Լրահոս

Պիտի պատիվ լինի ՀՀԿ ցուցակում լինելը. ՀՀԿ խոսնակը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին

 

Որպես ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն` նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ինքն էլ դեմ է տարածքային ցուցակներով ընտրակարգին:

«Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն Կոմկուս է, ու մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք, երբ քվեարկություն է լինում ու քննարկում, լինում են կողմ ու դեմ ձայներ, բայց որոշում կայացնելիս մենք միակամ ենք»,- շարունակեց նա:

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ Գործադիր մարմնում եղել են մարդիկ, որոնք եւս կողմ չեն եղել ռեյտինգային ընտրակարգին:

«Իրենք ունեցել են իրենց կարծիքը, մենք էլ ունեցել ենք մեր կարծիքը, ամեն մեկս ունեցել ենք, քննարկել ենք այդ կարծիքները եւ եկել ենք այն եզրահանգման, որ 5 քաղաքական ուժերը միասին եկել են կոնսենսուսի, ու մենք ունենք այդ օրենսգիրքը: Ո՞րն է այստեղ զարմանալին, ես չհասկացա»,- շարունակեց նա:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն տեսակետին, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի, քան թե կօգնի, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է, եւ կարծում եմ` բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտություն: Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, որ երկրում խնդիրներ չկան: Մենք տարբերվում ենք բոլոր իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը, բայց ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս եւ օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում եւ գնալու է բարեփոխումների ճանապարհով»:

Նրա խոսքով` սա մեծամասնական ընտրակարգ չէ, համամասնական ընտրակարգ է, եւ ընտրողը նախեւառաջ պետք է ընտրի կուսակցությանն ու դրա ցանկում պետք է ընտրի այն մարդկանց, ում կուսակցությունն առաջարկել է:

«Ե՛վ Լոռու մարզում, եւ՛ մյուս 12 ընտրատարածքներում մենք ունենք շատ ներկայանալի ցուցակ, որտեղ ընտրողները կարող են ընտրել իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուի:

Յուրաքանչյուր թեկնածուի համար պիտի պատիվ լինի լինել ՀՀԿ-ի ցուցակում, որովհետեւ ՀՀԿ-ի, ինչպես դուք գիտեք, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում հիմնադիրները եղել են անկախության պայքարի ակունքներում, կուսակցությունը եղել է անկախության բանակի հիմնադրման ակունքներում, արցախյան հերոսամարտում ունեցել է իր լուրջ դերակատարումը ու խաղաղ շինարարության ժամանակ եւս ունեցել է լուրջ դերակատարում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

«Մենք չենք ասում, որ ամեն ինչ փայլուն է եղել, եղել են եւ՛ սխալներ, եւ՛ առավելություններ, մենք երբեք մեր թերությունները մեր վրայից չենք հանել ու գցել ուրիշի վրա: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա դրանք, կարծիքների բախումը նորմալ երեւույթ է, բայց այն, որ ՀՀԿ-ն մնում է միակ ֆավորիտ, եւ ինձ համար Հանրապետական լինելը պատիվ ու հպարտություն է, այստեղ 2 կարծիք լինել չի կարող»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing