Փաշինյանը չպետք է վստահի Ալիեւին. Ռուսաստանը նախազգուշացնում է

27

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին, խոսել է դրական միտումների մասին. «Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում,-ասել է դիվանագետը: – Այժմ կարեւոր է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ է գտել վերջին ժամանակներս: Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին»:

Ըստ երեւույթին, Զախարովան նկատի ունի Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը: Հայտնի է դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են թուլացնել լարվածությունը սահմանին ու օպերատիվ կապի գիծ հաստատել:

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պայմանավորվածությունից հետո սահմանին իրոք հանգիստ է, իսկ օպերատիվ կապը թեկուզեւ հաստատված չէ, սակայն աշխատանքները շարունակվում են:

Հայաստանում փորձագիտական շրջանակներում Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո հիմնականում մեկ թեմա է քննարկվում՝ կարելի՞ է վստահել Ալիեւի խոսքին: Վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները հայտարարում են, որ պետք չէ վստահել Ալիեւի հետ բանավոր պայմանավորվածությանը եւ միշտ պետք է փայտը ձեռքին պահել:

Ալիեւին չվստահելու մասին ասել է նաեւ Ռուսաստանի խորհրդարանի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը կարող է արմատապես տարբերվել հռչակվածից:

«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը կոմպրոմիս չի ցանկանում, ցանկանում է իրենը վերցնել սպառազինությունների, ռազմական բյուջեի մեծացման, ռազմական սպառնալիքի հաշվին: Մենք դրանում կտրականապես շահագրգռված չենք: Այդ պատճառով իմ ու գործընկերներիս ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսում թույլ չտալուն: Այս առումով մեր հակառակորդն են դառնում Ադրբեջանի ղեկավարներն ու քաղաքական շրջանակները, որոնք չափից շատ են խոսում պատերազմի հնարավորության մասին: Այդ պատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ: Այն այնքան էլ կայուն երկիր չէ, որքան ցանկանում է լինել», – ասել է Զատուլինը ruposters.ru-ին տված հարցազրույցում:

«Ադրբեջանը, ինչպես մի շարք արեւելյան պետություններ, ձեւ են անում ու քաղաքականություն վարում: Նրա քաղաքականության եւ ցանկացածի միջեւ, ինչ էլ մտածենք նրա քաղաքականության մասին, մեծ տարբերություն կա», – ասել է ռուս պատգամավորը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache