Լրահոս

Պուտինը հայտնվեց իր իսկ թակարդում…

 

arm147893594829

lragir.am— Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Պուտինը ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացում փորձել է հավասարակշռված եւ համաչափ հեռավորություն պահել երկու թեկնածուներից էլ: Պեսկովն ասել է, որ իրենց համար անսպասելիորեն Պուտինին մեծ դեր են տվել այդ արշավում:Ռուսական Դոժդ հեռուստաալիքը հայտնում է, որ ավելի վաղ ՌԻԱ Նովոստի պետական գործակալության կայքում տեղեկություն է եղել, որ Պեսկովը ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը որակել է «բավական անսպասելի», սակայն հետո այդ տեղեկությունը փոխվել է:CNN-ին Պեսկովը նաեւ ասել է, որ թեեւ Թրամփի եւ Պուտինի մոտեցումները արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտ են, այդուհանդերձ պետք չէ սպասել, թե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունը կբարելավվի մեկ-երկու շաբաթում:

Ըստ Պեսկովի, կարեւորն այն է, որ երկու երկրների նախագահներն ունենան իրար հետ աշխատելու իմաստություն եւ քաղաքական կամք:ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո Ռուսաստանը հայտնվել է հետաքրքիր իրավիճակում: Պեսկովը հայտարարում է, որ Պուտինը եղել է չեզոք: Իհարկե, ռուսական քարոզչությունից ստացվող տպավորությունը բոլորովին այլ էր, սակայն խիստ հարաբերական է, թե արդյոք Պուտինն իսկապես ցանկանում էր դեմոկրատ թեկնածուի պարտությունը, արդյոք նրա համար հեռանկարային, ռազմավարական առումով նախընտրելի է ԱՄՆ այնպիսի նախագահ, որի հետ Պուտինը ռուսաստանցիների առաջ առնվազն քարոզչական միջոցներով կապել է որոշակի հույսեր եւ նույնիսկ ներկայացրել այնպես, որ դա իր «կերտած» նախագահն է:Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմն էլ բավական էական հաշվարկներ էր կառուցել Պուտինի մասով, փորձելով նրա գործոնը կիրառել Թրամփի դեմ, ամերիկացիներին ներկայացնելով, որ Թրամփի հաղթանակը դա Պուտինի հաղթանակն է: Հետաքրքիր է, որ Հիլարի Քլինթոնի թիմին հավատացին ավելի շատ ոչ թե ամերիկացիները, այլ զգալի թվով հայաստանցիներ:

Ընդ որում, հայաստանցիներ, որոնք կարծես թե բավական համարժեք պատկերացումներ ունեն ԱՄՆ պետական որակների եւ կարողությունների մասին: Բանն այն է, որ միմյանց համարժեք չեն ԱՄՆ պետական եւ քաղաքական մշակույթի, համակարգի մասին այդ պատկերացումները եւ համոզածությունը, թե Պուտինը կարող էր այդ համակարգին պարտադրել որեւէ նախագահ:Բայց, Պուտինին իհարկե խիստ շահեկան է թե Ռուսաստանում, թե հետխորհրդային տարածությունում այդ հավատը, որը ստեղծում է «նրա դեմ խաղ չլինելու» պատրանք կամ խորացնում այն, հատկապես երեւանյան տաքսիստների շրջանում, որոնց զգալի մասը հասարակական մտածողության յուրօրինակ ինդիկատոր է: Ի վերջո, Ռուսաստանի հետխորհրդային ազդեցության գործում, ինչպես նաեւ Ռուսաստանի հասարակության վրա իշխանության գործում Պուտինի համար չափազանց կարեւոր ռեսուրս է իր ամենակարողության, իր դեմ խաղ չլինելու պատրանքը  կամ լեգենդը:

Պետք է խոստովանել, որ Հիլարի Քլինթոնի նախընտրական թիմի եւ ռուսական քարոզչության «համակարգված» աշխատանքի հետեւանքով Պուտինին հաջողվեց ԱՄՆ նախագահի ընտրությանն իր համար ապահովել առնվազն այդ հաղթանակը:Բայց, միեւնույն ժամանակ աներկբա է, որ ի տարբերություն այդ «համակարգված» աշխատանքի հետխորհրդային սպառման 170 միլիոնանոց շուկայի, Պուտինն ինքը քաջ գիտակցում է խնդիրներն ու իրողությունները, ինչը նրբորեն արտահայտվում է ամերիկյան CNN-ին նրա մամուլի քարտուղարի տված մեկնաբանություններով:Պուտինը հայտնվել է իսկապես բարդ վիճակում: Ուկրաինական ճգնաժամից, Արեւմուտքի մեկուսացման քաղաքականությանն արժանանալուց, նավթի գնանկման եւ պատժամիջոցների հետեւանքով տնտեսական ծանր վիճակում հայտնվելուց հետո, Պուտինը ռուսաստանցիների մոտ իր իշխանությունը պահում է էական մասով նաեւ հենց հակաամերիկյան քարոզչական արշավի միջոցով, ռուսաստանցիներին կերակրում հակաամերիկյան քարոզչությամբ, սնում «միջուկային մոխրի» առասպելը:Ինչ է անելու Պուտինը Թրամփի դեպքում, հատկապես երբ բացարձակապես պարզ չէ, թե ինչ է անելու Թրամփը:

Իսկ այն, որ նախագահի թեկնածու Թրամփը եւ նախագահ Թրամփը տարբեր իրողություններ են, ակնհայտ դարձավ ընտրության արդյունքի հրապարակումից հենց ժամեր անց՝ նրա հետընտրական ելույթից, որի հավասարակշռվածությունը կտրուկ տարբերվում էր նախընտրական էպոտաժից: Եվ առավել եւս, երբ օրինակ նրա շրջապատում գտնվող Նյու Յորքի նախկին բավական հեղինակավոր քաղաքապետ Ջուլիանին ընտրությունից հետո հայտարարում է, որ Թրամփը Պուտինին «կհաղթի այնպես, ինչպես Ռեյգանը Գորբաչովին՝ առանց մեկ կրակոցի»:Պուտինն անկասկած պատկերացնում է, որ նա «կերտել» է մի Թրամփ, որի հանդեպ ինքն արդեն հայտնվել է որոշակի սահմանափակ տարածության մեջ, այն դեպքում, երբ Թրամփից առաջ էլ Օբաման Պուտինին դրել էր ռեսուրսային խիստ սահմանափակումների մեջ:

Այդպիսով, ԱՄՆ նոր նախագահի հետ հարաբերությունը Պուտինը սկսելու է գրեթե լիակատար սահմանափակվածության պայմաններում, միաժամանակ այնպիսի մթնոլորտում, որում նա Թրամփին տվել է բարեկամ ներկայացված լինելու առավելությունը:Պուտինին այլ բան չի մնում, քան սկսել Թրամփից թշնամու կերտումը, որի դեպքում արդեն զուտ քարոզչական իմաստով նա չի կարող պատասխանատվությունը գցել արդեն Ամերիկայի վրա, քանի որ ԱՄՆ նոր նախագահին հասցրել է հռչակել բարեկամ կամ առնվազն համախոհ, կամ սկսել Ռուսաստանի հասարակությանը նախապատրաստել ԱՄՆ հետ «կառուցողական» հարաբերության:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing