Լրահոս

Պուտինի ներկայացուցիչը «սուրաց» Երևան՝ պահն օգտագործելու

 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Առաջին հայացքից սովորական դիվանագիտական արարողակարգ, գուցե մի փոքր զգայուն այն տեսանկյունից, որ Հայաստանում Ռուսաստանից այդօրինակ բանագնացների ընդունելությունը միշտ հարց է առաջացնում, թե ինչ «փորացավով» կարող էր Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ գործուղվել Հայաստան:

Ներկայումս, սակայն, Շվիդկոյի ընդունելությունն ԱԳ նախարարի մակարդակով տեղի է ունենում խիստ խորհրդանշական պահի, երբ Հայաստանում ծագել է, այսպես ասած, աղմկոտ պատմությունը մշակույթի ոլորտում: Խոսքը Հովհաննես Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցահանդեսի և դրա փակման վերաբերյալ Հայաստանի մշակույթի նախարարության որոշման մասին է: Իսկ ցուցահանդեսը վերաբերում էր ստալինյան, բոլշևիկյան բռնությունների զոհերին, նվիրված էր նրանց հիշատակին, որոնցից հազարավորների թվում եղել են հայ մտավորականներ, մտավորականների հարազատներ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի երկու որդիները:

Եվ ահա, Հայաստանում ծագած այդ աղմկոտ պատմության ֆոնին, երբ ցուցահանդեսից 22 օր անց մշակույթի նախարարությունը հանկարծ որոշում է, որ այն պետք է փակել, Հայաստան է այցելում մշակութային գործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Շվիդկոյը, որին Հայաստանում ընդունում են բավական բարձր մակարդակով: Այդ հանգամանքն ամենևին չի նշանակում, որ Շվիդկոյը եկել է հենց աղմկոտ այդ պատմության առիթով: Ավելին՝ նրա այցի և հանդիպման մասին պատմող հաղորդագրության մեջ որևէ տեղեկատվություն էլ չկա այդ մասին՝ քննարկվել են միջմշակութային գործակցության հարցեր:

Բայց բանն այն է, որ Հայաստանում ստալինյան բռնությունների զոհերի հիշատակին բացված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը անուղղակիորեն, բայց հենց հայ-ռուսական միջմշակութային գործակցության օրինակ է: Բանն այն է, որ ռուսական, այսպես ասած, ժամանակակից մշակույթում կամ ավելի շուտ մշակութային քաղաքականության տիրույթում Ստալինն ու նրա գործունեությունը ոչ միայն վաղուց այլևս չեն դիտարկվում, այսպես ասած, բռնությունների կամ անիրավությունների համատեքստով, այլ հակառակը՝ Ստալինը դիտարկվում է իբրև պետականապաշտության, ամուր պետականության, արժանապատվության և համանման այլ բնութագրիչների խորհրդանիշ, որը Խորհրդային Միությունը հասցրել էր համաշխարհային տերության մակարդակի: Այդպիսով, իհարկե, արդարացվում է ոչ թե Ստալինը՝ իր կառավարման տարիների բռնություններով ու հետապնդումներով հանդերձ, այլ արդարացվում է հենց բռնությունը, հետապնդումը, ընդ որում՝ արդարացվում է ոչ թե ինքնին, այլ նպատակով հանդերձ՝ հանուն պետությունը աշխարհում ազդեցիկ դարձնելու, հանուն միջազգային գերտերություն դառնալու կարելի է գնալ նաև հանրային տարբեր շերտերին ուժով լռեցնելու, քաղաքական հայացքների, ազատախոսության և ազատախոհության համար բռնության, հետապնդման ենթարկելու քայլերի:

Ռուսաստանում դա մշակութային քաղաքականության այլևս փաստ հանդիսացող իրողություն է, և Ստալինի կերպարի, այսպես ասած, վերանայումները կրում են ոչ միայն լոկալ բնույթ, այլ նկատելի են անգամ ֆեդերալ քարոզչամիջոցներում: Մարդու իրավունքի, ազատության հանդեպ բռնությունը մատուցվում է իբրև պետությունը փրկելու անհրաժեշտություն:

Անկասկած Հայաստանում իրավիճակն ամենևին այդպիսին չէ, և նույնիսկ Թումանյանի թանգարանում ցուցահանդեսի փակումն ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սկսվել է ստալինյան գործունեության ու կերպարի վերանայման գործընթաց: Թանգարանում ցուցահանդեսի փակման մասին որոշումը դրա մասին վկայություն չէ, գոնե առայժմ, իսկ ահա այդ աղմուկի պայմաններում Հայաստան ՌԴ նախագահի մշակութային գործակցության հարցերի ներկայացուցիչ Շվիդկոյի այցը կարող է տալ մտահոգիչ եզրահանգումների առիթ: Բանն այն է, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանն իրենց գործողությունները համադրում են պետական կենսագործունեության գրեթե բոլոր ասպարեզներում՝ անվտանգություն, քաղաքականություն, տնտեսություն, ապա բացառվում է, որ այդ համադրումը վաղ թե ուշ չհասնի նաև ցանկացած պետության և հանրության համար առանցքային հարթության, առանցքային շերտի՝ մշակութային քաղաքականությանը, լայն, հանրային մշակույթի քաղաքականությանը: Այդ համադրությունն ամենևին չի ենթադրելու համանման գործողություններ միևնույն սիմվոլիկայի շրջանակում: Այսինքն՝ այդ համադրությունը կարող է չենթադրել նաև Հայաստանում ստալինյան ռեաբիլիտացիա: Խնդիրը տրամաբանությունն է, որի թիրախը քաղաքացու հանդեպ իշխանության բռնության հանրային լեգիտիմացումն է՝ պետությունը փրկելու անվան տակ, երբ իրականում պետության հաշվին փրկվում է միայն իշխանությունը: Դրան զուգահեռ՝ հետաքրքիր է մեկ այլ ասպեկտ:

Հանրային աղմուկից հետո Հայաստանի իշխանությունը փորձեց արդարանալ, թե ցուցահանդեսի փակումը զուտ ընթացակարգային, աշխատակարգային խնդիր է և ամենևին կապ չունի պետական քաղաքականության և արժեքային խնդիրների հետ: Ավելին՝ հայտարարվեց նաև, թե Սերժ Սարգսյանի հանձնարարականով նախաձեռնվում է ստալինյան բռնության զոհերի թանգարանի ստեղծում: Եթե Հայաստանում Նժդեհի արձանի տեղադրումը կարող է անհանգստություն առաջացնել Մոսկվայում ԱԳՆ խոսնակի մակարդակով, ապա ամենևին զարմանալի կամ անսպասելի չի լինի, եթե Ռուսաստանում պետական ամրության և արժանապատվության խորհրդանիշ դարձող Ստալինի բռնությունների զոհերի հայաստանյան թանգարանի բացումը անհանգստություն առաջացներ ՌԴ նախագահի ներկայացուցչի մակարդակում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing