Փաշինյանի իշխանության Հուվերը. ի՞նչ է անելու Վանեցյանը իր քաղաքական կապիտալը

324

Politik.am —  Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում ուշադրության կենտրոնում են ԱԱԾ մի շարք գործողություններ, որոնք մեծ աղմուկի պատճառ են դառնում: ԱԱԾ-ն իր գործողությունների թիրախ է դարձնում նախկին իշխանությունների կարկառուն դեմքերի, որոնց երկու ամիս առաջ այդ դերում պատկերացնելը շատ դժվար կլիներ: ԱԱԾ տնօրեն Վանեցյանը կարողացել է վստահ գործչի համաբավ ձեռք բերել: Նա գիտի ինչ է անում և որ ամենակարևորն է մինչ այս պահը ապացուցել է, որ իր համար փակ դռներ չկան:

Վանեցյանի ղեկավարության տակ գտնվող ԱԱԾ գործողությունները մեզ մտովի տեղափոխում են 1930-ականների ԱՄՆ: Այդ տարիներին ԱՄՆ-ում ծաղկում էր կազմակերպված հանցավորությունը: Կարելի է ասել, որ  հանցագործները որոշում էին ամեն բան:

Անգամ Դատավորներն այդ տարիներին վախենում էին որոշումներ կայացնել հանցագործների դեմ և եթե իրավապահ մարմինները նույնիսկ ձերբակալում էին նրանց, ապա նրանք շատ հանգիստ ազատ էին արձակվում դատարանների դահլիճներից:

Այս պատկերը մեզ բոլորիս ծանոթ է, այն շատ նման է ՀՀԿ-ական իշխանության տարիներին ստեղծված իրավիճակին, որն առկա էր Հայաստանում: Հանցագործները, որոնք եկել էին իշխանության, անում էին ինչ ցանկանային ու երբ ցանկանային և ամեն անօրինական քայլ նրանց ներելի էր:

ԱՄՆ-ում  հանցավորության դեմ պայքարում կտրուկ իրավիճակ փոխեց Հետաքննությունների Դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI) երիտասարդ ղեկավար Ջոն Էդգար Հուվերը: Նա՝ անցնելով աշխատանքի, կտրուկ փոխեց իր ղեկավարած կառույցի քաղաքականությունը: Հուվերը կարողացավ հասնել նրան, որ իր աշխատակիցները զենք կրելու իրավունք ունենան: Հանցագործների հետ կոմպրոմիսի չեր գնում և շատ կոշտ քայլեր էր ձեռնարկում հանցավոր խմբավորումների դեմ: Ի վերջո Հուվերին հաջողվեց կոտրել իրավիճակը և հանցագործները սկսեցին վախենալ օրենքի ուժից:

Նույնն այս պահին անում է ԱԱԾ երիտասարդ տնօրեն Վանեցյանը: Նա մեռած ԱԱԾ-ին նոր շունչ է տվել: ՀՀ ԱԱԾ-ն էլ՝ 1930-ականների Հետաքնությունների Դաշնային Բյուրոյի նման ձևական կառույց էր: Իհարկե օրենքով նա ուներ մեծ լիազորություններ, սակայն այդ լիազարությունները մնում էին միայն թղթի վրա գրված: ԱԱԾ-ն չէր զբաղվում (մասնագետներն են այդպես պնդում) արտաքին հետախուզությամբ, իսկ երկրի ներսում կառույցը զբաղվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչների և ուժերի դեմ գործողություններ իրականացնելով:

Իսկ, ահա, Վանեցյանի նշանակումից հետո ԱԱԾ-ն գոնե երկրի ներսում սկսել է իրական պայքար մղել հանցավորության դեմ: Առաջին աղմկոտ պատմությունը կապված է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեղինակությունը մեծ արագությամբ աճում է, ինչպես ժամանակին ԱՄՆ ՀԴԲ  տնօրեն Ջոն Էդգար Հուվերի հեղինակությունը: Այդ հեղինակությունը ձեռք է բերում նաև քաղաքական քաշ, որը ինչ որ ժամանակ արտահայտվելու է ՀՀ ներքաղաքական կյանքում: Մնում է հուսալ, որ Վանեցյանը Գուվերի նման իրեն պետության ղեկավարից վեր չի դասի ու չի փորձի իր ձեռքի տակ եղած տեղեկություններով ճնշել նաև երկրի ղեկավարներին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache