Փաշինյանները պատի առաջ կանգնեցրին Ալիեւներին

96

Հայաստանի վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Մոսկվա այցի շրջանակում հանդես է եկել նախաձեռնությամբ: Տրետյակովյան պատկերասրահում հանդիպում կազմակերպելով ռուսաստանցի հասարակական-քաղաքական, մեդիա շրջանակներ ներկայացնող տարբեր կին գործիչների, այդ թվում խորհրդարանի անդամների հետ, Աննա Հակոբյանը խոսել է Արցախի խնդրի եւ պատերազմի վտանգ առաջացնող լարվածության մասին, հայտարարելով «Կանայք հանուն խաղաղության» շարժում սկսելու մասին եւ կոչ անելով ռուսաստանցի կանանց միանալ շարժմանը:

«Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել եւ իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայ եւ որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն», ասել է Աննա Հակոբյանը, խոսելով այն մասին, որ հավասարապես մտահոգ է թե հայ, թե ադրբեջանցի 18-ամյա զինվորների կյանքի համար, որ սպառնալիքի տակ կարող է դնել պատերազմով հարց լուծելու որեւէ քայլ:

Աննա Հակոբյանը կոչ է արել ռուսաստանցի կանանց այցելել Հայաստան, Արցախ, ու նաեւ Բաքու մեկնել եւ «Կանայք հանուն խաղաղության» շարժումը տարածել նաեւ այն կողմում, քանի որ ինքը չունի դրա հնարավորությունը, իսկ նրանք ունեն եւ կարող են:

Վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը տպավորիչ է՝ թե մարդասիրական, թե դիվանագիտական հարթության վրա: Այն հետաքրքիր ձեւով լրացնում է ռազմա-քաղաքական հարթության վրա Երեւանի դիրքորոշումների վերանայումը՝ Ադրբեջանի ռազմատենչությանն ու ագրեսիվությանը համարժեք:

Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը նկատելիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը եւ վարչապետի, պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել, որ ամենեւին խաղաղություն մուրացող չէ եւ պատրաստ է Ադրբեջանը զրկել «պատերազմի մենաշնորհից», եթե Բաքուն որոշի եւս մեկ անգամ անել պատերազմով Արցախի խնդրում որեւէ հարց լուծելու փորձ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում մասնակցելով արտերկրում ուսանած սպաների վկայականների հանձնման արարողությանը, հայտարարել էր, որ նրանք Հայաստանի ապագա հաղթանակները կերտողներն են, ասելով, որ հայ ժողովուրդը հաղթել է եւ որեւէ մեկը չի կարող խլել այդ հաղթանակը թե ներսում, թե դրսում:

Երեւանը բավական հստակ, ռազմա-քաղաքական իրավիճակին լիովին համարժեք փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը, քանի որ միայն Ադրբեջանին «մենաշնորհից» զրկելը կստիպի Բաքվին հաշվի նստել մրցակցի, մրցակցության հետ եւ ըստ այդմ ավելի շատ մտածել խաղաղության մասին:

Միեւնույն ժամանակ, հայտարարվում է վարչապետի տիկնոջ խաղաղության նախաձեռնության մասին, այդպիսով ամբողջացնելով Երեւանի նոր ռազմա-քաղաքական կոշտությունն ու դիրքավորումը: Միաժամանակ դրանով հստակ ընդգծվում է, որ իրականում այդ կոշտությունը խաղաղության գինն է, ու Հայաստանը ռեգիոնալ անվտանգության համար պատասխանատու բոլոր կենտրոններին, եւ առաջին հերթին Ռուսաստանին ներկայացնում է ոչ թե պատասխան շանտաժ, այլ խաղաղության դիվանագիտության աննախադեպ փաթեթ, խաղաղության դիվանագիտության պատրաստակամություն եւ նվիրվածություն՝ միաժամանակ այդ խաղաղությունը ուժով պահպանելու պատրաստակամությամբ:

Երեւանն այդպիսով բավական պատասխանատու խնդրի առաջ է դնում Բաքվին: Այստեղ թերեւս արժե նայել փոքր ինչ հետ, երբ Ադրբեջանում առաջին փոխնախագահ նշանակվեց Ալիեւի տիկինը՝ Մեհրիբան Ալիեւան: Այդ շրջանում նա արեց մի շարք հայտարարություններ, թե թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանում  հայերը ներկայացվեն իբրեւ թշնամի, ձեւավորվի այդպիսի կերպար եւ այլն:

Իրականում Ալիեւայի այդ հայտարարությունները մեղմ ասած հակասության մեջ էին հենց ամուսնու քաղաքականությանը, որը գործնականում անձամբ է քարոզում հայատյացություն: Ի՞նչ էր ուզում անել Ադրբեջանը, երկակի խա՞ղ խաղալ Ալիեւ ամուսիններով, թե՞ այդուհանդերձ Մեհրիբան Ալիեւան իրապես համաձայն չէր ամուսնու քաղաքականությանը, տեսնելով ուղղակի դրա վտանգավորությունն ու փակուղայնությունը:

Փաշինյանները փաստացի պատի առաջ են դնում Ալիեւներին: Դա կարող է լինել նրանց համար ուղղակի թե անուղղակի «գնդակահարության» պատ, եթե այդուհանդերձ որոշեն գնալ ռազմատենչության գեներացման ճանապարհով: Իսկ թե ինչ կարող է լինել այդ դեպքում՝ Ալիեւը թերեւս բավական ցավոտ շոշափեց Մինգեչաուրի եւ Գյանջայի դեպքերից հետո: Կամ դա կլինի խաղաղության ու երկխոսության պատը: Գնդակը Մեհրիբան Ալիեւայի դաշտում է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache