Փաշինյանը ձևակերպեց առաջնահերթությունը. նոր կոնսենսուսի անհրաժեշտություն

28

1in.am — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշը նման կարծիք է հայտնել Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում: «Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքն ավելի ամրապնդվեց Երևանի ավագանու երեկ տեղի ունեցած ընտրություններով, որոնք աննախադեպ էին՝ առաջին հերթին նրանով, որ դրանց ընթացքում տեղի չունեցան էական, մասշտաբային խախտումներ։ Այլ խոսքով՝ ջախջախվեց ընտրությունների կեղծման ինստիտուտը, և 1999-ից հետո առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան օրինական ընտրություններ, որոնք արմատապես փոխեցին քաղաքական համակարգը, ստատսուս քվոն։

Երևանի ավագանու ընտրությունները ստեղծեցին միանգամայն նոր քաղաքական իրավիճակ՝ նոր իրողություններով։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ըստ էության հայտնվել է մրցակցությունից դուրս, և նրա համոզիչ հաղթանակը ֆորմալիզացրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը։ Պատահական չէ, որ Նյու Յորքում ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱԺ արտահերթ ընտրությունների արագ կազմակերպումը։ «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչև հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»,- ասել է վարչապետը։

Երեկվա ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նոր կոնսենսուսը պետք է ձևավորվի հնարավորինս արագ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առանցքով։ Սա բխում է երեկվա ընտրությունների արդյունքների ճանաչման իրողությունից։

Այս համատեքստում համարժեք է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո դաշնակցական գործիչը գրել է. «23.09.2018թ.-ի ընտրությունն արդար էր, առանց լուրջ ու տեսանելի խախտումների։ Ինչպես 1991-ին։ Ճիշտ էր, թե սխալ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց արդար էր։ Չուրանաք տրված քվեները։ Ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին, ամեն ժողովուրդ՝ իր ընտրած իշխանությանը։ Սա հերթական անգամ ապացուցված իրողություն է։ Արտահերթ ընտրությունն էլ թող շուտ լինի։ Երկրին օր առաջ կայունություն է պետք։ Եվ իշխանության՝ ամբողջական պատասխանատվություն»։

Ինչքան ՀՀԿ-ն դիմադրի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը, այնքան խորացնելու է քաղաքական ճգնաժամը՝ իրեն մղելով քաղաքական լուսանցք։ Ի դեպ, երեկվա ընտրություններում Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը հասարակության պատասխանն էր նախկին համակարգի ներկայացուցիչների դիմադրությանը, գործող խորհրդարանի կյանքն արհեստականորեն երկարաձգելու նրանց ջանքերին։

Երեկվա ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն կորցրել է քաղաքական համակարգում երկրորդը լինելու անփոխարինելի թվացող կարգավիճակը։ Հետհեղափոխական առաջին օրինական ընտրությունները ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանի թիմը չի կարողացել ադապտացվել նոր իրողություններին ու, ըստ էության, անկենսունակ է, երբ չեն գործում նախկին համակարգի ժամանակ գործող մեխանիզմները. խոսքը, մասնավարապես, ընտրակաշառքի մասին է։ Ավարտված ընտրություններում ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացավ գտնել հասարակությանը կոնսոլիդացնող նոր իդեաներ, ինչի հետևանքով բաց հակադրության կամ մրցակցության մեջ ակնհայտորեն պարտվեց Նիկոլ Փաշինյանի թիմին։ Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն բնույթով օլիգարխիկ կուսակցություն է ու օբյեկտիվորեն իր վրա պետք է կրեր հեղափոխության հետևանքները։ Կանխատեսելի է, որ Ծառուկյանի թիմում ուժեղանալու են կենտրոնախույս տրամադրությունները, ինչը հուշում է, որ ԲՀԿ-ն չի կարող դիմադրել արտահերթ ընտրությունների անցկացմանը, եթե անգամ նման ցանկություն ունի։

Դեմոկրատական հակակշիռ կամ ընդդիմություն դառնալու շանս է ստացել «Լույս» դաշինքը։ Այս հարթության վրա խիստ ուշագրավ է դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի ժեստը. նա երեկ երեկոյան առաջինն այցելեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ՝ շնորհավորելով ընտրությունների ֆավորիտին։ Այս քայլով «Լույս» դաշինքը ոչ միայն քաղաքական նոր մշակույթի հիմքերը դրեց, այլ նաև, ըստ էության, ստանձնեց նոր ընդդիմություն ձևավորելու իր պատասխանատվությունը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի «Լույս» դաշինքը ֆորմալիզացնի իր նոր կարգավիճակը՝ հրաժարվելով կառավարությանը մասնակցելուց և դեմոկրատական ընդդիմության դիրքերից նախապատրաստվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Լույսն» ունի հետհեղափոխական Հայաստանում դեմոկրատական ընդդիմություն ձևավորելու քաղաքական, մարդկային ռեսուրսներ։

Մյուս քաղաքական ուժերը երեկվա ընտրություններում կատարյալ ֆիասկո արձանագրեցին ու, ըստ էության, կանգնած են քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարի առաջ, եթե կարճ ժամանակում չկարողանան ձևավորել արդյունավետ օրակարգ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache