Փանիկի կրակոցների անսպասելի շարունակությունը. Ինչ է կատարվել իրականում

118

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն է արել. նա չի բացառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:

Հուլիսի 22-ին Փանիկում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նաև նշեց: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է», ասել է նախարարը, փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Ռուս սահմանապահները կանգնած են Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններին: Պայմանագրի 4 հոդվածի 4-րդ կետում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը, զուգահեռ ստեղծելով իր սահմանապահ կառույցները, համաձայնեցնելով գրաֆիկը Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի հետ, աստիճանաբար իր վերահսկողության տակ է վերցնում Իրանի ու Թուրքիայի հետ սահմանի բոլոր տեղամասերը…»:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է սահմանապահ զորքը համալրելու մասին: Բացի այդ, հայտարարվել էր նաեւ, որ Ոստիկանության ներքին զորքերը նույնպես կարող են ուղարկվել սահման:

Այս կապակցությամբ ենթադրություն էր եղել, որ Երեւանը պատրաստվում է կազմավորել իր սահմանապահ զորքը եւ փոխարինել ռուս սահմանապահներին: Դա հատկապես ակտուալ է Զվարթնոց օդանավակայանում, որտեղ Հայաստան ժամանողներին դիմավորում են ռուս սահմանապահները:

Ի դեպ, վերջերս այստեղ սկանդալ էր տեղի ունեցել: Ռուս սահմանապահները բաց էին թողել աբխազական անձնագրով անձին: Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, Հայաստանը՝ ոչ: Ռուս սահմանապահները նրան բաց էին թողել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի օրենքների համաձայն, որն առաջացրել է Վրաստանի բողոքն ու տհաճ սկանդալի պատճառ դարձել:

Արդյոք Դավիթ Տոնոյանի հայտարարությունը վերաբերվում է հենց նման խնդիրները բացառելուն ուղղված պայմանագրային վերանայումներին:

Մյուս կողմից, նախարարի խոսքում խիստ ուշագրավ է այս կապակցությամբ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպի հիշատակումը: Նա ասել է, որ այդ միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Ինչպես հայտնի է, Գյումրիի ռուսական բազայի ստորաբաժանումը մտել էր Փանիկի տարածք, կրակոցներ արձակել, ինչն առաջացրել էր բնակիչների դժգոհությունը: Նիկոլ Փաշինյանը կոշտ էր արձագանքել այս միջադեպին, այն որակելով որպես հայ-ռուսական բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սադրանք:

Միջադեպի կապակցությամբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր, որ դա փնթիության արդյունք էր: Իսկ Փանիկում ռուսական բազայի հրամանատարի հետ փակ խորհրդակցությունից հետո Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ վարժանքը համաձայնեցված էր ՀՀ ՊՆ հետ, բայց վայրը սխալ էր ընտրվել, եւ մեղավոր են թե հայկական, թե ռուսական կողմերը: Նա նշել էր, որ վարժանքը հետախույզներն են անցկացրել, եւ գաղտնիք է բացել. «Քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն»։

Այսինքն, պաշտպանության նախարարն էլ է միջադեպը վերագրում փնթիությանը: Միեւնույն ժամանակ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանի խոսքը, որ Փանիկի միջադեպը խթանել է սահմանապահների կարգավիճակը վերանայելու անհրաժեշտությանը, այնքան էլ համարժեք չեն «փնթիության կանխավարկածին»:

Բանն այն է, որ ռուս սահմանապահները կապ չունեն Գյումրիի բազայի հետ եւ ենթարկվում են ՌԴ ԱԴԾ-ին: Միեւնույն ժամանակ, հիշվում է, որ Պերմյակովի իրականացրած սպանդից հետո խոսվում էր արտաքին ինչ-ինչ վարկածների մասին:

Ինչո՞վ է Փանիկի միջադեպը կապված ռուս սահմանապահների հետ, նախարարը չի մանրամասնել: Չի մանրամասնել նաեւ, թե պայմանագրի ինչ դրույթներ կարող են փոխվել: Միեւնույն ժամանակ, հայ փորձագետներից շատերը նշում են, որ ՌԴ ԱԴԾ ներկայությունը Հայաստանում սահմանապահ զորքի տեսքով հնարավորություն է տալիս ստեղծել ագենտուրայի ցանց, համագործակցել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ ի վնաս Հայաստանի, սահմանային խնդիրներ առաջացնել հայ բնակչության հետ, եւ այլն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache