Փաշինյանին կհաջողվի Արցախում կայունություն ապահովել. փորձագետները դրական են գնահատում Բակո Սահակյանին «անվերապահ աջակցելու» հայտարարությունը

94

Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քաղաքական կուրսին, Ստեփանակերտում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Փաշինյանը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փուլում Փաշինյանի այցն Արցախ չափազանց կարևոր է. «Միանշանակ է, որ Արցախի կայունությունն ամենակարևոր հանգամանքն է։ Գիտեք, որ լարված իրավիճակ է արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և կարծում եմ, որ կայունության ապահովման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր առաքելություն իրականացրեց՝ մեկնեց Արցախ և շատ կարևոր հարցերի պատասխաններ տրվեցին։ Նա զգոնության և կայունության կոչ արվեց։ Ես գնահատում եմ նրա այցն ու մեսիջը հենց այդ տրամաբանության շրջանականերում։ Արցախում ամենակարևորն այս պահին ստաբիլ իրավիճակն է»,- ընդգծեց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, թե Փաշինյանը միջամտում է Արցախի ներքին գործերին. «Գիտեք, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հանրության ուշադրության կենտրոնում են՝ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի։ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ 2020 թվականից հետո նախագահի պաշտոնին չի հավակնելու և չի լինելու պետական կառավարման համակարգում։ Սա նշանակում է, որ այն լարվածությունը, որ կար Արցախում, նաև թուլացավ վերջին պաշտոնանկությունների արդյունքում։ Կարծում եմ՝ Փաշինյանի ամենակարևոր նպատակը հենց Արցախի ստաբիլության ապահովումն էր, ինչը և մեծ հաշվով նրան կհաջողվի»։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու հատկապես ղարաբաղյան կարգավորման շուրջ Փաշինյանի մոտեցումներին, Սուրեն Սարգսյանը նշեց. «Ես բազմիցս խոսել եմ այդ մասին ու նշել, որ Փաշինյանի ասածը թե՛ իրավական, թե՛ քաղաքական և թե՛ միջազգային իրավունքի ու բարոյական տեսանկյունից տրամաբանված ու ընդունելի է, որովհետև Արցախը, այսպես թե այնպես, չի կարող չլինել բանակցային գործընթացի կողմ։ Արցախցու կարծիքը չի կարող հաշվի չառնվել խնդրի կարգավորման այս կամ այն փուլում, ու Փաշինյանի առաջ քաշած այս թեզը բոլոր առումներով հիմնավոր է։

Այլ հարց է, թե դրան ինչ հիմնավորում կտա Բաքուն, և այլ հարց է, թե ինչ բանակցային ձևաչափ կձևավորվի այն ժամանակ, երբ Փաշինյանի ու Ալիևի առաջին հանդիպումը լինի, և երբ կողմերը կքննարկեն նաև այն հարցը, որ Փաշինյանն առաջ է քաշել։ Ինչ վերաբերում է համանախագահող պետություններին, ապա պետք է հաշվի առնենք Լավրովի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը որևէ վերապահում չի ունենա, եթե ձևաչափը փոխվի։ Կարծում եմ՝ այդ նույն հայտարարությունը կանեն նաև Ֆրանսիան և Միացյալ Նահանգները»։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե միջամտություն է, այլ աջակցություն։ «Ես դրական եմ գնահատում։ Այնտեղ ընթանում էին ներքաղաքական գործընթացներ, որոնք ինչ-որ պահի կարող էին անցանկալի ցնցումների հանգեցնել։ Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունը հստակ ազդակ էր։ Այո՛, այնտեղ պետք է փոփոխություններ լինեն, բայց շատ սահուն։ Այսինքն՝ այդ հայտարարությունն աջակցություն էր Բակո Սահակյանին, որպեսզի մինչև 2020 թվականը արմատական բարեփոխումներ անի բոլոր բնագավառներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, թե Արցախում հնչում են գնահատականներ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ նաև Արցախի վրա և այնտեղ ևս անհրաժեշտ են փոփոխություններ, Արմեն Բաղդասարյանն արձագանքեց. «Սկզբունքորեն այո՛, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ չի կարող շրջանցել Ղարաբաղը. խնդիրն ընդամենը արագությունն է։ Այսինքն՝ այնտեղ պետք է ավելի սահուն ու անցնցում լինի։

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ հարցում էր աջակցություն հայտնում՝ մինչև 2020 թվականը արցախյան իրողությունները հայաստանյան իրողությունների հետ նույն հարթության վրա բերելու համար»։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache