Փաշինյանը ներկայացնում է այն ծրագիրը, որի շուրջ պատրաստ է բանակցել

0

azatutyun.am- — Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձավ իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին:

«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում: Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում: Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Եվ իշխանությունը այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին», — հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Մենք ասում ենք, որ երկխոսելն արդեն ուշ է: Поезд ушел: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ, մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ»:

Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին: Ըստ այդմ․ ֊ «1) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, 2) Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, 3) Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, 4) Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Ահա, երբ որ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

«Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել Հանրապետականի ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց, որ իրենք «վենդետաներ և վրեժխնդրություններ» չեն ուզում:

«Ես պատրաստ եմ ասել, և կարծում եմ, որ դուք կհամաձայնեք դրա հետ, որ մենք վենդետաներ և վրեժխնդրություններ չենք ուզում, և եթե Սերժ Սարգսյանը բացի իր աչքերը և օր առաջ հրաժարական տա, դա միայն և միայն օգուտ կբերի նրան և Հայաստանի Հանրապետությանը», — հայտարարեց նա:

Անդրադառնալով շաբաթ օրվա գործողություններին՝ Փաշինյանը հայտարարեց․ — «Քանի որ մեր ամենօրյա երթերը ավանդույթ են դառնում, ու վաղը շաբաթ օր է, ես ուզում եմ ասել հետևյալը, որ ես վաղը ժամը 11:00-ին քայլարշավը կսկսեմ 7-րդ Մասիվից»:

Նա նաև հորդորեց աջակիցներին՝ վաղը բոլոր գործողությունները սկսել «ուղիղ 11:00-ին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache