառել, այս պահին ներգրավված չլինելով այն գործերով, որոնցով անձինք են ձերբակալվում կամ կալանավորվում կամ բերման ենթարկվում, այդ առումով սխալ կլինի գնահատական տալ: Բայց ընդհանուր իրավիճակը եւ հատկապես մի քանի մասնավոր դեպքերը, որոնցով մարդիկ ինքնակամ իրենց ոտքով հրավեր ստանալով գնացել, ներկայացել են վարույթ իրականացնող մարմին եւ կալանավորվել են, հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձանց նկատմամբ առնվազն կալանավորումը` որպես խափանման միջոց, չպետք է կիրառվեր: Այո՛, տարիներ, տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ընդունված պրակտիկա էր մարդ կալանավորելը: Ցանկացած հանցագործության մեջ կասկածվող անձ հատկապես, եթե ինքը մեղադրվում էր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, մեր մոտ գործում է կալանքի կանխավարկածը, որ մարդը պետք է կալանավորվի: Ընդամենը արձանագրում եմ, որ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է կիրառվել, ինչը անթույլատրելի է: Դատավորների անունները հրապարակվեցին, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են այդ կալանավորումներով, դատավորներ կան, որ կալանքի միջնորդություն երբեք էլ չեն մերժել: Կարծում եմ, որ ժամանակ եւ ավելի լավ առիթ, քան այսօր, էլ այլեւս չի լինելու, որ մենք շտկենք այդ ոլորտը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache