Փաշինյանի բացահայտումը Պուտինի հետ հանդիպումից հետո. Խնդիրը լուծված է

98

Էխո Մոսկվի ռադիոկայանի գլխավոր խմբագիր Բենեդիկտովին տված հարցազրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նրա հետ հանդիպումն ու շփումը իրականում շատ ավելի հեշտ ստացվեց, քան ինքը պատկերացնում էր մինչ այդ: Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինը անկեղծ ու բաց զրուցակից է, ինչը բարեկամության առանցքն է:

Նիկոլ Փաշինյանը թերեւս ինքն էլ անկեղծ է այդ գնահատականում, որ ինքը մինչ այդ պատկերացնում էր ավելի բարդ մարդ, ավելի բարդ շփում: Դա զարմանալի չէ: Հնարավոր է վստահաբար ասել, որ Հայաստանում այդպես է պատկերացնում թե քաղաքական գործիչների, թե հանրության զգալի մասը:

Իսկ Սերժ Սարգսյանը նախագահության մեկնարկում կուսակցական կլոր սեղաններից մեկի ժամանակ, պատասխանելով մաքրսիստ Դավիթ Հակոբյանին, ընդհանրապես ավելի բաց ասել էր, թե՝ «արա, գիտես հեշտ է Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»:

Նիկոլ Փաշինյանն այժմ ասում է, որ ավելի հեշտ է, քան թվում էր մինչ խոսելը: Սերժ Սարգսյանն իհարկե գնահատում էր խոսելուց հետո, այսինքն նա խոսել էր, ու դրանից հետո էլ կարծում էր, որ հեշտ չէ: Դա էլ զարմանալի չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանը մինչեւ Պուտինի հետ խոսելը եւ դրանից հետո էլ ուներ լեգիտիմության խնդիր, նրա թիկունքին չկար հասարակություն, ժողովուրդ:

Նիկոլ Փաշինյանի թիկունքին այն կար, բայց մինչեւ Պուտինի հետ խոսելը նա փաստորեն «չէր հավատում» իր իսկ թիկունքում լեգիտիմ ուժին: Նիկոլ Փաշինյանը դրան փաստացի հավատացել է, կամ այդ ուժն արդեն ամբողջությամբ գիտակցել է Պուտինի հետ զրույցներից հետո, որից հետո այժմ ասում է, թե դրանք իրականում ավելի հեշտ զրույցներ էին, քան պատկերացնում էր մինչ այդ:

Շատերն են թերահավատ վերաբերում լեգիտիմության ուժին, այն մտքին, թե Պուտինը կարող է տեղի տա դրան, թե հնարավոր է լեգիտիմությամբ լուծել մեծ հարցեր: Ինչ խոսք, ուժային կենտրոնների հետ հարաբերությունում առանցքայինն այն չէ, թե ինչքանով է տվյալ պետության առաջնորդը լեգիտիմ: Առաջնայինն այն է, թե ինչքանով են համադրվում շահերը: Այդ դեպքում լեգիտիմության բացակայությունն էլ չի խանգարում դաշնակցային հարաբերությանը:

Ամբողջ խնդիրը թերեւս այն է, որ Հայաստանի պարագայում այդ շահը հենց լեգիտիմությունն է, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանությունը խոշոր հաշվով խնդիր էր դարձել նաեւ Ռուսաստանի համար, որը աշխարհքաղաքական համատեքստում ընկալվում է իբրեւ Հայաստանի ու ռեգիոնալ անվտանգության, կայունության միջազգայնորեն լեգիտիմ պատասխանատու:

Ռուսաստանն ունի բազմաթիվ լծակներ, որպեսզի Հայաստանը պահի իր պատասխանատվության տիրույթում: Ըստ այդմ, Հայաստանում լեգիտիմ իշխանությունը Ռուսաստանի համար ազդեցության կորստի վտանգ չէ, ինչպես ընդունված է համարել:

Այդպիսի իշխանությունը ՌԴ համար այժմ նույնիսկ անհրաժեշտություն է, որովհետեւ ոչ լեգիտիմ համակարգը Հայաստանը քայքայում էր ահռելի ծավալներով ու խորությամբ, ինչը չափազանց բարդ խնդիրների առաջ էր դնելու առանց այդ էլ իր խնդիրների բարդ հանգույցով զբաղված Ռուսաստանի համար:

Սերժ Սարգսյանը փորձեց այդ հանգամանքը օգտագործել Կարապետյանների գործոնով, սակայն Մոսկվան արագ հասկացավ, որ Սարգսյանը պարզապես խորամանկել է, ժամանակ եւ քարտ-բլանշ ստացել՝ որը Պուտինը շատ հստակ տվեց 2017 թվականի մարտին, բայց բացարձակապես պատրաստ չէ իրականացնել խորքային ռեֆորմացիա, որը թույլ կտա Ռուսաստանին անընդհատ չունենալ Հայաստանի տագնապը, որ ամեն պահի կարող է պետք լինել շտապ օգնություն, իսկ ինքն էլ հանկարծ ուշանա: Սա քաղաքական ու անվտանգային բարդ շերտերի հարց է, որոնք Հայաստանում չեն դիտարկվում, եւ ամեն ինչ հանգում է Արեւմուտք-Ռուսաստան պարզունակ դիլեմային:

Մինչդեռ խորքային ու բազմաշերտ այդ իրողությունների համադրումն էր պատճառը, որ Ռուսաստանը չդիմադրեց Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը, դրանում չդիտարկելով ռազմավարական վտանգներ, իհարկե նաեւ շնորհիվ այն աշխատանքի, որ հեղափոխության առաջնորդը կատարեց այդ վտանգները չառաջացնելու կամ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ:

Խոշոր հաշվով, այդ ամենն է, որ դյուրացրել է Պուտինի հետ Փաշինյանի շփումը, ցրել է մինչ այդ եղած պատկերացումը: Այլ կերպ ասած՝ շփումը դյուրացրել է քաղաքականությունը, երբ Պուտինը թերեւս արձանագրել է, որ Փաշինյանն անձնական հարցեր լուծելու համար չէ, որ զբաղեցնում է իր ժամանակը, այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ի տարբերություն Հայաստանի նախորդ բարձրաստիճան դեմքերի:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache