Լրահոս

Պուտինը սկսեց մտածել. իշխանությունը պահելու նոր մոտիվ Սերժ Սարգսյանի համար

 

Բուրյաթիայում անցկացված հեռուստակամուրջի ընթացքում տեղացիներից մեկն ասել է, թե ժողովուրդը պահանջում է, որ Պուտինը առաջադրվի 2018 թվականին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին: «Լավ, կմտածեմ, շնորհակալություն»,- պատասխանել է Պուտինը: Նա Բուրյաթիա է մեկնել լուծելու անտառային հրդեհների խնդիրը:

Կասկածից վեր է, որ այս «ինքնաբուխ» հարցը նախապատրաստված է եղել հենց Կրեմլի քարոզչական խմբի կողմից և ուղղված է Պուտինի իշխանության երկարաձգման համառուսաստանյան խնդրանքի ֆոնի ստեղծմանը: Պուտինի նոր նախագահական կամպանիայի ոչ պաշտոնական մեկնարկը ազդարարվեց անցած կիրակի, երբ ռեստարտ տրվեց ռուս-ամերիկյան նոր Սառը պատերազմին:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների աննախադեպ ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի գործող նախագահն ըստ էության նահանջի հնարավորություն չուներ էլ, որովհետև իշխանությունը փոխանցելու ցանկացած փորձ նույնացվելու էր կապիտուլյացիայի հետ՝ հարուցելով անտագոնիզմի ռեսուրսով գործող համակարգի անկայունությունը: Մյուս կողմից՝ նախագահական նոր ժամկետն ամենառիսկայինն է լինելու Պուտինի համար, որովհետև Ռուսաստանն ակնհայտորեն սպառում է Արևմուտքին հակադրվելու ռեսուրսները՝ հատկապես ամերիկյան նոր պատժամիջոցներից հետո:

Ռուսական էլիտայի քարոզչական հնարքները, կայսերական հռետորաբանությունը գուցե ազդու լինեն հաջորդ տարվա ընտրություններում, սակայն չեն կարող առաջիկա տարիների համար երաշխավորել իշխանության կայունությունը, որովհետև արագ փոխվում է աղքատացող ռուսաստանցիների քաղաքական պահանջների նշաձողը, ինչի պերճախոս վկայությունը Նավալնու շարժման ուժեղացումն է: Նույնիսկ կարելի է պնդել, որ առաջիկա ընտրությունները և դրանցում կանխատեսելի հաղթանակը Պուտինի համար ժամանակ շահելու միջոց են, որպեսզի նա իշխանության նոր այցեքարտի, դրա փոխանցման և իր հնարավորինս քաղաքակիրթ հեռանալու ելքերը գտնի:

Պուտինի նախագահության շարունակումը լրացուցիչ մոտիվ է, որ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը նույնպես ֆորմալ առումով մնա իշխանության ղեկին: Դա տեղավորվում է, այսպես կոչված, եվրասիական կոնսենսուսի տրամաբանության մեջ: Մյուս կողմից՝ Սարգսյանի պրոբլեմը ոչ թե վարչապետ դառնալը կամ իշխանություն պահելն է, այլ այն համակարգը, որի վրա նա հենվում է:

Տարիների ընթացքում Սարգսյանը ձևավորել է մի համակարգ, որում չունի մրցակիցներ, որի միակ կոնսենսուսն ինքն է, սակայն այդ համակարգը կարողանում է լուծել միայն իշխանության պահպանման հարց՝ երկրի համար ստեղծելով նոր մարտահրավերներ և, ըստ էության, զրոյացնելով հեռանկարում իշխանության խաղաղ փոխանցման հնարավորությունը:

2018-ը Սերժ Սարգսյանի համար պրոբլեմ չէ, նրա պրոբլեմները սկսվելու են հետո, երբ նա հարկադրված է լինելու զբաղվել սեփական համակարգի ապամոնտաժմամբ:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing