Փաշինյանն ու Ալիևը կլինեն նույն տեղում․ հնարավո՞ր է նրանց հանդիպումը

118

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ կատարել է իր քաղաքացիական պարտքը և աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Փաշինյանի ամերիկյան այցի ինտիրգներից մեկը կապված էր նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հետ։ Հայկական կողմն ամիսներ շարունակ աշխատել է այս հանդիպումը կայացնելու ուղղությամբ, անգամ այդ նպատակով ԱՄՆ էր այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սակայն Փաշինյանի ամերիկյան այցից մի քանի օր առաջ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը խոստովանեց, որ Փաշինյան-Թրամփ հանդիպում կկայանա ավելի ուշ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում այն կազմակերպել հնարավոր չի եղել։ Իհարկե, տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու ամերիկյան կողմն այս պահին նպատակահարմար չգտավ նման հանդիպումը։ Ոմանք պնդում են, որ Վաշինգտոնն ունի այլ առաջնահերթություններ և Հայաստանն ակնհայտորեն չի մտնում դրանց մեջ, մանավանդ որ հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մյուսներն ասում են՝ Վաշինգտոնին զայրացրել է Սիրիա զինվորականներ ուղարկելու Հայաստանի որոշումը։ Դժվար է ասել, թե վարկածներից որն է առաջնայինն, ամեն դեպքում՝ Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանալու։

Սակայն Նյու Յորքում սպասվում է մեկ այլ հանդիպում, այս անգամ՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի մասնակցությամբ, որը պետք է բանակացություններ վարի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։ Այս հանդիպումը հատկապես ուշագրավ է առաջնագծում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին։ Երևանից ու Բաքվից հնչում են փոխադարձ մեղադրանքներ ու այնպիսի տպավորություն է, որ կողմերը պատրաստվում են ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ՝ պատերազմի։ Երեկ հայկական զինված ուժերը ունեցան հերթական կորուստը, այս անգամ՝ Արցախում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Ադրբեջանական կողմն իր կորուստների մասին չի բարձրաձայնում, սակայն օրեր առաջ Շենգավիթի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատասխան գործողությունների արդյունքում խոցել է ադրբեջանցի երեք զիվորի։

Տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում շարունակելու է աշխատանքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ձեռք բերված օրակարգերի վրա։ Միևնույն ժամանակ՝ վստահաբար կարելի է պնդել, որ Մամեդյարովը ԱՄՆ է ժամանում միանգամայն այլ օրակարգով, ինչն առիթ չի տալիս մեծ սպասելիքներ ունենալ արտգործնախարարների հանդիպումից։ Առավել ևս, գրեթե անհնար է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարողանան համաձայնությունների հանգել՝ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Միակ չափավոր սպասելիքը, որ կարելի է ունենալ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից, այն է, որ այն գուցե որոշ չափով մեղմի կողմերի կոշտ հռետորաբանությունն ու սահմանային լարվածությունը՝ թեև այս հարցում էլ ակնկալիքներ առանձնապես չկան։

Ի դեպ, ուշագրավ է, որ շաբաթվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միասին մասնակցելու են ԱՊՀ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Դուշանբեում։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ռուսական կողմը կփորձի կազմակերպել երկու առաջնորդների առաջին հանդիպումը, թե՞ Մոսկվան ձեռնպահ կմնա նման նախաձեռնությունից՝ կանխատեսելով այս պահին դրա անարդյունավետ ելքը։

Ինչևէ, հաջորդ շաբաթ ակտիվություն է նկատվելու Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և հույս ունենք, որ դիվանագիտական ջանքերը կբերեն պատերազմի ռիսկերի նվազեցմանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache