Լրահոս

Պուտինը սպառնում է պատասխանել. պատժամիջոցներ, գաղտնի հանդիպումներ, ինտրիգներ

 

ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդամները պայմանավորվել են նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք կոչված են ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։ Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են նաև զրկել Սպիտակ տանը արդեն գործող հակառուսական սահմանափակումները միանձնյա վերացնելու իրավունքից։ Այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին հարցերով սենատի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Կոկերը։ Նրա խոսքով՝ իրենք համաձայնության հասել են, այժմ մշակում են տեքստը։ Նոր հակառուսական պատժամիջոցները կսահմանվեն՝ ի պատասխան Ուկրաինայի և Ղրիմի տարածքային ամբողջականության խախտման, բացահայտ կիբերհարձակումների, ընտրություններին միջամտելու և Սիրիայում շարունակվող ագրեսիայի։
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ ՌԴ-ն միջամտել է Նիդեռլանդների և Ֆրանսիայի ընտրություններին: «Կարծում եմ՝ այո»,- ասել է նա՝ ԱՄՆ սենատում լսումների ժամանակ: Նա նաև համաձայնվել է սենատորներից մեկի կարծիքին, որ Մոսկվան հետաքրքրված է ավելի թույլ ՆԱՏՕ-ով: Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտնել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին։ Պատասխանելով Կոնգրեսի կողմից դիտարկվող նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի վերաբերյալ հարցին՝ Թիլերսոնը հայտարարել է, որ «մենք մեծ խնդիր ունենք ռուսների հետ…մեր հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա և շարունակում են վատթարանալ։ Մեր նպատակն է երկխոսությունը կայունացնելը»։ «Մենք աշխատում ենք՝ պարզելու, կա՞ հիմք Մոսկվայի հետ մեզ հետաքրքրող ոլորտներում աշխատանքային հարաբերությունների վերականգնման համար։ Հատկապես ներդրվում են ջանքեր՝ կապված սիրիական խնդրի հետ», նշել է Թիլերսոնը։
Նկատենք, որ Մոսկվան բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու վերաբերյալ ամերիկյան հատուկ ծառայությունների մեղադրանքները, իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակ անհիմն»: Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների ռուսական միջամտության մասին խոսելիս հայտարարել էր, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԱՄՆ-ը ողջ աշխարհում միջամտում է ուրիշների քաղաքական գործընթացներին, բայց ՌԴ-ից է նեղանում, որն, իբր, միջամտել է իր ընտրություններին, թեև գործնականում Մոսկվայի համար այդպիսի միջամտությունն իմաստ չունի:
ՌԴ-ն երբեք չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին՝ ի տարբերություն շատ գործընկերների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում։ «Մենք, ի տարբերություն մեր շատ գործընկերների, երբեք չենք միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին։ Դա մեր աշխատանքի սկզբունքներից մեկն է»,-ասել է Պուտինը ֆիլմի հատվածում, որը տարածել է Showtime հեռուստաալիքը։ «Երբ մեզ մոտ խնդիրներ ծագեցին Չեչնիայում, Հյուսիսային Կովկասում, ցավոք, ամերիկացիներն աջակցեցին այդ գործընթացներին»,-ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում էր ԱՄՆ-ի օգնությունը, սակայն դրա փոխարեն ի հայտ բերեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները զբաղվում են ահաբեկիչներին աջակցելով։
Ինչևէ, Պուտինը պատշաճ պատասխան է խոստացել ՆԱՏՕ-ի գործողություններին: Նա նշել է, որ ՌԴ-ն պատշաճ պատասխան կտա ՆԱՏՕ-ի գործողություններին ռազմավարական հաշվեկշռի պահպանման համար՝ ըստ այդմ ծախսելով քիչ միջոցներ՝ ոչ ի վնաս արդյունավետության։ Այս մասին ևս նա հայտարարել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ ֆիլմում»։ «Ռուսաստանի համար կա երկու սպառնալիք։ Առաջինը մեր սահմաններից անմիջական հեռավորության վրա՝ արևելաեվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի հակահրթիռների տեղակայումն է։ Երկրորդ սպառնալիքը կայանում է նրանում, որ հակահրթիռային արձակման կայանքները մի քանի ժամում կարող են վերահանդերձվել՝ հարվածային հրթիռների տեղակայման համար»,-ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ ՀՀՊ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը և ՀՀՊ նոր համակարգի շինարարությունը հանդիսանում է Վաշինգտոնի ռազմավարական սխալ, սակայն այդ հարցով երկխոսությունը պետք է շարունակվի։
Ավելին` Պուտինը նույն հարցազրույցում ասել է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը հայտնվել է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի պատճառով: «Ալ-Քաիդա»-ն մեր գործունեության արդյունքը չէ, դա մեր ամերիկացի ընկերների գործունեության արդյունքն է», ասել է ՌԴ նախագահը: «Դա սկսվել է դեռ Աֆղանստանում խորհրդային պատերազմից, երբ ամերիկյան հատուկ ծառայություններն աջակցում էին Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ պայքարում իսլամական արմատականության տարբեր ուղղություններին: Ամերիկացիներն աճեցրել են և՛ «Ալ-Քաիդան», և՛ Բեն Լադենին, իսկ այնուհետև ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից: Դա միշտ այդպես է լինում, և ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է այդ մասին իմանային: Դա նրանց մեղքն է»,- փաստել է Պուտինը:

Հետաքրքրականն այն է, որ ռուս-ամերիկյան անմխիթար հարաբերությունների մակարդակի առկայության պայմաններում, միևնույն ժամանակ ուշագրավ տեղեկություններ են ի հայտ գալիս`ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը ՌԴ իշխանության հետ գաղտնի բանակցություն է վարել Սիրիայի հարավ-արևմուտքում լարվածությունից զերծ գոտի ձևավորելու վերաբերյալ: Թերթի զրուցակիցները նշել են, որ բանակցությունը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի՝ Մոսկվա այցից հետո: Այցը տեղի ունեցավ ապրիլին: Այդ ընթացքում եղել է ընդամենը երկու հանդիպում: Վերջինը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, Հորդանանում՝ գրում է The Wall Street Journal-ը: Դրան մասնակցել են նաև Հորդանանի պաշտոնյաներ: Եվս մեկ հանդիպում, ըստ թերթի աղբյուրի, պետք է տեղի ունենար ընթացիկ շաբաթ Ամմանում, սակայն ժամանակացույցի խնդիրների պատճառով հետաձգվել է, իսկ նոր հանդիպման ժամանակը դեռևս հստակ չէ:

The Wall Street Journal-ը գրում է, որ այդ բանակցությունը վկայում է Մոսկվայի հետ հարաբերությունը կարգավորելու Վաշինգտոնի ձգտումը, սակայն դրանք գաղտնի են ընթանում, քանի որ ԱՄՆ-ում շարունակվում է նախագահի ընտրությանը Ռուսաստանի միջամտության հարցի քննությունը: Բացի այդ, թերթը գրում է, որ Պենտագոնը զգուշավորությամբ է մոտեցել լարվածությունից զերծ գոտու ստեղծմանը, քանի որ ռազմական պաշտոնյաները այն համարել են արգելված և մտավախություն ունեցել, որ դա ավելի կներքաշի ԱՄՆ-ը սիրիական հակամարտության մեջ: Թերթի զրուցակիցները նաև հույս են հայտնել, որ կհաջողվի գործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում: Ամերիկյան կողմից բանակցությանը մասնակցել են հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Բրետ Մակգրեգը և Մայքլ Ռետնին:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing