Լրահոս

«Պուծին վոռ»․ Ում վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը

 

Սառույցը կոտրված է: Նույնիսկ Ալեքսեյ Նավալնիի քսանօրյա կալանքը, այսօր Ռուսաստանում իրականացված մոտ 200 ձերբակալությունները չվախեցրեցրին մի քանի հազար երիտասարդների, ովքեր երկրի տասնյակ քաղաքների փողոցներում «շնորհավորեցին» Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը` պահանջելով նրա հրաժարականը: Ղրիմի վերադարձի լեգենդը, սիրիական ճեղքումը այլևս չեն ոգեկոչում ռուսաստանցիներն, ովքեր դարձել են Պուտինի արկածախնդրության զոհերը` իրենց մաշկի վրա զգալով արևմտյան պատժամիջոցների հետևսնքները:

Հարյուրավոր մարդիկ այսօր Կրեմլի պատերի մոտ վանկարկել են Путин-вор կարգախոսը` հասկացնելով, որ անսասան թվացող դիկտատորը կորցնում է քաղաքական, բարոյական հեղինակությունն անգամ հարազատ երկրում: Պուտինը, ով իր նախագահական չորրորդ ժամկետին է պատրաստվում լուսանցք քշված իզգոյի կարգավիճակում, բացարձակ հեղինակություն է միայն Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ով անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում ինքնազոհաբերության գնով սեփական հասարակությունից և ընդդիմությունից պաշտպանում էր ռուսական ցարին` հընթացս նրա ոտքերի տակ նետելով Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները:

Ապշել կարելի է, երբ ղարաբաղյան պատերազմում հաղթած երկրի բոլոր երեք նախագահները նվաստացուցիչ պայմանագրերով ու ստվերային համաձայնություններով Հայաստանի անկախությունը զոհաբերել են կայսրության շահերին` ամոթալի կապիտուլյացիան որակելով որպես պետական քաղաքականություն և անվտանգության համակարգի ամրապնդում: «Հոկտեմբերի 27» ապրած երկրի խորհրդարանում գոնե մեկ հարյուրամյակ ռուսամետ պատգամավորներին պետք է հաշվեինք մատների վրա, եթե, իհարկե, ունենայինք տարրական արժանապատվություն և հասունություն ունեցող քաղաքական համակարգ:

Սակայն մեր ունեցած համակարգի եվրասիական կոնսենսուսի հիմքում հավատարմությունն է հենց այն ստատուս-քվոյին, ոչ պետական վիճակին, ինչը հետևանք է «Հոկտեմբերի 27»-ի, որը հենց Հայաստանի ռուսական օկուպացիայի հրապարակային դրսևորումն է: Ի՞նչ է ԵՏՄ-ն, որը անցած շաբաթ կրծքով պաշտպանվում էր խորհրդարանական ձևակերպված և չձևակերպված մեծամասնության կողմից:

Նույնիսկ իդեալական պայմաններում, եթե մի կողմ թողնենք բոլոր սուբյեկտիվ ընկալումները, քաղաքակրթական առումով` դա սլավոնա-թուրքական միություն է` անգամ պատմա-աշխարհագրորեն, որտեղ Հայաստանը չի կարող սուբյեկտություն ունենալ որևէ առումով: Սլավոնա-թուրքական միջավայրում մենք առավելագույնը կարող ենք ներկայացված լինել «ավագ եղբոր» ստվերի կարգավիճակով, որովհետև այդ միությունում ինքնիշխան Հայաստանը շնչահեղձ կլինի` քաղաքական, քաղաքակրթական օտարվածության հետևանքով: ՀՅԴ-ն հասկացնում է, որ անվտանգության հրամայականն է մեզ տարել ԵՏՄ` այն պարագայում, որ ԵՏՄ մնացած չորս անդամներից Ռուսաստանն Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է, իսկ մյուս երեքը ԼՂ հարցում հարյուր անգամ հրապարակայնորեն պաշտպանել են Բաքվի պաշտոնական տեսակետը: Հանրապետականները խոսում են ԵՏՄ տնտեսական օգուտների մասին, երբ այդ միությունում նույնիսկ ընդհանուր շուկա և շահեր չկան, ինչի դրսևորում են, օրինակ ռուս-բելառուսական անընդհատ առևտրային պատերսզմները: Հետաքրքիր է ` գիտե՞ն Հայաստանի «եվրազիստները», որ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները գտնվում են անդունդի եզրին և թվացյալ կայունությունը պահպանվում է բացառապես Նուրսուլթան Նազարբաևի շնորհիվ, ով արդեն 77 տարեկան է և շուտով օբյեկտիվորեն հեռանալու է քաղաքականությունից: Նրա հեռանալուց հետո Ղազախստանը կամ վերածվելու է «երկրորդ Ուկրաինայի»` դառնալով ռուսական օկուպացիայի թիրախ, կամ էլ` դառնալու է չինական էներգետիկ խոշոր նախագծերի առանցքային մասնակիցը: Իսկ Պեկինի նախագծերն ուղղված են Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, էներգետիկ ազդեցության էական սահմանափակմանը:

Այսօր արդեն Աստանայի էլիտան հասարակությանն իր շուրջ համախմբում է հակակայսերական, հակառուսական տրամադրությունների շնորհիվ: Այդպես է` առնվազն Ղրիմի անեքսիայից հետո: Բերենք մի քանի դրվագներ, որոնցով կհիմնավորենք ասվածը: Օրինակ` Ղազախստանը մինչև 2025թ-ը կիրլյան այբուբենը փոխում է լատինատառով, իսկ Հայաստանում մշակվում է ռուսաց լեզվի հայեցակարգ:

Կամ Հայաստանի իշխանությունը կհամարձակվի՞ պաշտոնյաների դատել, ովքեր լրտեսություն են անում հօգուտ Մոսկվայի: Իհարկե` ոչ. Մոսկվայի կադրերը Հայաստանում վարչապետ ու հատուկ քվոտայով պատգամավոր են դառնում: Իսկ Ղազախստանի քաղաքական վերնախավում ինքնիշխանության գաղափարն այնքան հաստատուն է, որ միայն այս տարվա ընթացքում էկոնոմիկայի նախկին նախարար Բիշինբաևը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուտբաևը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մայլիբաևը դատապարտվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:

Այս ամենը խոսում է եվրասիականության քաղաքական, ինստիտուցիոնալ չկայացավծության և մոտալուտ վախճսնի մասին: Վլադիմիր Պուտինը ձախողել է ներքին և արտաքին քաղաքականությունը` իր ուժասպառ կայսրությունը մղելով քաղաքակրթության լուսանցք: Բոլոր փաստերը խոսում են նրա իշխանության մայրամուտի մասին: Հայաստանի իշխանությունները` քաղաքական անմեղսունակության հետևանքով, մեր երկիրը ինտեգրել են մի համակարգի, որի կործանման ընթացքն անկասելի է: Ո՞ւմ հույսին է Սերժ Սարգսյանը կամ ի՞նչ կադրային ժառանգություն է թողնում երկրին, եթե 2018-ին որոշել է հեռանալ:

 

1in.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing