Փաշինյանը ՀՀԿ-ին արժանապատիվ նահանջելու հնարավորություն էր տալիս, բայց…

0

armtimes.am —ԱԺ ԵԼՔ խմբակցության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդամների հետ ներքաղաքական կյանքի երեկվա ամենակարեւոր իրադարձությունն էր: Հանդիպումը մի կողմից հնարավորություն էր ստեղծում Նիկոլ Փաշինյանին վերահաստատել եւ իրականություն դարձնել իր այն մոտեցումը, որ ատելության էջը Հայաստանում այլեւս փակված է, մյուս կողմից՝ ՀՀԿ-ին տալիս էր հնարավորություն արժանապատիվ նահանջելու, մինչեւ վերջ չոչնչանալու, հանրության անբարեհաճությունը այդ կուսակցության նկատմամբ էլ ավելի չխորացնելու համար: Չնայած վերջին օրերին այդ կուսակցության որոշ անդամների եւ նրանց շրջապատի՝ դրսից «տղա բերելու» ուղղությամբ արած գործողություններից հետո խաղի կանոնները կարելի էր եւ փոխել, ու դա լրիվ նորմալ կդիտվեր: Բայց Փաշինյանը նույնիսկ այդ դեպքում չփոխեց իր մոտեցումները եւ համառորեն մնաց, պատկերավոր ասած՝ «ոչ ատելությանը» տրամաբանության շրջանակների մեջ:

Այդ շրջանակներից Փաշինյանը դուրս չեկավ անգամ այն պարագայում, երբ որոշ ՀՀԿ-ականներ, օգտվելով իրենց ընձեռված պատմական հնարավորությունից, որոշեցին խաղալ Փաշինյանի՝ իր իսկ կողմից իր իսկ համար մշակած սահմանափակումների վրա՝ «ոչ ատելությանը»: Օրինակ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցը, թե երբ կվերագործարկվի «Նաիրիտը»: Մեր ներքաղաքական ավանդական «արժեքների» տեսանկյունից Փաշինյանը կարող էր այս հարցին պատասխանել, օրինակ, հետեւյալ կերպ. «Այ, երբ որ ձեր կուսակցության հովանավորած որոշ հանցագործներ կվերադարձնեն տարիներով «Նաիրիտից» թալանած եւ օֆշորներ տարած փողերը, այ էն ժամանակ կկարողանանք ասել, թե երբ կվերագործարկվի»: Սա կլիներ մի պատասխան, որից հետո հանրության մի բավական ստվար հատված կցնծար՝ ՀՀԿ-ի «պորտը տեղը դնելու» կապակցությամբ: Փաշինյանը, թերեւս ուներ ՀՀԿ-ի «պորտը տեղը դնող» ավելի տպավորիչ պատասխաններ, եւ դա կասի յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ հետեւել է նրա ելույթներին ԱԺ ամբիոնից կամ հանրահավաքների հարթակներից: Բայց Փաշինյանը սկզբունքորեն չգնաց դրան: Կամ Մելիքյանի մեկ այլ հարց՝ «Ժողովուրդը երբ է լավ ապրելու»: Հնարավոր պատասխաններից կարող էր լինել, ասենք, հետեւյալը՝ «Երբ որ բոլոր կաշառակերների ու օլիգարխների գլուխները ջարդենք, տանենք, կոխենք բերդերը, սնանկացնենք, խարույկների վրա վառենք, այ էն ժամանակ ժողովուրդը լավ կապրի»: Բնականաբար, նման պատասխաններ կրկին չհնչեցին եւ չէին էլ կարող հնչել, որովհետեւ դա ոչ միայն դուրս է թավշյա հեղափոխության տրամաբանությունից, այլեւ ուղղակիորեն հակասում է դրան:

Մի խոսքով, նմանատիպ պարզունակ հարցերով ՀՀԿ-ն փորձում էր «նեղը գցել» Փաշինյանին: Իհարկե, հանրության մի փոքր հատված, որը երազում է վենդետաներ, խարույկներ, ջարդած գլուխներ, սնանկացված ու խլված բիզնեսներ, անպատժելիության ինդուլգենցիայի փոխանցում այլ անձանց, հաստատ հիասթափություն է ապրել Փաշինյանից: Բայց հաստատապես հանրության ավելի լայն հատված համոզվել է, որ թավշյա հեղափոխության առաջնորդների հիմնական նպատակները հեռատեսական են, ապահովելու են երկրի ներդաշնակ ու արագ զարգացում:

Իհարկե, մասնավորապես ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանից այլ հարցեր սպասելը անիմաստ է թերեւս: Երեկվա հանդիպման ժամանակ Փաշինյանին ավելի «ծանր» հարցեր ուղղեցին: Օրինակ, Արմեն Աշոտյանը հարցեր ուղղեց ԵՏՄ-ի վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ ժամանակին Փաշինյանը քննադատում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, իսկ հիմա ասում է թե ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ: Այս դեպքում եւս Փաշինյանը կարող էր մտնել երկարատեւ բանավեճի մեջ: Օրինակ բարձրացներ հարցը, թե ինչպես եղավ, որ ԵՏՄ-ի հետ բանակցելիս ՀՀԿ-ի ձեւավորած կառավարությունը հասավ երրորդ երկրներից շաքարի հումքի ներկրման արտոնությանը: Այսինքն, ՀՀ կառավարությունը ԵՏՄ-ի հետ բանակցելիս կոնկրետ արտոնություն հայթայթեց կոնկրետ մի գործարարի համար, որի արդյունքում այդ գործարարը ստացավ մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ, ու դա էլ ավելի ամրապնդեց նրա մոնոպոլիան: Ու այս իրողությունը ներկայացնելիս Փաշինյանը կարող էր մատը ուղղել հենց այդ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի ուղղությամբ, որը որպես ՀՀԿ խմբակցության անդամ ներկա էր հանդիպմանը: Այլ կերպ ասած, Փաշինյանը կարող էր հարցեր բարձրացնել ԵՏՄ-ի անդամակցության պայմաններում որոշ տեխնիկական բնույթի վերանայումներ անելու վերաբերյալ:

Կարելի է կասկածներ հայտնել, որ ՀՀԿ-ն հենց այսպիսի պատասխան էր սպասում, որպեսզի թմբկահարեր, թե նոր իշխանությունը Հայաստանը տանելու է ԵՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ, կրկին շահարկեր իրավիճակի աշխարհաքաղաքական բնույթի մասին իրենց իսկ հորինած թեզը եւ կրկին փորձեր արտաքին միջամտություն ապահովել Հայաստանում թավշյա հեղափոխությունը կասեցնելու համար: Բայց Փաշինյանը այս դեպքում եւս չգնաց դրան եւ չշեղվեց իր թիմի սկսած գործընթացի ճանապարհից:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ Փաշինյանը երեկ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպել էր որպես ժամանակավոր, կամ, այսպես ասենք, անցումային վարչապետի թեկնածու: Եվ այդ վարչապետի հիմնական, եթե ոչ միակ խնդիրը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների թափանցիկությունը, անկաշառությունը, հավասար մրցակցային պայմանները ապահովելն է: Իսկ հարցերը, որ ուղղվում էին Փաշինյանին, վերաբերում էին այն վարչապետի թեկնածուին, որին պետք է առաջադրի հենց այդպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանական մեծամասնությունը: Գուցե ՀՀԿ-ն արդեն համոզված է, որ Փաշինյանն է լինելու այդ վարչապետի թեկնածուն: Կամ գուցե ՀՀԿ-ն համոզված է, որ իրականում թափանցիկ ու մրցակցային ընտրությունների արդյունքում ԱԺ-ում չի կարող լինել ՀՀԿ խմբակցություն եւ իր վերջին հնարավորությունն է օգտագործում վարչապետի թեկնածուին հարցեր տալու համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache