Լրահոս

Պուտինը հայտնվել է Սարգսյանի կարգավիճակում

 

Երկու օր առաջ մանկական ամառային ճամբարում, երբ Պուտինին հարցրել էին առկա պրոբլեմների մասին, պատասխանել էր, թե իր պրոբլեմները կսկսեն մեկ ժամից՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։
Տարիներ առաջ Սերժ Սարգսյան էլ մի առիթով խոստովանել էր, թե «գիտեք հե՞շտ է Ռուսաստանի նախագահի հետ խոսելը»։
Անսպասելի հայելային զուգադիպություն է նկատելի՝ մի դեպքում դատարկվող, մի կերպ քարշ եկող երկրի նախագահի անօգնական լինելու խոստովանությունը հանդեպ Ռուսաստան գերտերության նախագահը, իսկ մյուսում՝ հենց գերտերունական երկրի նախագահի մտահոգությունը առաջին հայացքից երկրորդական երկրի նախագահի հետ խոսելու հարցում։
Սարգսյանի մասով քննարկումն անիմաստ է, քանի որ անկախությունից ի վեր Հայաստանը ռուսական խամաճիկի կարգավիճակում է։ Բայց Պուտին-Ալիեւ հարաբերությունների նրբությունները հասկանալը ներկա պահին ոչ միայն մեր, այլև համաշխարհային քաղաքականության սկզբունքային պահանջներից մեկն է։
Իմ հիշելով, Սովետ Միության փլուզումից հետո Ադրբեջանն առաջինն էր, որ իր տարածքից դուրս հրավիրեց ռուսական զորքերը, իսկ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանքն էլ վարձով տվեց ռուսներին։
Ղարաբաղյան պատերազմի տարիներին ռուսներն ամեն ձևով աջակցեցին ադրբեջանցիներին, նրանց բարյացակամությունն ու բարեկամությունը ետ շահելու մտադրությամբ։ Բայց դա էլ արդյունք չտվեց՝ ադրբեջանցիք կարողացան մշտապես սիրաշահելով ռուսներին, կորզել ամեն հնարավոր զիջումները, տեղը չտալով ոչինչ։
Ավելին, Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին ամենաժամանակակից զենքով, մրցակցելով Իսրայելի հետ և պատճառաբանելով, թե եթե մենք չվաճառենք զենքը, ուրիշները կվաճառեն և մենք կկորցնենք բոլոր լծակները Ադրբեջանի հանդեպ։
Թուրքերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո թվում էր, թե Պուտինը կվերանայի իր քաղաքականությունը հանդեպ Թուրքիան ու Ադրբեջանը, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ երկրները եղբայրներ են էթնիկապես և անքակտելի դաշնակիցներ են ռազմաքաղաքականում։
Սակայն կատարվեց առաջին հայացքից անհնարինը՝ մի քանի ամսից ինքնաթիռի կորուստը մոռացվեց, և ռուս-թուրքական քաղաքականությունը մտավ իր հին հունը։ Հայկական քաղաքական վերլուծական միտքը սովոր է Հայաստանի նմանակով Ադրբեջանը ևս պատկերացնել որպես ռուսական սատելիտի ու շարունակել ռուսներին վերագրել ադրբեջանական ագրեսիաների նախագծումը։ Դե այդպես հեշտ է՝ հայկական հայրենասիրական բրավադան իր տարերքի մեջ կմնա, մեր ինքնակործան նիրհը չի խանգարվի, ու մեր դժբախտություններն էլ կշարունակենք վերագրել ռուսների միջամտությանը։
Բայց գոնե Պուտինի այս խոստովանությունից հետո պահն է սթափվելու և հասկանալու մեր շուրջը կատարվողը։ Փորձեմ ի մի բերել ադրբեջանական ռազմաքաղաքական ռեսուրսները և ըստ այնմ էլ գուշակել Պուտինի մտահոգությունները։

1. Տարածական առումով Ադրբեջանը սկզբունքային դիրքեր է գրավում ռեգիոնում՝ միջանկյալ հիմնական պատնեշ լինելով Ռուսաստան-Իրան և առհասարակ դեպի հարավ առանցքում։

2. Ադրբեջանը Կասպյան ավազանի հինգ երկրներից մեկն է և հավասար իրավունքների տեր է ռեգիոնալ գերխաղացողներ՝ ռուսների, պարսիկների ու ղազախների հետ միասին։ Նման հզորների հետ նույն սեղանին հավասար իրավունքներ ունենալը շատ բարձր ստատուսային կարգավիճակ է և այլևայլ հարցերում հնարավորությունների ապահովման մեծ դաշտ։

3. Ադրբեջանը թուրանական պրոցեսի առանցքային երկիրն է, և այդ հարցի ցանկացած զարգացում բացառապես Ադրբեջանի իրավասությունների առարկան է։ Իր նկրտումներով և հավակնություններով Ադրբեջանը առնվազն ռեգիոնալ գերտերության է ձգտում։

4. Ադրբեջանցիք ահռելի ներկայություն ունեն ռուսական ներքին կյանքում՝ մի կողմից որպես մուսուլմաններ, մյուսից՝ որպես էթնիկ թուրքեր, մյուսից՝ որպես Մոսկվայի ու ռուսական մեծ քաղաքների բնակչության մի ահռելի մասը կազմող հենց զուտ ադրբեջանցիներ։
Նրանք արդեն և ֆինանսական պոտենցիալն ունեն, և ամբիցիաները՝ ռուսների հետ որպես հավասարի խոսելու, ու շահեկան դիրքերից՝ ի նկատի ունենալով Ռուսաստանի դեմոգրաֆիական անկումային դինամիկան։

5. Իր նավթային և գազային ռեսուրսներով, դրանց տարանցիկ ուղիների ու այդ հարցերի քաղաքական ճարպիկ ուղղորդմամբ, Ադրբեջանը միջազգային արենայում դիտվում է որպես արևմուտքի դաշնակից՝ Ռուսաստանին ամենատարբեր ձևերով “նեղելու” հարցերում։

6. Ադրբեջանը կարողացել է հենց ռուսների հաշվին վերազինվել առանց որևէ ռազմաքաղաքական պարտավորությունների հանդեպ Ռուսաստանը և ռազմականով էլ հավակնում է ռեգիոնալ հիմնական հարց լուծողի կարգավիճակի՝ մանավանդ Իրանի դեմ միջազգային հակամարտության ու իրանական Ադրեբեջանի առկայության պայմաններում։

7. Թեժ պահելով ղարաբաղյան կոնֆլիկտը և օգտվելով հայկական ապաշնորհ իշխանությունների անճարակությունից, Ադրբեջանը թուրանական ալյանսում դիտվում է որպես այն ուժը, որը վերջապես կլուծի Թուրանի ապահովման հարցը և կդառնա նոր՝ թուրանական կայսրության հիմքը։
Հայ քաղաքագետները, որպես կանոն, քամահրանքով են նայում թուրանական պրոցեսի պոտենցիալին, այն համարելով ժամանակավրեպ և օբյեկտիվ աշխարհքաղաքական հիմքերից զուրկ։ Սույն հոդվածի նպատակը Թուրանը չէ, և ես չեմ խորանա այդ հարցի մեջ, կշեշտեմ միայն, որ կախված շահագրգիռ ուժերի կողմից ընթացող պրոցեսների տնօրինումից, ներկա պահին ոչ հավանական թվացողը վաղը կարող է միակ իմաստալիցը լինել։
Թող այդ քաղաքագետները նաև մտովի ի մի բերեն թուրանական ազգերի դեմոգրաֆիական, ռազմական ու տնտեսական պոտենցիալները, Եվրոպայի մուսուլմանացման դինամիկան, Թուրքիայի հանդուգն քաղաքականությունը գործնականում բոլոր գերուժերի՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Եվրամիության ու Գերմանիայի հանդեպ, ույղուրական անջատողականությունը, Սիբիրի տարածքի՝ ֆորմալ առումով որպես էթնիկ թուրքական ինքնավարություններ ձևակերպված լինելը։
Ի տարբերություն Ադրբեջանի, որը միջազգայնորեն չեզոք երանգներ ունի, Ռուսաստանը վերջին տարիներին դարձել է Արևմուտքի հիմնական թիրախը և ոչ մի կերպ չի կարողանում խուսափել այդ կարգավիճակից։
Թե ինչու հենց Ռուսաստանն ընտվեց որպես թշնամական թիրախ, միարժեքորեն նկարագրելը հավանություն չի ստանա, մանավանդ տարբեր դիտակետեր ունեցողներից, բայց իմ կարծիքով, հիմնական գործոնները հետևյալներն էին։

1. Ռազմականորեն համարժեք թշնամի ունենալու ներհանրային ավանդական պահանջը, որը միավորեց Արևմուտքին ընդդեմ հեշտ թիրախի՝ թուլացած Ռուսաստանի։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքի գաղափարական-տեսական թշնամին Սովետ Միությունն էր։ Այդ հակամարտությունը սկզբունքային դրական լիցք էր հաղորդում արևմուտքին՝ տնտեսական, գաղափարական մրցակցության ու բազմակողմանի զարգացման հարցերում։ Առանց լուրջ թշնամու կերպարի Արևմուտքը կկորցներ իր ներքաղաքական ու ռազմաստրատեգիական ուղենիշերը, որը մահացու կլիներ ամեն պահի աճ պահանջող կապիտալիզմի համար։ Վերջին 60 տարիների տեղային պատերազմները հենց այդ նպատակով են տարվել և սպասարկում էին Սովետ միության հետ մրցակցությունը։
Սովետների անկումից հետո նոր թշնամու ձևավորման պահանջ առաջացավ։ Հարավսլավական մասնատումներից, արաբական գարունների վերջում ու սիրիական պատերազմին զուգընթաց պարզ դարձավ, որ հաջորդ թիրախը չի կարող երկրորդական, թույլիկ երկիր լինել։ Եվ հենց այդ նպատակով որպես հակառակորդ ընտրվեց ռազմականորեն հզոր և տնտեսապես թզուկ Ռուսաստանը, և կոնկրետ պրոցեսն էլ սկսվեց Ուկրաինայում։
Ռուսաստանի թշնամի լինելու հարցը Հիլարի Քլինթոնի ողջ քարոզարշավի առանցքն էր և հակառակ դիրքերից խոսող Թրամփի հաղթաթուղթը։ Հասարակ մարդիկ ձայնը տվեցին Թրամփին նաև ռուսների դեմ առճակատումից խուսափելու խոստման համար։ Բայց, ինչպես միշտ, օֆիս մտնելուց հետո նոր նախագահն անցնում է յուրահատուկ քավարանով, ուր նրան տրվում են հետագա անելիքների նախագծերը։ Դրանցում ամերիկյան համար մեկ խնդիրը ներկա պահին Ռուսաստանին որպես թշնամի ձևակերպելն է։

2. Արևմուտքի կողմից Սիբիրին տիրապետելու ապագա հարցը՝ ռուսական պետական, ռազմաքաղաքական ու դեմոգրաֆիական անկման պայմաններում։

3. Պուտինի կառավարման վարքի մեղմ ասած ոչ ադեկվատությունը։
Այդ մարդն արդեն 18 տարի փաստացի Ռուսաստանի միանձնյա կառավարիչն է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քիչ թե շատ կարգ ու կանոն հարգող ժողովրդին գրագետ, ավտորիտար կառավարիչը կարող է աննկարագրելի հաջողությունների հասցնել։ Մեր աչքի առաջ է Լի Կվան Յուի օրինակը, Դեն Սյաո Պինի դրական ահռելի դերը Չինաստանի զարգացման հարցում, արաբական շեյխերի աննախադեպ հաջողությունները՝ պետականակերտման ու տնտեսական զարգացման հարցերում։
Իսկ պուտինյան Ռուսաստանում տարօրինակ վիճակ է՝ մենք տեսնում ենք արդեն համարյա երկու տասնամյակ “խելոք” խոսող ու “խրոխտ” գործող Պուտին ու օր-օրի կործանվող Ռուսաստան։
Համացանցում արդեն բազմաթիվ քաղաքագետ-մասնագետների կարծիքների կհանդիպեք, որոնցում Պուտինը դիտվում է որպես շատ խորքային, քողարկված, ռուսական պետական ու ազգային շահերի դավաճան-մանիպուլյատոր։ Ես ի նկատի չունեմ արևմտամետ, բազմաթիվ առումներով 5-րդ շարասյան ֆունկցիաների անցած ընդդիմությանը, այլ հենց ռուսական ազգային շահերին նվիրված վերլուծաբաններին։
Ինչևէ, վերադառնանք Պուտինի ալիեվյան մեղմ ասած “գլխացավանքին”։ Ակնհայտ է, որ Պուտինն արդեն խճճված է իր իսկ քաղաքական մանիպուլյացիաներում Ալիեվի հետ հարաբերություններում, այլապես նման բան ոչ մի պարագայում չէր ասի։
Թե ինչ է հիմա պահանջում Ալիեվը, կարևոր էլ չէ, որովհետև ըստ ավանդական հետագծի, հաստատ ստանալու է իր ուզածը։
Ստանալու է, որովհետև Պուտինը եվրասիականության մեռյալ, հակառուսական գաղափարն է քարշ տալիս արդեն երկու տասնամյակ և թքած ունի, որ արդյունքները միայն բացասական են։
Ստանալու է, որովհետև թուրքերի կողմից ինքնաթիռի խոցելուց հետո Պուտինն իրեն պահեց ոչ որպես գերտերության ղեկավար, այլ որպես աֆրիկյան աղքատ ու անուժ երկրի քաջնազար։
Ստանալու է, որովհետև նման տրամադրությամբ հանդիպման գնացող Պուտինն ամեն ինչ կտա, միայն թե ազատվի բանակցականում իրեն գերազանցող Ալիեվի պատճառած հերթական գլխացավանքներից։
Վատ ժամանակներ են։ Եվրոպան չընտրված և որևէ պատասխանատվությունից զուրկ մոգերինիների ձեռքին է։ ԱՄՆ-ն թաղված է ներքին քաղաքական հիստերիայի մեջ, որի հիմնական վեկտորը մասամբ նոր նախագահն է, բայց հեռանկարում նորից Ռուսաստանն է։
Ռուսաստանը մանիպուլյատոր ղեկավարի և կապը կտրած օլիգարխների ձեռքին է։ Հայաստանը գիտենք ում կալվածքն է։ Ու գիտենք, թե ինչ ունեն իրենց մտքում մշտապես ուզող ու իրենց ուզածին հասնող Ալիեվն ու Էրդողանը։Շատերը կասեն, թե մենք չէ, որ Ռուսաստանին իր շահերը պետք է բացատրենք։ Քավ լիցի, ես փորձում եմ հասկանալ մեր շահերն ու մեր անելիքը հենց այն պարագայում, երբ ռուսական շահեր ասվածն այլևս աբսուրդային են։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing