Փաշինյանը դադարեցրեց սրանց «մի քիչ հղիությունը»

95

1in.am — Վերջին օրերին քաղաքական իրավիճակի սրումը, լարվածության հերթական ալիքի բարձրացումը լուրջ բացասական զարգացումներ ձևավորելով հանդերձ, հեռանկարային առումով, ավելի դրական հետևանքներ ունեցավ ու դեռ կունենա: Նախ՝ քաղաքական դաշտում, որպես հետևանք նաև կառավարությունում, հատկապես վերջին ամսվա ընթացքում իրավիճակը հասել էր աբսուրդի: Քաղաքական դաշտում Դաշնակցությունն ու «Բարգավաճը» ՀՀԿ-ի խաղի կանոններով գործող ընդդիմություն էին ու բացահայտ «քննադատում» էին իշխանությանը, բայց և նրանց ներկայացուցիչները նախարարի, փոխնախարարի, մարզպետի ու փոխմարզպետի կարգավիճակով «կյանքի էին կոչում» նույն քննադատվող իշխանության ծրագրերը: Այդպես չի լինում: Ու թեև բնության մեջ մի քիչ հղի երևույթը չկա, այստեղ, այս ամիսների ընթացքում Դաշնակցությունն ու «Բարգավաճը» մի քիչ հղիի կարգավիճակում էին: Դաշնակցությունը վերջին քսան տարիներին այս կարգավիճակում է:

Հերթական քաղաքական բռնկումից հետո, գուցե մի քիչ էմոցիոնալ, բայց Փաշինյանը դադարեցրեց սրանց մի քիչ «հղիությունը», ու ամեն ինչ իր տեղն ընկավ: Այլապես երկրի տնտեսական քաղաքականության ամբողջ բլոկի, եթե ոչ մշակումը, ապա կյանքի կոչումը հանձնվել էր Դաշնակցությանը: Ու եթե գյուղատնտեսության նախարարի առումով և՛ նախարարությունում, և՛ ավելի լայն շրջանակներում միայն դրականն էր խոսվում, ապա Արծվիկ Մինասյանի պարագայում, որը մեկ անգամ արդեն Սերժ Սարգսյանի օրոք, Հովիկ Աբրահամյանի թիմում տնտեսության զարգացման նախարարի աթոռը զբաղեցրել էր, փաստեր էին ներկայացնում, որոնց պարագայում դժվար է միանշանակ պնդել՝ արվածը սաբոտա՞ժ է, թե՞ ոչ:

Համենայնդեպս, Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները պնդում են, որ սկսած մայիս ամսից ռուսաստանյան գործարար միջավայրից բազում առաջարկներ են եղել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու, ներդրումներ կատարելու ուղղությամբ: Ընդ որում` ոչ թե ցանկությունների առաջարկներ, այլև կոնկրետ գործողությունների: Ռուսական պետական ընկերությունը ցանկություն է հայտնել ու կոնկրետ առաջարկություն ներկայացրել Հայաստանում եղած պղնձամոլիբդենային պոչամբարների վերամշակման ուղղությամբ: Թե՛ մյուս և թե՛ վերջին առաջարկները փաստաթղթավորված ուղարկվել են ՀՀ տնտեսական զարգացման նախարարություն, և այդ ընթացքում Մոսկվայից պարբերաբար արված հարցումներին ԱԳՆ խողովակներով պատասխանվել է, որ հարցերը քննարկվում են: Ու մինչ դրսից այստեղ ներդրումներ անելու հարցերը Արծվիկ Մինասյանի կաբինետում ամիսներ շարունակ քննարկել են ու ոչ մեկի պարագայում որևէ պատասխան չի տրվել, ապա Մոսկվայում Հայաստանի դեսպանատան ու առևտրային ներկայացուցչության խնդրանքով, քաղաքի կենտրոնում Հայաստանին տրամադրված հինգ-վեց առևտրային տաղավարներից երկուսը, առանց երկար քննարկելու, նախարարը իրենով է արել: Որոնցից մեկը մինչ օրս էլ չի գործում և ծառայում է իր ընկերներից մեկին որպես կեցավայր: Հարցը հասել է այնտեղ, որ Մոսկվայի կառավարության պատասխանատուները նկարել են ընկերոջը տաղավարի փակ սենյակում սեղանների վրա քնած ու դեսպանատանը հարցում արել, թե ինչ է կատարվում այդ տաղավարում և «զարմացել», որ դեսպանության մակարդակով տարածք են խնդրել ինչ-որ երիտասարդի ննջասենյակ ծառայեցնելու նպատակով: Երիտասարդն էլ Հայաստանի ներկայացուցիչներին բացատրել է, որ էկոնոմիկայի նախարարությունում իր համար ծրագիր են գրում, շուտով դրամաշնորհ է ստանալու, որից հետո տարածքը ակտիվ կօգտագործի: Եվ այդ ամենը թավշյա հեղափոխությունից հետո, այս օրերին:

Վարչապետը հնարավորություն ունեցավ և շատ ճիշտ օգտագործեց պահը հետհեղափոխական կադրային առաջին զտումն անելու, որը քաղաքական հարթությունում էր: Այս օրերի զարգացումները (և ոչ միայն այս օրերի) ցույց տվեցին, որ գործող վարչակարգի թիմում կադրային խոտանը բավականին մեծ տոկոս է կազմում: Կառավարության նիստի ընթացքում քննարկումները, կարծիքների բախումը, անգամ տարակարծությունը հասկանալի և որոշակիորեն նաև ընդունելի է, բայց երբ հարցը հասնում է այնտեղ, որ վարչապետն իր նախարարին զգուշացնում է, որ «ասածն աբսուրդ է», դա արդեն լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Երբ վարչապետը, իր թիմը, ամբողջ ժողովուրդը խոսքները մեկ արած պնդում են, որ պետք է ընտրություններ լինեն, որպեսզի կայուն քաղաքական ու տնտեսական միջավայր ստեղծվի, որ բիզնեսը կողմնորոշվի՝ ինչ է անում, ոնց ու որտեղ է անում, իսկ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը պնդում է, որ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների, գործարարների կամ գործարարության հետ, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, դրանից ևս աբսուրդի հոտ է փչում ու մտորելու տեղիք տալիս: Նմանների բացասական ազդեցությունը իրավիճակի վրա բացասաբար ազդելու առումով բոլորովին էլ քիչ չի, քան արծվիկմինասյաններինը: Հետևաբար, քանի որ գործընթացը սկսվել է, վարչապետը պետք է խստագույնս վերանայի նաև յուրային կադրերին, որոնք հաճախ «պակաս չեն խայտառակում ռեսպուբլիկան», քան «Մոսկվայում քնածներն» ու սրանց այնտեղ ուղարկողները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache