Փաշինյանը ժողովրդի՞, թե՞ միլիարդատերերի ընտրյալ

149

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդևազ համայնքի բնակիչները փակել էին Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխատանքները, քանի որ հանքավայրը դեռ չշահագործված բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդևազի, այլ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում և Ջերմուկ քաղաքի համար: Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ջերմուկի ավագանին, պաշտպանելով գնդևազցիների պահանջը, բազմաթիվ փաստերով հիմնավորելով, որ էկոլոգիական աղետի հետևանքով Ջերմուկը զրկվում է առողջարանային և զբոսաշրջային քաղաք լինելու հեռանկարից: Ոչ մի զբոսաշրջիկ չի այցելում բնապահպանական աղետի գոտի:

Երեկ գնդևազցիների բողոքի գործողությանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պահանջելով դադարեցնել բողոքի գործողությունները, այլապես սպառնալով դա դիտարկել որպես սաբոտաժ, ասելով, թե ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ գործողություններ իրականացնելը նույնն է, թե գործողություն իրականացնես ինքդ քո դեմ:

Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը իրեն և իր կառավարությանը նույնականացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որովհետև գնդևազցիները բողոքի գործողություններ են իրականացնում ոչ թե կառավարության, այլ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի դեմ: Փաշինյանը գնդևազցիներին առաջարկում է բողոքի ակցիաները դադարեցնել և բոլոր հարցերը լուծել կառավարության հետ քննարկումների միջոցով: Այս կոչը տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը նույնպիսի կոչով դիմեր «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատերերին և կառավարիչներին, և նրանց էլ հորդորեր դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները, մինչև հարցի կարգավորումը: Բայց երբ գյուղացիները դադարում են բողոքել, իսկ նրանց շարունակում են թունավորել, դա արդեն այնքան էլ տրամաբանական չէ:

Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնդևազցիներին կոչ անում դադարեցնել պայքարը՝ ընդդեմ իրենց գյուղն ու տարածաշրջանը բնապահպանական աղետի գոտի վերածող հանքավայրի շահագործման, ինչու նա որպես թավշյա հեղափոխության առաջնորդ չի կանգնում այն մարդկանց կողքին, որվքեր դեռ երկու շաբաթ առաջ իր կոչով փողոցներ էին փակում, հույս ունենալով որ կազատվեն «Լիդիան Արմենիա»-ից: Հնարավոր մի քանի տարբերակ կա, բայց մենք կքննարկենք դրանցից երկուսը: Հնարավոր է, որ Փաշինյանը հասկանում է, որ չի կարող «Լիդիան Արմենիա»-ին զրկել հանքավայրի շահագործման լիցենզիայից: Որովհետև որքան էլ նրա կառավարությունը նոր լինի, ու իշխանության եկած լինի հեղափոխական ճանապարհով, միևնույն է, պետք է կատարի նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները: Եթե նոր կառավարությունը զրկի «Լիդիան Արմենիա»-ին հանքավայրը շահագործելու լիցենզիայից, «Լիդիան Արմենիա»-ն կարող է դիմել միջազգային դատական ատյաններ և պահանջել, որ Հայաստանի կառավարությունը փոխհատուցի իր կատարած բազմամիլիոնանոց ներդրումները և կրած վնասները: Հայաստանի կառավարությունը դա թերևս չի կարող անել, քանի որ բյուջեում նման վնասներ փոխհատուցելու համար գումարներ չկա:

Հայ բնապահպաններից մեկը, անհայտ մնալու պայմանով, մեզ ներկայացրեց Գնդևազի բնակիչների բողոքը ճնշելու մեկ այլ բացատրություն, որը թերևս ավելի տրամաբանական է թվում: Ըստ մեր զրուցակցի՝ «Լիդիան Արմենիա»-ի հիմնական բաժնետերերից մեկը որպես ֆլիանտրոպ ու մեկենաս հանդես եկող Ռուբեն Վարդանյանն է: Վարչապետ Փաշինյանը արդեն իսկ գործարքի է գնացել Վարդանյանի հետ, նրա հովանավորյալ Էրիկ Գրիգորյանին նշանակելով բնապահպանության նախարար: Էրիկ Գրիգորյանը մինչ այդ էլ զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ այդ կերպ ներկայացնելով Վարդանյանի շահերը հանքարդյունաբերության ոլորտում: Մեր զրուցակիցը ասում է. «Եթե Փաշինյանը համաձայնվել է Ռուբեն Վարդանյանի հովանավորյալի համբավ ունեցող մարդուն նշանակել բնապահպանության նախարար, նշանակում է, ոչ մի պարագայում նա չի կարող կանգնել ժողովրդի կողքին, որովհետև արդեն կատարել է իր ընտրությունը՝ կանգնելով միլիարդատիրոջ կողքին»: Ամուլսարի բողոքի ակցիան այն փորձաքարն է, որը շատ արագ բացահայտելու է, թե ում է իրականում ծառայելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ ժողովրդի՞ն, թե՞ միլիարդատերերին:

Ընդհանրապես, ցանկացած իշխանություն հանդես է գալիս ժողովրդի անունից. Մեկը ասում է, որ ինքը ներկայացնում է ժողովրդին, քանի որ ստացել է ընտրողների 60 տոկոսի քվեն, մյուսը ասում է, որ իշխանության է եկել համաժողովրդական շարժման ալիքի վրա: Բայց սա չէ կարևորը, կարևորը այն է, թե այդ իշխանությունը իսկապե՞ս ծառայում է ժողովրդին, թե՞ ոչ: Օրինակ՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, իշխանության գալուց անմիջապես հետո օրենք ընդունեց երկրի ամբողջ գազային արդյունաբերությունը ազգայնացնելու մասին, ու թեև նա վաստակեց հանքարդյունաբերողների թշնամանքը, որը շարունակվում է նաև այսօր, սակայն վաստակեց սեփական ժողովրդի հարգանքն ու վստահությունը՝ 2006թ. մինչև այսօր լինելով այդ երկրի նախագահը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache