Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգը շատ իրատեսական եմ համարում. Հայկ Մարտիրոսյան

0

armtimes.am — Մայիսի 8-ին տեղի է ունենալու ՀՀ վարչապետի արտահերթ ընտրությունը: Այս պահին վարչապետի պաշտոնում առաջադրված է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ եթե վերջինս ընտրվի վարչապետ, ապա, ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ նշանակվելուց և Կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին պետք է ներկայացնի Կառավարության ծրագիր: Այդ ծրագիրը եւս հաստատվում է քվեարկությամբ՝ արդեն յոթ օրվա ընթացքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե խորհրդարանը հավանության չի արժանացնում Կառավարության ծրագիրը, ապա Ազգային ժողովը լուծարվում է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի երրորդ մասի, այն է՝ «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Իսկ Կառավարության ծրագրին հավանություն տալու դեպքում Ազգային ժողովը չի լուծարվելու, եւ խորհրդարանական մեծամասնություն մնալու է Հանրապետական կուսակցությունը: Այդ պարագայում կարող է առաջանալ քաղաքական ճգնաժամ, որովհետեւ հնարավոր է՝ ՀՀԿ-ն տապալի ձեւավորվելիք Կառավարության օրենսդրական փոփոխությունները:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը քաղաքական կազուսն այս դեպքում հնարավոր սցենար է համարում: Վերջինս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակից պետք է դուրս գա ինչ-որ հնարք կիրառելով.

«Փաշինյանը պետք է հնարք կատարի և այնպիսի տեսքով ծրագիր ներկայացնի, որը հաստատելն ուղղակի անհնար կլինի: Ասենք` ասի, որ իր ծրագիրը բաղկացած է մեկ արտահայտությունից. «Բարև ձեզ», կամ, որ այն տանն է մոռացել: Կամ էլ ծրագրում պետք է ասվի, որ Հայաստանը պիտի ողջ բյուջեն տրամադրի` Լուսին թռիչք կազմակերպելու համար»,-ասաց քաղաքագետը:

Մարտիրոսյանի կարծիքով՝ Հանրապետականներին ձեռնտու է լինելու խորհրդարանի՝ ամեն գնով պահպանումը, որպեսզի հետո նրանք հեղաշրջում կատարեն Փաշինյանի դեմ.

«Վարչապետ Փաշինյանի իշխանության պայմաններում Կառավարության ծրագրի տապալումն ու Ազգային ժողովի ցրումը թերևս եզակի ճիշտ լուծումներից է լինելու: Կա մի փաստ. կարող են մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել, բայց այն, որ ամեն գնով փորձելու են իշխանությունից զրկել նրան` անհերքելի է: Առկա կառուցվածքով խորհրդարանական դավադրությունների հնարավորություններն անսպառ են: Իսկ ամենավտանգավորը` Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգն է, որը ես հիմա, ցավոք սրտի, շատ իրատեսական եմ համարում: Եվ այդ վտանգը պահպանվելու է նրա վարչապետության օրոք ևս: Ցավոք»,-նշում է Հայկ Մարտիրոսյանը:

Մեր հարցին՝ Մարտիրոսյանի կարծիքով՝ ինչպե՞ս կվարվի Հանրապետական խմբակցությունը, ի՞նչ կարող ենք սպասել, քաղաքագետն ասաց, որ ամեն ինչ պետք է սպասել.

«Պետք է սպասել մի նոր դավադրություն, նոր հանցանք, նոր աղտոտ խաղ: Բայց հնարավոր է նաև, որ քվեարկեն: Եվ դա կնշանակի, որ Հանրապետականներն այս պահին որոշել են հանդարտեցնել ժողովրդին, բայց պլան «Բ» ունեն: Անհրաժեշտ է հասկանալ, որ այս պահին իշխող ուժը երբեք չի հարմարվելու սեփական պարտության հետ և քանի դեռ լծակներ ունի` ռևանշի է հասնելու: Նաև` Նիկոլ Փաշինյանի ընտրության պահից իր և ժողովրդի առջև ծառացած վտանգները նույնն են մնալու: Դրանք նոր, առավել բարդ տեսք են ընդունելու, բայց Փաշինյանը դրանք հաղթահարելու հնարավորություն է ունենալու: Հեղափոխությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ առկա ողջ համակարգը կազմալուծվի և փոխարինվի նոր` իսկական ժողովրդավարական համակարգով: Առայժմ միայն մոտենում ենք առաջին փուլի հաղթանակին` իշխանության փոխանցմանը` ժողովրդի լեգիտիմ առաջնորդին: Հուսանք այդ փոխանցումն իրոք տեղի կունենա»,-մեր զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:



Загрузка...