Փոփոխություններն արդեն զգալի են․ ի՞նչ է փոխվել Հայաստանում

73

Մենք աշխատում ենք ՀՀ նոր կառավարության հետ և փորձում ենք հասկանալ, թե գերակա խնդիրների իրականացման հարցում ինչով կարող է Միացյալ Նահանգներն օգտակար լինել առաջիկա ամիսներին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական իրադարձություններին:

«Միացյալ նահանգներից վերջին երկու ամիսներին ՀՀ-ում կատարված իրադարձություններին հետևել ենք, և ուղերձն այս ամբողջ ընթացքում գոհունակությունն է եղել խաղաղ գործողությունների վերաբերյալ, որը երաշխավորվում էր Հայաստանի ժողովրդի կողմից: Առաջ մղող գործոններն այն փոփոխություններն էին, որոնց ցանկանում էր հասնել հայ ժողովուրդը, փոփոխություններ և արժեքներ, որոնք մենք՝ Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ կիսում և ընդհանուր ենք համարում մեր արդեն իսկ 25 տարվա համատեղ աշխատանքում»,-ասել է ԱՄՆ դեսպանը:

Նրա ձևակերպմամբ՝ ուրախալի էր տեսնել, որ ՀՀ-ում զարգացումները, փոփոխությունները, հեղափոխությունն ընթացավ խաղաղ կերպով, այն հիմնված էր օրենքի վրա և առաջնորդվում էր Հայաստանի օրենսդրական դրույթներով:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է նկատել Հայաստանում, որ փոխվել է հեղափոխությունից հետո՝ Ռիչարդ Միլզն ասել է. «Փոփոխություններին գնահատական տալու համար առաջին հերթին պետք է Հայաստանի ժողովրդի կարծիքը լսել: Այն, ինչ մենք լսում, տեսնում ենք դեսպանատնից, այն, ինչ տեսնում ենք նոր կառավարության ներկայացուցիչների, Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներում, փոփոխություններն արդեն զգալի են: Կա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարման թափանցիկության և հասարակությունն ավելի բաց դարձնելու ուղղությամբ»:

Ռիչարդ Միլզը պատմել է, որ ինքը նաև հանդիպումներ է ունեցել տեղական գործարարների հետ, ովքեր Հայաստանում տնտեսական գործունեություն են իրականացնում: Ըստ դեսպանի՝ իրենց համար ընդհանրապես մտահոգիչ էր կոռուպցիայի խնդիրը նաև այն առումով, որ այն ազդում էր ամերիկյան ներդրումների, ամերիկյան առևտրի ծավալի վրա, հիմա տեսնում են ինչ-որ փոփոխություններ: «Այժմ մաքսային գործընթացը շատ ավելի արագ է տեղի ունենում, մաքսային գնահատման աշխատանքները շատ ավելի հստակ են, եթե խնդիրներ են առաջանում, ապա շատ ավելի արագ են լուծվում, և անհրաժեշտություն չկա ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան պայմանավորվել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache