Լրահոս

Փակում են Ալիևի «օդերը»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը, որում կոնկրետ մեղադրանքի սլաքներն ուղղված էին Ադրբեջանին` Բաքվում բացասական է ընդունվել: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով:

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համանախագահներն արձանագրել էին հրադադարն առաջինը խախտած կողմին՝ նկատելով, որ լարվածությունն աճել էր, քանի որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, իսկ հայկական կողմը պատասխանել է այդ գործողություններին։ Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ղարաբաղում լարվածությունն աճել էր մայիսի 15-ին։ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ:

Ահա, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին տարածած հայտարարությունը՝ այն որակելով «անարդար և ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիևը չի ժխտել գնդակոծության փաստը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ հայտարարությունների այս ձևը պետք է շարունակական լինի, որ ազդեցություն ունենա։

Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է նշված հայտարարություններին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է՝ եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, իսկ 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո կայացած երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում։

Վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարում են՝ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից բացահայտ վերաբերմունքի դրսևորում է։ Ադրբեջանին հասկացնում են, որ արդեն սահմաններից դուրս է գալիս, և հնարավոր չէ այս ձևով շարունակել բանակցությունները։

Բացի այդ նման հայտարարության պատճառը բանակցություններում Ադրբեջանի պահվածն է՝ նախապայմաններ ներկայացնելն ու մյուս կողմից արգելափակելը` միջնորդների առաջարկները տապալելու արդյունքում: Սրա արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն է անիմաստ դառնում, ինչն էլ մեծ հաճույքով իրականացանում է պաշտոնական Բաքուն:

Ի վերջո, Ադրբեջանի սանձարձակ պահվածքն ամբողջությամբ հարվածում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմիջին: Այս իրավիճակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին սանձել Ադրբեջանին, որպեսզի նա առաջիկայում կանխեն սահմանային միջադեպերը։

Հայկական կողմի համար այս դրական մթնոլորտը պետք է պահպանել, այսինքն` դիվանագիտական աշխատանքը պետք է տարվի հետևողականորեն, որպեսզի Ադրբեջանի, ինչպես ասում են` «օդերը փակվի:

Ադրբեջանը տեսական ժամանակ դիմում էր դիվերսիոն գործողությունների, սակայն ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդիականացրեց սահմաններում սարքավորումները, Ադրբեջանի «մանևրելու» գործն էլ բարդացավ, ավելին` ամիսներ առաջ հայկական կողմը ստիպված եղավ կանխարգելիչ հարված հասցնել, ադրբեջանական կողմը զոհեր ունեցավ, իսկ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց:

Այժմ էլ Ադրբեջանը դիմեց այլ` «հրթիռային» քայլի, բայց հիմա էլ միջնորդները կոշտ արձագանքեցին: Սա արդեն դիվանագիտական-քաղաքական հարված էր Ալիևի ռեժիմին:

Խոստովանենք, որ այլ ճանապարհ, իսկապես, չէր մնացել: Առանց այն էլ բանակցային փակուղային իրավիճակը հղի է վտանգներով, բայց նույնիսկ այս պայմաններում Ալիևը շարունակում էր սանձարձակ պահել իրեն ոչ միայն հայկական կողմի նկատմամբ, այլև միջնորդ պետությունների առաքելության, ինչն, ի վերջո դուրս է որևէ տրամաբանությունից, և արդեն հունից հանում է համանախագահող երկրներին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara