good-banner
Լրահոս

Փաստորեն ծաղկում ենք՝ «վրաներս խաբար չկա»

 

Հայաստանում զբոսաշրջության մասին տվյալներն, ինչպես հայտնի է, երբեք աչքի չեն ընկել իրենց ժլատությամբ. բավական է աչքի անցկացնել, ասենք, վերջին տարիների համապատասխան ցուցանիշները, որպեսզի նույնիսկ ամենահոռետեսին էլ պարզ դառնա, որ Հայաստանն իրականում զբոսաշրջության համաշխարհային կենտրոններից մեկն է: Չես գտնի գեթ մեկ տարի, որքան էլ այդ տարին, ասենք, տնտեսական առումով վատթար տարի եղած լինի, որի ընթացքում Հայաստան իբր այցելած չլինեն միլիոնը գերազանցող զբոսաշրջիկներ:

Պարզվում է՝ 2016թ-ը ևս այս առումով բացառություն չի կազմել: Այսպես՝ ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ: Ընդ որում՝ ամենահետաքրքրականն այստեղ այն է, որ 2015թ-ի համեմատ այս ցուցանիշն ավելին է մի ամբողջ 5.7%-ով: Ինչ վերաբերում է անմիջապես հյուրանոցներում հանգրվանածներին, ապա դրանց թիվը, նույն այդ ցուցանիշի համաձայն, կազմել է ընդամենը 174.000-ից մի փոքր ավելին:

Հիմա հարց է առաջանում՝ եթե 2016թ-ին մենք կարողացել ենք գրանցել տուրիստական բում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ հենց 2016թ-ն է, ըստ համապատասխան ցուցանիշների, մեզանում համարվել է ամենաճգնաժամային տարիներից մեկը: Ակնհայտ է, չէ՞, որ եթե միլիոնից ավելի տուրիստ մտած լիներ Հայաստան, ապա դա պետք է ինչ-որ կերպ արտացոլվեր ընդհանուր տնտեսության վրա. տնտեսությունը պետք է աշխուժանար ու գոնե որոշակիորեն աճեր: Այնինչ՝ գահավիժել է ներքև:

Եվ ուրեմն՝ ի՞նչ հիմքեր են ընկած նման ամպագոռգոռ թվերի հետևում կամ հաշվարկի ի՞նչ սկզբունք է գործել տվյալ պարագայում:

Նախ՝ կասկածից վեր է, որ նախընտրական շրջանում հրապարակված այս ցուցանիշը ակնհայտ փիառի տարրեր է իր մեջ պարունակում ու կոչված է ընդհանուր դրական ֆոն ապահովել ընտրություններից առաջ: Երկրորդ՝ դրական ֆոն ապահովելու մղումից ելնելով էլ, համապատասխաններն, ըստ էության, վերցրել ու բոլոր նրանց, ովքեր այդ ընթացքում օդային կամ ցամաքային ճանապարհով մուտք են գործել երկիր, հաշվել են՝ որպես տուրիստ: Ասենք, «խոպանում» տարվա 11 ամիսն աշխատած մարդը ձմռանը գալիս է իր տուն՝ նոր տարին դիմավորելու, ուրեմն՝ նա ևս հաշվառվում է որպես տուրիստ ու այսպես շարունակ:

Ցավոք, որքան էլ տհաճ լինի խոստովանելը, մենք դեռևս շատ հեռու ենք գոնե միլիոնանոց տուրիզմ ունեցող երկիր լինելուց. դրա համար Հայաստանում չկան ո՛չ համապատասխան պայմաններ, ո՛չ էլ այս ուղղությամբ վարվող ճիշտ քաղաքականություն: Ու քանի դեռ պատկերն այդպիսին է, ստիպված ենք լինելու զբաղվել ինքնամխիթարմամբ ու ինքնախաբեությամբ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing