Լրահոս

«Պուտինը Հայաստանում ստացել է ազատ գործելու ամբողջական լիազորություններ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը
– Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախընտրական անցուդարձին: Ընդհանրապես Ձեզ վրա ինչպիսի՞ տպավորություն է թողնում այս ընդհանուր իրավիճակը:
– Պայթեցված կրկեսին փոխարինել են ծաղրածուները: Իսկ հայտնի է, որ Հայաստանում արդեն չի զգացվում ոչ կրկեսի, ոչ թատրոնի, ոչ կինոյի դերակատարությունը: Այդ է պատճառը, որ գրեթե չեն մնացել կինոթատրոններ, պայթեցվել է կրկեսը, թատրոններն էլ հիմնականում դատարկ են: կարծեմ` բացառությամբ խամաճիկների թատրոնի: Դրանց կարիքն այլևս չկա, որովհետև վերջիններիս գործառույթը հաջողությամբ իրականացնում է, այսպես կոչված, քաղաքական դաշտը: Երկրում հիմնականում խամաճիկների թատրոնի ժանրն է գործում:
– Իսկ ինչո՞ւ. առողջ ուժեր չկա՞ն, չե՞ք տեսնում այնտեղ:
– Հատկապես հիմա, երբ գրիպի հերթական համաճարակն է, շատ ուժեր պարտավոր են ուշադիր լինել, որպեսզի մնան առողջ: Եվ կարևոր չէ, թե ես ինչ եմ տեսնում: Կարևորն այն է, որ ամեն ինչ տեսնում է ազգաբնակչությունը: Եվ հաշվարկել է այս ամենի գինը. ստանում է իր սոցիալական նպաստը` ընտրակաշառքների տեսքով:
Իսկ եթե` լուրջ, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են 2016 թվականի նոյեմբերի 8–ին: Այն գիշեր, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվեց Պուտինի սիրած քաղաքական գործիչը` Դոնալդ Թրամփը, իմաստուն մարդիկ հասկացան, որ աշխարհում սկսվել են նոր ժամանակներ: Իսկ Հայաստանում դա արտահայտվեց նրանով, որ գրեթե մի քանի ժամ անց իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքը տեսանկարելու վերաբերյալ ընդդիմության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը բեկանվում է:
Իսկ եթե ավելի լայն մասշտաբով` ապա Արևմուտքն այլևս չի ստիպելու Հայաստանի իշխանություններին գնալ անկախ, ինքնիշխան պետականությունը պահպանելու ճանապարհով: Դա նշանակում է, որ պարոն Պուտինը Հայաստանում ստացել է քարտ–բլանշ` ազատ գործելու ամբողջական լիազորություններ:

Որովհետև կառավարման համակարգի փոփոխությունը հենց պատվիրված էր Պուտինի կողմից: Նրա համար խիստ անհրաժեշտ էր, որպեսզի հետխորհրդային տարածքներում մնան միայն անդեմ, անգույն, անատամ քաղաքական միավորներ: Եվ անգամ Սերժ Սարգսյանի նման թույլ, կախյալ և վարկաբեկված գործչի կամքին որևէ մեկը չկարողանար հակադրվել: Այսինքն` Լուկաշենկոյի օրինակը Պուտինն այլևս չէր ցանկանում ունենալ որևէ տեղ:
Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 3–ի նրա մյուս վերջնագիրը, բնականաբար, վերաբերվում էր Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման գործընթացից դուրս գալուն: Որպեսզի մեր երկիրը մտնի ԵԱՏՄ կառույցի մեջ:
– Լավ, այդպես` քաղաքական ուժերը, այդպես` արտաքին ուժերի պարտադրանքը: Իսկ ո՞րն է հայ ժողովրդի կամքը. ի՞նչ է ուզում նա:
– Իմ տպավորությամբ մեր հասարակությունը չի ձևակերպել իր իրական անկախության և ազատության սոցիալական պահանջը: Հակառակ պարագայում նման իրավիճակի մեջ չէինք հայտնվի: Դա է մեր հիմնական խնդիրը: Տեսեք, դա վրացիների մոտ ստացվեց, ուկրաինացիների մոտ ստացվեց, ղրղզներն ու մոլդովացիներն են կարողանում հակադրվել գաղութային ուժերին: Իսկ Հայաստանում կուսակցությունները, նաև ընդդիմադիր կուսակցությունները մրցակցում են Մոսկվային ավելի հավատարիմ երևալու հարցում:
– Իսկ ի՞նչ է սպասվում մեզ:
– Դա հռետորական հարց է: Մոտ ապագայում բոլորը խոսում են նոր պատերազմի վտանգի մասին: Ամենայն հավանականությամբ դա կարող է լինել ընտրություններից մի փոքր հետո և համընկնել ազերի–թուրքերի օրացուցային սիրած ժամկետներին` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Կամ էլ կարող է լինել Շուշիի ազատագրման 25–ամյակի նախօրեին:

Սա մոտակա ժամկետներն են: Իսկ երկարատև ժամանակի առումով կարող ենք ասել, որ մինչև մեզ ստրկացնող և մեր երկիրը գաղութացնող ուժը` պուտինյան վարչակազմը չհեռանա ասպարեզից, ոչ մի լավ բան, ցավոք, մեզ համար չի լինի: Որովհետև Հայաստանի պոտենցիալը չի բավարարում ինքնուրույն, սեփական միջոցներով այդ ուժից ազատագրվելու համար:
Դա ամոթ բան չէ մեզ համար: Նման դեպքեր պատմության մեջ շատ են եղել: Օրինակ, Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկարողացավ ազատագրվել ֆաշիզմից, մինչև նրան չազատագրեցին ամերիկացիները: Նույնը` Իտալիայի դեպքում: Անգամ շատ ավելի հզոր պետություններ են անցել այս ճանապարհով:
Իսկ մենք այսօր շատ ավելի նման ենք 1940–ականների Ֆրանսիային: Երբ երկիրն օկուպացված էր, իսկ երկրի ներսում գործում էր խամաճիկային կառավարություն, որը կախման մեջ էր զավթիչներից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara