Փաշինյանը հասցրեց նյարդայնացնել Ալիևին. Նրանց առաջիկա հանդիպումը ծանր կլինի

102

hayeli.am — Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններին։ Նա, մասնավորապես ասել է. «Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդների սխալները, կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն»: Հաջիևը նաև ասել է, թե ափսոսում է, որ «Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ հանդես է գալիս հակասական հայտարարություններով»:

Մի կարևոր հանգամանք. դեռ օրեր առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր հայտարարություն արեց, որը Ալիևին կարող էր հունից հանել…

Փաշինյանը նշեց. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ի վերջո դառնալու է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս»: Այս հայտարարությունը ուղիղ նշանակում էր, որ Փաշինյանը՝ արդեն նախկին իշխանության համեմատ կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան բանակցություններում: Ավելին, այս հայտարարությունից մի քանի օր անց՝ մայիսի 9-ին Փաշինյանը մեկնեց Արցախ, փաստացի, կարևորելով Արցախն ու այնտեղ ուշագրավ հայտարարություններ արեց միջազգային ԶԼՄ-ների առջև:

Փաշինյանը Ստեփանակերտում նախ ֆիքսեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը անհրաժեշտություն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:

Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ և Ադրբեջանը, և միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու  Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ:

Այսինքն, Փաշինյանն ընդգծեց, որ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները, ասել է թե՝Հայաստանն իր վրա չի կարող վերցնել բոլոր հարցերի պատասխանը տալու պատասխանատվություն:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել Ստեփանակերտում, որին ներկա էին հայաստանյան, արցախյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և այն հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Արցախ, այլ ոչ թե որևէ գերտերություն, վերջինս ժպիտով արձագանքեց. «Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ»:

Ըստ Փաշինյանի՝ փաստն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է օգտագործել ռազմական հռետորաբանություն, ինչը ինքն իրենով բացառում է խնդրի կարգավորում, որովհետև չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու իր մտադրության մասին: «Այդ պայմաններում մեր անելիքն երկուսն է: Ավելի ուժեղացնել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը և երկրորդ` միջազգային հանրությանը կոչ անել, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք շատ հստակ արձանագրեն, որ Հայաստանը և Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի և առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ»:

Արձանագրենք, որ Արցախում ԼՂ խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խիստ կարևոր էին, սլաքներն, ինչպես ասում են՝ ճիշտ էին ուղղված:

Բաքուն այսօր, սկսել է դրանց հակադիր հայտարարություններ անել՝ հույս ունենալով բանակցություններում Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ բանակցող չի հայտնվի հայկական կողմից:

Թամար Բագրատունի



Загрузка...