Փաշինյանի կառավարությունը օլիգարխների արցունքներին չի հավատում

163

1in.am — Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր մասնակցել է Բաշ-Ապասրանի հերոսամարտի 100-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին և հանդես է եկել ծրագրային հայտարարություններով: Նա ասել է, որ անհնար է համարում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հետևաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: «Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»,-ասել է Ավինյանը:

Սա թավշյա հեղափոխության ամենակարևոր ուղերձներից, նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է, որն իր արտացոլումը պետք է գտնի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներում: Ընդ որում` Ավինյանի խոսքը հստակ է` առանց վերապահումների և ենթադրվում է, որ այս ուղերձը հավասարապես վերաբերում է ինչպես ՀՀԿ օլիգարխիային, այնպես էլ` Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանին: Համենայն դեպս, թավշյա հեղափոխության օրակարգը չի ենթադրում կոմպրոմիս օլիգարխիկ որևէ սեգմենտի հետ:

Ի դեպ, հատկանշական է, որ փոխվարչապետի այս հայտարարությունը հաջորդել է ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի օրերս հնչեցրած հավակնոտ հայտին, թե առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունը հավակնում է մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Շատ հնարավոր է` Փաշինյանի թիմի ազդեցիկ ներկայացուցիչն այսօր անուղղակիորեն արձագանքել է հենց Զոհրաբյանին` վերջինիս հասկացնելով, որ ԲՀԿ-ն` Ծառուկյանի դեմքով, տեղ չունի նոր Հայաստանի քաղաքական համակարգում:

Իհարկե, Ավինյանի այսօրվա խոսքի ուղղակի հասցեատերը Սամվել Ալեքսանյանն է, ով ավանդաբար ապարանյան միջոցառումների հիմնական կազմակերպիչն է ու այսօր էլ ընկերակցել ու նույնիսկ զրուցել է Ավինյանի հետ: Ի դեպ, ուշագրավ է, որ փոխվարչապետի ոչ երկիմաստ հայտարարությունից հետո Սամվել Ալեքսանյանը լրագրողների ճշտող հարցին, թե հիմա արդեն միայն բիզնեսո՞վ է զբաղվելու, կարճ պատասխանել է` այո:

Ալեքսանյանի պատասխանը խիստ ուշագրավ է և առնվազն վկայում է Հայաստանում ձևավորած նոր իրողությունների մասին: Ըստ ամենայնի` ԱԱԾ հակակոռուպցիոն գործողություններն արդեն հանգեցրել են կիրառական հետևանքի. քրեաօլիգարխիկ համակարգում նկատվում են խուճապի և քաոսի ընդգծված տրամադրություններ, որոնք արդեն առաջիկա շաբաթներին անխուսափելիորեն հանգեցնելու են ՀՀԿ նույնիսկ ֆորմալ մեծամասնության փլուզմանը խորհրդարանում: Խորհրդարանը` նույնիսկ այսօրվա կազմով, ավելի հնազանդ է դառնալու հեղափոխական ժամանակավոր կառավարությանը, ինչը ենթադրում է, որ սեղմ ժամկետներում հնարավոր է ընդունել ԸՕ կոնսոլիդացված տարբերակ և նախապատրաստել արտահերթ ընտրություններ:

Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակված չէ հավատալ օլիգարխիայի «արցունքներին», համենայն դեպս` մինչև այն պահը, քանի դեռ վերադարձված չեն պետությունից թալանված գումարները: Այս համատեքստում պետք է դիտարկել Ավինյանի այսօրվա մյուս ուշագրավ հայտարարությունը: Նա ասել է, որ նոր Հայաստանում պաշտպանվելու է օրինական սեփականությունը: Սա առնվազն ենթադրում է, որ օլիգարխներից յուրաքանչյուրն անհատականացված լեգալ ընթացակարգերի միջոցով պետք է «մաքրի» իր բիզնեսը` այսպես կոչված, հաշտության տուրքով նվաճելով հասարակական համերաշխության սուբյեկտ դառնալու իրավունքը:

Հայաստանում տրված է օլիգոպոլ համակարգի կազմաքանդման գործընթացի մեկնարկը, որտեղ, այսպես կոչված, մենեջմենտը վերապահված է ԱԱԾ-ին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache