Փշալարը հանվեց. ԱՄՆ եւ Ռուսաստանն արձագանքում են

0

 

yelaket.am — Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարությունը: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների ընթացքին: «Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից», ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ արձագանքը հետեւում է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը, երբ փաստացի ձեւավորված է Հայաստանի նոր իշխանությունը եւ հստակ են դիմակայության կողմերի պատասխանատուները:

Այլ կերպ ասած, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը դե ֆակտո պարունակում է ներկայում Հայաստանում հաստատված յուրօրինակ քաղաքական ստատուս-քվոյի արձանագրում կամ առանձնահատուկ ճանաչում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ արձագանքը հետաքրքիր է Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի ֆոնին, որն ըստ Հայաստանի վարչապետի նստավայրի տարածած տեղեկատվության՝ տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցից առաջ Պուտինը շնորհավորական հեռագիր էր հղել Սերժ Սարգսյանին, որտեղ արձանագրել էր նրա լայն հեղինակությունը:

Կասկած չկա, որ Հայաստանում իրադարձություններին հետեւում է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաեւ Ռուսաստանը: Ոգեւորու՞մ է Ռուսաստանին այն, որ չկա բախում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ու ամեն ինչ ընթանում է փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողության պայմաններում: Դա հարց է, որը չունի միարժեք պատասխան: Բանն այն է, որ Հայաստանում զանգվածային իրադարձությունների այդօրինակ ծավալումները Մոսկվայում երեւի թե անմիջապես առաջացնում են «մայդանի մտավախություն», անգամ եթե չկա դրա բովանդակային, քաղաքական, գաղափարական հիմք:

Ի վերջո, ինչպես ասում են՝ Ռուսաստանի «տառապանքը» փորձ ունի: Այդ մտավախությունից էլ թերեւս առաջանում է Ռուսաստանի վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ իշխանության վերաբերմունքի մասով, եւ հանդուրժողությունը կարող է նյարդայնացնել, խորացնել կասկածները, որ Հայաստանում տեղի է ունենում ինչ որ դավադրություն, եւ Հայաստանը կարող է սահել Ռուսաստանի ձեռքից: Առավել եւս, որ կարծես թե այդօրինակ ազդակներ հղելու գործին են ձեռնամուխ եղել ռուսաստանցի փորձագետներ, որոնք գտնվում են ադրբեջանական խնամակալության ներքո, կամ Ադրբեջանի հետ կոմերցիոն-քաղաքական հարաբերության մեջ գտնվող ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակների խնամակալության ներքո:

Հաջողվե՞լ է Սերժ Սարգսյանին համոզել Պուտինին, որ պետք չէ Հայաստանում ունենալ «գունավոր հեղափոխության» կասկածներ, որեւէ «դավադրության» կասկած եւ ըստ այդմ պետք չէ Հայաստանի հանդեպ քաղաքականության մեջ ներառել խուճապով կամ տագնապով թելադրված վարքագծային տարրեր: Բանն այն է, որ վարքագծի այդպիսի տարրերի դեպքում հետեւանքը կարող է լինել փողոցում իրավիճակի էական կոշտացումն ու լարումը:

Այդ իմաստով հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը եւ ձեւավորված կոնտեքստային ստատուս-քվոյի ճանաչումը՝ Սերժ Սարգսյանին իշխանության, եւ Նիկոլ Փաշինյանին փաստացի ընդդիմության կարգավիճակում: Դա Վաշինգտոնից Մոսկվային ուղղված յուրօրինակ ազդակ եւ հաղորդագրություն է նաեւ, որ չկա տագնապի եւ ըստ այդմ դրանով պայմանավորված քայլերի, իրավիճակը բախման տանելու եւ այդպիսով հանգուցալուծելու անհրաժեշտություն:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ից հեռացրել է փշալարային արգելափակոցները: Մոսկվային համոզելուց հետո, որ չկա անհանգստանալու կարիք, նա այժմ էլ Արեւմուտքին է համոզում, որ Հայաստանում չկա ժողովրդավարության հետընթա՞ց, ինչպես օրեր առաջ Ֆրիդոմ Հաուզն էր արձանագրել: Որքան կպահպանվի իրավիճակը եւ որքան կկարողանա Սարգսյանը պահել այդ հավասարակշռությունը: Նախադեպերը խորհրդանշորեն հուշում են, որ կարծես թե այս իմաստով նրա խաղաժամանակը երկու շաբաթն է՝ այդքան էլ Էլեկտրիկ Երեւանը, 2016-ի հուլիսյան իրադարձությունները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache