Պուտինի մարտահրավերը Հայաստանին. նրա ուղերձը

1

ՌԴ նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս Դաշնային ամենամյա ուղերձով, որի բովանդակությունը հանրային եւ փորձագիտական շրջանակների համար հնարավորություն է կռահելու կամ վերլուծելու, թե ինչ քաղաքականություն է վարելու Պուտինը առաջիկայում, մասնավորապես արդեն նախագահական նոր ժամկետում՝ ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման ուժգնացած քաղաքականության պարագայում:Ուղերձի հատկանշական պահերից մեկն այն է, որ Պուտինի մոտ նկատվում են անառողջության նշաններ: Դա իհարկե կապ չունի բովանդակության հետ, ըստ այդմ ենթադրվում է, որ չպետք է կապ ունենա նաեւ նրա հետագա քաղաքական քայլերի, պետական ներքին ու արտաքին քաղաքականության հետ:Սակայն, համարել, որ առաջնորդի՝ այն էլ տոտալիտար համակարգերի առաջնորդի առողջությունը նշանակություն չունի այդ համակարգերի պահվածքի եւ հետագա քաղաքականության համար, նշանակում է գտնվել մոլորության մեջ:

Պուտինն արդեն տեւական ժամանակ չէր երեւում հանրային միջոցառումների, մի շարք միջոցառումներ էլ չեղարկել էր: Կրեմլը պատճառաբանել էր, որ նա մրսածություն ունի: Ուղերձը վկայում է, որ Պուտինն իսկապես ունեցել է առողջական այդ խնդիրը: Այստեղ հատկանշականն այն է, որ խնդիրը փաստորեն տեւում է բավական երկար, հաշվի առնելով այն, թե որքան որակյալ օգնություն կցուցաբերվեր առաջնորդին հնարավորինս արագ ոտքի կանգնեցնելու, լիարժեք աշխատունակ դարձնելու համար:

Բայց ակնառու է, որ չնայած ջանքին, ուղերձի հղումն այդուհանդերձ չի ապահովվել լիարժեք առողջացման պայմաններում: Դա նշանակում է, որ առողջությունն այդուհանդերձ դառնում է Պուտինի թույլ տեղը, օրգանիզմի ընդհանուր դիմադրունակության մասով: Ուղերձի բովանդակությունից առաջ, այդ հանգամանքն անկասկած յուրօրինակ ուղերձ է ՌԴ նախագահի թե մերձավոր, թե հեռավոր շրջապատի, իսթեբլիշմենտի, ՌԴ իշխանության «պոլիտբյուրոյի» համար:Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա Պուտինը ուղերձը սկսեց նրանով, որ Ռուսաստանը պետք է լինի աշխարհի առաջ բաց, դինամիկ զարգացող պետություն, այլապես չի կարող ունենալ ապագա: Ընդհանրապես, Պուտինի ուղերձում բավական շեշտադրված է եղել տնտեսական զարգացման, արդիականացման ու բնակչության սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունը: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ փաստացի նախընտրական ուղերձը կկառուցվի հենց այդ շեշտադրումների գերակայությամբ:

Բանն այն է, որ Արեւմուտքի հետ դիմակայության, մեծապետականության գործոնը թերեւս բավարար չէ ռուսաստանցիներին Պուտինի շուրջ վերստին համախմբելու համար, քանի որ այդ ամենը աշխատում են, երբ հանրությունը վայելում է նավթի ու գազի տնտեսական էֆեկտը: Երբ կան պատժամիջոցներ, նավթն ու գազը չունեն անհրաժեշտ գնային բարձրությունը, Ռուսաստանի հասարակության զգալի մասը սկսում է թերեւս այլ կերպ նայել «ռուսական մեծապետականության» եւ «ցարի» գաղափարների խաղարկմանը:

Այդ ամենին հավելյալ բարդություն է առաջացնում նաեւ տեղեկատվական դարաշրջանը:Ըստ այդմ անհրաժեշտ է մարդկանց խնդիրներին ավելի մոտ ուղերձ, եւ Պուտինն այդպիսով կամա թե ակամա ավելի մոտենում է իրականությանը: Իսկ իրականությունը հսկա Ռուսաստանում՝ մեծ աշխարհքաղաքական հավակնություն ունեցող Ռուսաստանում առողջապահական, կրթական, սոցիալական, մարդասիրական բազմաթիվ, ահռելի խնդիրներն են:Պուտինը արել է հայտարարություններ դրանք լուծելու վերաբերյալ, սահմանել նոր նշաձողեր, հայտարարելով որ դրանց հասնելը բարդ է, բայց ոչ անհնար, եւ միաժամանակ անհրաժեշտ է:

Կկարողանա՞ Պուտինը լուծել այդ խնդիրները, կամ կցանկանա՞, թե շեշտադրումներն ընդամենը ընտրության խնդիրը լուծելու համար են: Ընդհանրապես, նրա նոր նախագահական ժամկետի բովանդակությունը թերեւս մեծ անորոշություն է եւ անկանխատեսելիություն, բոլոր իմաստներով՝ նրա անձնական առողջությունից մինչեւ պետական ռեսուրսային կենսունակություն:Այդ ամենին ուշադիր հետեւելու եւ հնարավոր բազմաթիվ, ամենատարբեր սցենարների պատրաստվելու մեծ անհրաժեշտություն ունի Հայաստանը, հաշվի առնելով թե ՌԴ հետ տնտեսա-քաղաքական, անվտանգային սերտ հարաբերությունն ու կապվածությունը, որը շատ տեղերում ընդհուպ կախվածություն է, ու թե նաեւ ՌԴ ազդեցությունը թե Կովկասի, թե Հայաստանի խնդիրների վրա:

Այդ իմաստով իրավիճակը բազմաիմաստ է, իսկ Պուտինի սոցիալականացված ուղերձը ինչ որ առումով նաեւ մարտահրավեր Հայաստանին, մասնավորապես 2040 թվականին 4 միլիոն դառնալու Սերժ Սարգսյանի հռչակած ծրագրին:Կասկածից վեր է, որ 4 միլիոնի իրական ակնկալիք լինելու դեպքում հիմքում առանցքային նշանակություն պետք է ունենա ներգաղթը, բնական ճանապարհով այդ ցուցանիշը բացարձակապես հասանելի չէ:

Ներգաղթի մասով էլ անշուշտ առանցքային «աղբյուր» կարող է լինել Ռուսաստանը, այնտեղ տեղափոխված հայությունը:Ներկայում Ռուսաստանի բավական վատթարացած տնտեսական վիճակը, տնտեսա-քաղաքական հեռանկարները առաջացնում են «տեսլական», որ Հայաստանում տնտեսական որոշակի աշխուժություն, միջավայրային վերափոխում անելու դեպքում իրատեսական է ակնկալել Ռուսաստան տեղափոխված հայերի վերադարձ, եւ գուցե նույնիսկ հենց ռուսաստանցի հայերի տեղափոխում Հայաստան:Բայց եթե Պուտինը հավատարիմ մնա արդիականացման իր ուղենիշներին, սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնակարանային ոլորտում հռչակագրերին, ապա Ռուսաստանում իրավիճակը կարող է էապես բարելավվել, ինչը կարող է կտրուկ նվազեցնել Ռուսաստանը լքելու հայերի հնարավոր ցանկությունը:

Ըստ այդմ, իրավիճակի պարզեցման միջոցով հնարավոր է արձանագրել, որ Հայաստանն ունի Պուտինի ուղերձի բովանդակային մարտահրավերը գերազանցելու անհրաժեշտություն, կամ պետք է հույս ունենալ, որ Պուտինը պարզապես չի լինի խոսքի տեր եւ զբաղված է ընդամենը պարզ քարոզչությամբ, ու Ռուսաստանում տեսանելի ապագայում իրավիճակը տնտեսական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական առումով ոչ թե կբարելավվի, այլ կշարունակի հետընթացը՝ հայերի մոտ ավելի ու ավելի բորբոքելով  Հայաստան հետ գալու ցանկությունը:Ի դեպ, այդ իմաստով խորհրդանշական է, որ Պուտինի ուղերձին զուգահեռ, Հայաստանի խորհրդարանում մեկնարկեց նոր նախագահի ընտրության գործընթացը: Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կամա թե ակամա ասոցացվում է Հայաստանի արդիականացման եւ զարգացման հեռանկարի պարզապես կենսական անհրաժեշտության հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache