Փաշինյանը կանխեց Ծառուկյանի հարվածը

477

irakanum.am — Մայիսի 17-ի վաղ առավոտյան ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  էր արել, տեղեկացնելով, որ «Ծառուկյան» դաշինքը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկել է մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են «անվտանգ երթեւեկություն» անվան տակ՝ տխրահռչակ արագաչափերի խայտառակ տուգանքներին, ինչպես նաեւ՝ հոծ գծերը հատելու տուգանքների վերանայմանը, ինչը տարիներ շարունակ օրական միլիոնավոր դրամներ է ուղղել կոնկրետ անձանց գրպանը։ Նաիրա Զոհրաբյանը նաեւ գրել էր, որ նույնը վերաբերում է նաեւ արագաչափերի «արձանագրած» տուգանքներին։ «Վերջին ամսվա բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն, որովհետեւ այդ գումարները չէին գնում եւ չեն գնալու պետական բյուջե»։

Միանշանակ ականջահաճո գրառում էր, սակայն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը այս նախաձեռնությամբ ըստ էության փորձ էր անում հարվածել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա նորաստեղծ կառավարությանը։ Առհասարակ ԲՀԿ-ի՝ համաժողովրդական շարժմանը միանալու, հետո արդեն կառավարությանը մաս կազմելը քաղաքագետների եւ վերլուծաբանների զգալի հատվածը գնահատեց, որպես ական դրված Փաշինյանի իշխանության տակ։ Սա ըստ էության քաջ գիտակցում է նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունից մեկ ժամ անց, տեղի ունեցած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ  նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության նիստում ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա այս հայտարարությամբ կանխեց ԲՀԿ-ի առաջխաղացումը եւ ակտիվացումը։

Նոր Կառավարությունն արդեն իսկ ձեւավորված է։ Հայաստանում հետհեղափոխական վիճակը սահուն անցել է նախընտրականի, եւ Հայաստանի կուսակցություններն ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների: Ակտիվորեն պատրաստվում է նաեւ ԲՀԿ-ն։  Տեղեկությունների համաձայն Գագիկ Ծառուկյանը,   ակտիվորեն շտաբեր է բացում մարզերում, քարոզչություն իրականացնում, որի գլխավոր թեզը հետեւյալն է՝ մենք ժողովրդի հետ ենք, մենք Նիկոլի դեմ չենք, բայց միայն Ծառուկյանը կարող է լուծել սոցիալական խնդիրները։

Սերժ Սարգսյանը հեռացել է շնորհիվ Նիկոլ Փաշինյանի եւ համաժողովրդական շարժման, Գագիկ Ծառուկյանն էլ ցանկանում է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։  Վերջինս հստակ գիտի սա։ Հետագա զարգացումներն այս առումով առավել քան հետաքրքրական են։ Քաղաքական աշունը Հայաստանում իրապես խոստանում է թեժ լինել։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache