Լրահոս

Պուտինը չեզոքացրեց վտանգը. Ադրբեջանը կարող է անարգել կրակել

 

Serj-Sargsyan-Aliev-1

168.am-Սանկտ Պետերբուրգում ժամեր առաջ ավարտված Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ինչպես սպասում էին հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները, չդարձավ մայիսի 16-ի Վիեննայի հանդիպման շարոունակությունը: Լավագույն դեպքում, այդպիսին դարձավ այնքանով, որքանով: Վիեննայի հանդիպման առանցքային կետը շփման գծում վերահսկողական մեխանիզմի ներդրումն էր, որը համարվում է պատերազմը կանխարգելող հիմնական միջոցը, որովհետև դա հնարավորություն է տալու բացահայտել պատերազմը սկսող կողմին:

Այն, ինչը պետք չէ Ադրբեջանին, որի համար միջազգային հանրության` երկու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունները ցանկացած պահի Ղարաբաղի նկատմամբ դիվերսիոն կամ պատերազմական գործողություններ սկսելու գրավական են: Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այդ մեխանիզմի ներդրման հարցն ընդհանրապես չի շոշափվել: Այդ մասին որևէ խոսք չկա նաև երեք երկրների նախագահների հայտարարության մեջ, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով, և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»: Այս հայտարարության մեջ, կրկնում ենք, որևէ կոնկրետ արտահայտությամբ անդրադարձ չի կատարվում վերահսկողական մեխանիզմի ներդրման մասին: Կարելի է, իհարկե, այդպիսին համարել «կարգավորման առանցքային հարցեր», «մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը» և այլ ընդհանուր բնույթի ձևակերպումներ, սակայն անվանապես այդ մասին հայտարարությունում որևէ բառ նշված չէ:

Այն դեպքում, երբ մոնիտորինգային մեխանիզմի ներդրումը Վիեննայի հանդիպման առանցքն էր ու, ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված նախապայմանը՝ Վիեննայից հետո Ալիևին հանդիպելու համար: Դա տեղի չունեցավ:

Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված միակ քիչ թե շատ առարկայական պայմանավորվածությունը վերաբերում է շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը: Սակայն, արձանագրենք, որ ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի մեծացումը համարվում է վերահսկողական մեխանիզմի ներդրումից ածանցվող քայլ, ինչի մասին նշվում էր նաև Վիեննայի հանդիպումից հետո:

Այսինքն` այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ չեզոքացնել Վիեննայի հանդիպումից հետո առաջացած վտանգը` Ադրբեջանի համար վտանգը` պատերազմը սանձազերծողի որոշման մեխանիզմի ներդրումը, որը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ձեռնտու չէր ոչ միայն՝ Ադրբեջանին, այլ նաև՝ վերջինիս զենքի մատակարար Ռուսաստանին:

Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխանը:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing