Փոփոխություն Արցախի հարցում. ինչ է կատարվել

177

lragir.am — Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Արցախի բանակցային գործընթացում օրակարգ է փոխվել եւ «ի վնաս մեզ»: Իբրեւ փաստարկ Դավիթ Շահնազարյանը ներկայացնում է այն, որ Բրյուսելում արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ օգտագործվել է «սուբստանտիվ բանակցություն» արտահայտությունը, ինչպես նաեւ խոսք չի եղել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք ենթադրում էին հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրում:

Արդյոք դրանք օրակարգի փոփոխության մասին եզրակացության հիմք են, այն էլ ի վնաս հայկական կողմի: Բանն այն է, որ, եթե այդ առումով օրակարգ փոխվել է, ապա փոխվել է շատ ավելի վաղ, քան Հայաստանում իշխանափոխությունն ու ընդհանրապես թավշյա հեղափոխությունը:

Որովետեւ «սուբստանտիվ բանակցություն» բառակապակցությունը Մինսկի խմբի համանախագահները կիրառել են նաեւ իրենց նախկին հայտարարություններից մեկում, որը արել են դեռեւս 2017 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ինչ վերաբերում է Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգին, ապա Բրյուսելում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահների հայտարարության մեջ իհարկե դրա ուղիղ հիշատակում չկար, սակայն կար նախադասություն, որ կողմերը հետագա հանդիպումների համար մի քանի հարց են դիտարկել, այդ թվում  «վստահության կառուցմանն ուղղված հնարավոր միջոցառումները»:

Իսկ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի իմաստը հենց վստահության միջավայրի ձեւավորումն էր, որ չի լինի ուժի կիրառում: Իհարկե, դրա մասին չի նշվում ուղիղ, սակայն դարձյալ՝ ամենեւին առաջին անգամը չէ, որ վստահության, հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման, այլ կերպ ասած Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի մասին համանախագահները, նաեւ կողմերը խոսում են առանց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի անուն տալու:

Եվ ավելին, հենց Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը հաջորդած ամփոփոիչ հայտարարության մեջ, որ տեղի ունեցավ 2016 թվականի հունիսի 20-ին՝ Վիեննայից մեկ ամիս անց, որեւէ խոսք չկար Վիեննայի օրակարգի մասին: Ընդ որում, դա այնքան նկատելի էր, որ հաջորդ օրն իսկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, թե չնայած հայտարարության մեջ խոսք չի եղել Վիեննայի օրակարգի եւ հրադադարի խախտման միջազգային հետաքննության մեխանիզմի մասին, բայց իրենց համար դա մնում է առաջնահերթություն:

Ըստ այդմ, օրակարգի փոփոխության «ցուցիչները» առկա են եղել անցնող երկու տարվա ընթացքում, դրանք ամենեւին նոր չեն, թեեւ իհարկե ավելի ճիշտ կլինի ասել այն մասին, որ այդ ցուցիչները գործնականում ունեցել են հրապարակային մատնանշման եւ դրսեւորման տարբեր աստիճաններ, ըստ կոնկրետ իրավիճակի, եւ թերեւս եղել են նաեւ որոշակի փոխզիջման արդյունք, երբ հայկական կողմը կարող էր օրինակ որոշակի պայմանավորվածության դիմաց համաձայնել ձեւակերպումների որոշակի մեղմացման, որպեսզի այդպիսով հնարավոր լինի նաեւ «փրկել Ադրբեջանի դեմքը»:

Ըստ այդմ, գոնե հրապարակային մակարդակում չկա որեւէ նոր հանգամանք, որը թույլ կտա լրջորեն խոսել հայկական կողմի համար օրակարգային կորստի մասին:

Ավելին, խոշոր հաշվով իրավիճակը օրակարգ որպես այդպիսին չունի վաղուց, դեռեւս 2016-ի ապրիլյան քառօրյայից առաջ, եւ քառօրյան ըստ էության հենց այդ օրակարգի բացակայության հետեւանք էր:

Ի դեպ, Դավիթ Շահնազարյանն այդ համատեքստում խոսում է նաեւ այն մասին, որ նոր իշխանությունը չունի հայեցակարգ, ի տարբերություն նախորդ բոլոր երեք նախագահների: Ընդ որում, նշվում է, թե լավ, վատ, բայց նրանք հայեցակարգ ունեին՝ տարածք կարգավիճակի դիմաց:

Այդ հայեցակարգն էր, որ հանգեցրեց փակուղու, Ադրբեջանի պատերազմի իրավունքի եւ ապրիլյան քառօրյա ագրեսիայի: Ըստ այդմ, վատ հայեցակարգը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ճանապարհ է եւ այդ տեսանկյունից ապրիլի քառօրյայից հետո հայկական կողմի առաջ հենց հայեցակարգի վերափոխման ռազմավարական խնդիրն է, որ պահանջում է լուծում:

Հայաստանում թավշյա հեղափոխությունն այդ խնդրի լուծման գործում նոր հնարավորություն է, միաժամանակ իրատեսական չէ ակնկալել, թե հնարավոր է այստեղ որեւէ սկզբունքային փոփոխություն արձանագրել շատ արագ, երբ գործ ունենք գրեթե երեք տասնամյակ հայկական վատ հայեցակլարգի հետեւանքով կարծրացած մի վիճակի հետ:

Հայաստանի նոր իշխանությունը սկսել է բավական դանդաղ փոփոխության գործընթացը, տարանջատելով բանակցային բովանդակության Հայաստանին եւ Արցախին առնչվող մասերի համար բանակցելու պատասխանատվությունը:

Անշուշտ, Հայաստանի նոր իշխանությունը ունի Արցախի հիմնարար խնդրում ռազմավարության հղկման եւ բյուրեղացման անհրաժեշտություն, եւ այստեղ իհարկե անհրաժեշտ է աշխատանք, որին ներգրավված կլինեն խնդրին տիրապետող մասնագետներ, որոնք դուրս կլինեն նախորդ երկու տասնամյակի ապարդյուն հայեցակարգից, որն այլ տեղ, քան նոր պատերազմ եւ Ադրբեջանին պատերազմի իրավունք՝ չհանգեցրեց: Հետեւաբար, այդ առումով ապարդյուն հայեցակարգի կրող շերտը այլեւս սպառել է իր ասելիքն ու անելիքը Արցախի խնդրում, եւ անհրաժեշտ է հայկական նոր հայեցակարգի ձեւավորմանը ներգրավել փորձագետների, որոնք դեռեւս առաջին պատերազմի ավարտից հետո հուշել են դիրքորոշման եւ հայեցակարգի այլ տարբերակներ, սակայն նրանց մոտեցումները չեն ընդունվել, մերժվել են տարբեր պատճառներով:

Այժմ եկել է նախկինում անտեսված տարբերակները, ինչպես նաեւ իհարկե տարիների ընթացքում ձեւավորված նոր իրողությունների բերումով եւ արագ փոփոխվող ընթացիկ զարգացումների թելադրանքով նոր մոտեցումների ժամանակը:

Այդ իմաստով օրակարգը, արդեն ավելի լայն առումով, իսկապես փոխվել է, բայց հօգուտ հայկական կողմի, Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների համատեքստում: Դրանք անշուշտ պարունակում են իրենց ռիսկերը, ինչպես ցանկացած իրավիճակ, ցանկացած քաղաքական գործընթաց, հեռանկար եւ առօրյա: Ժամանակակից աշխարհում չկան ոչ ռիսկային իրավիճակներ անգամ տերությունների համար: Բայց Հայաստանի նոր իրավիճակը տվել է ռիսկերին հակազդելու եւ դրանք չեզոքացնելու նոր եւ ավելի ծանրակշիռ հնարավորություններ, փոխելով բալանսը՝ հօգուտ հայկական կողմի: Ինչ խոսք առանցքային հարց է այդ նոր իրավիճակը արդյունավետ զարգացնելը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache