Լրահոս

Պուտինի վրեժն Էրդողանից

 

arm147248025724

lragir.am – ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը չի ծրագրում ներկա լինել օգոստոսի 31-ին Անթալիայում տեղի ունենալիք Թուրքիա-Ռուսաստան ֆուտբոլային ընկերական հանդիպմանը: Ավելի վաղ մամուլը տեղեկություն էր հրապարակել, որ այդ հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիայի եւ ՌԴ նախագահները, ի նշան երկու երկրների հաշտության:
Մի քանի շաբաթ առաջ, երբ Անկարան ու Մոսկվան սկսեցին հաշտության գործընթացը, տարածվեց տեղեկություն, թե թուրքական կողմը մտադիր է Թուրքիա-Ռուսաստան հանդիպմանը հրավիրել Պուտինին, քանի որ հանդիպումն ինքնին կազմակերպվում է հաշտություն խորհրդանշելու համար:
Այդպիսով, փաստացի հայտարարվեց յուրօրինակ ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին:
Բայց, ինչպես երեւում է, դա չի ստացվում: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որ Պուտինը ներկա չի լինի Անթալիայում սպասվող հանդիպմանը:
Պեսկովը հայտարարել է, թե «Պուտինը կերկրպագի հեռակա կարգով»: Ըստ երեւույթին Կրեմլն այդպիսով Անկարային ակնարկում է, որ Մոսկվան մտադիր չէ շատ կամ միանգամից շատ մերձենալ Թուրքիային եւ կհաշտվի «հեռավորության» վրա:
Ռուս-թուրքական հաշտության երկու-երեք ամիսների ընթացքում այդ գործընթացը ունեցել է հետաքրքիր զիգզագներ: Օրինակ, այդ ընթացքում միայն երկու անգամ Անկարան հայտարարել է Ինջիրլիք ավիաբազան Ռուսաստանին տրամադրելու մտադրության մասին, բայց կարճ ժամանակ անց հերքել: Դժվար է ասել, Թուրքիան հերքել է ՆԱՏՕ ճնշման ներքո, թե ինքն է խաղ խաղացել ՌԴ հետ, բայց փաստն ուշագրավ է:
Միեւնույն ժամանակ, շատ խորհրդանշական էր Թուրքիայի նախագահ Էրդողանի օգոստոսի 9-ի այցը Սանկտ-Պետերբուրգ, որտեղ Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից առաջ նրան ցուցադրաբար սպասեցնել տվեց մի քանի րոպե, իսկ հետո այդ տեսանյութը հայտնվեց համացանցում:
Ըստ երեւույթին, մերժելով Անթալիայի հրավերը, Պուտինն այդպիսով ֆուտբոլային դիվանագիտության փոխարեն ֆուտբոլային վրեժխնդրությամբ պատասխանեց Էրդողանին:
Իսկ արդյոք Ռուսաստանի նախագահին «հեռավորություն» պահպանել ստիպեց Անկարայի քայլը Սիրիայի ուղղությամբ, ներխուժումն ու ցամաքային գործողությունը: Այստեղ իրավիճակն իհարկե բավական նուրբ է, թվում է, որ Ռուսաստանը ոչ միայն չդժգոհեց այդ առիթով, այլ նույնիսկ անանուն աղբյուրների միջոցով տարածեցին տեղեկություն, որ հավանության են արժանանացնում Թուրքիայի գործողությունը:
Միեւնույն ժամանակ, սակայն, չի բացառվում, որ Ռուսաստանը պարզապես Անկարայի հետ հաշտության գործընթացը նորից չփչացնելու համար որոշեց չդժգոհել, բայց իրականում Անկարայի Սիրիա ներխուժումը գուցե դարձավ Անկարայի հարցում վստահության ավելի նվազման պատճառ, հատկապես այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները փաստացի աջակցեցին Թուրքիայի գործողությունը քրդերի դեմ՝ առնվազն Եփրատի արեւմտյան ափից նրանց արեւելյան ափ մղելու գործում: Ընդ որում, հատկանշական է, որ այդ գործընթացը տեղի ունեցավ ռուս-իրանական տհաճ դրվագից հետո, երբ Թեհրանը փաստորեն Մոսկվային դուրս դրեց իր Համադան ավիաբազայից, ընդ որում մեղադրելով ոչ ջենթլմենության եւ ցուցամոլության համար:
Ինչ խոսք, հասկանալ, թե ինչ է կատարվում Սիրիայի հարցում, չափազանց բարդ է, բայց որ ռուս-թուրքական հարաբերությունում առկա է մեծ անվստահություն եւ փոխադարձ կասկածամտություն՝ չնայած հաշտեցման գործընթացին, կարծես թե դառնում է ավելի ու ավելի տեսանելի:
Ըստ երեւույթին, Անկարան ու Մոսկվան գժտության մի քանի ամիսների ընթացքում շատ բան բաց թողեցին, այդ թվում Հարավային Կովկասում, եւ հիմա բավական դժվար է նոր իրողությունների պայմաններում վերականգնել հարաբերության նախկին բնույթը, որ կար մինչեւ գժտությունը: Նրանց գժտության ընթացքում տեղի է ունեցել Իրան-Արեւմուտք պայմանավորվածությունը միջուկային գործընթացում, Վրաստանում հայտնվել է ՆԱՏՕ-ն, ապրիլյան պատերազմում տապալվել են Ադրբեջանն ու Ռուսաստանը, Մոսկվան դրանից հետո հայտնվել է փակուղում եւ խոստովանում է, որ ԱՄՆ թույլ չի տալիս շարժվել իր ուզածի պես, փաստացի ստիպելով ապահովել Ադրբեջանի զսպվածությունը:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Բայդենի Թուրքիա այցն ու ինչպես ուսուցիչը ծույլ կամ տկար աշակերտին՝ վարժապետական տոնով արված պետա-իրավական լիկբեզը Գյուլենի արտահանձնման թեմայով առաջ բերեց հարց, թե արդյոք Վաշինգտոնը ներկայում միայն այդ հարցում է Էրդողանին բացատրում, որ Ա-ից հետո գալիս է Բ-ն, թե՞ նաեւ այլ, օրինակ ռուս-թուրքական հարաբերության վերականգնման հարցում:
Միով բանիվ, ռուս-թուրքական հաշտությունն անցնում է փոխադարձ շոշափելի անվստահության պայմաններում: Ասել, թե դա չի եղել մինչեւ գժտությունը, միամիտ կլինի: Չնայած ընդհանուր շահին, Ռուսաստանն ու Թուրքիան իհարկե ունեն նաեւ լրջագույն ռազմավարական հակասություններ, օրինակ, մասնավորապես Կովկասում գերակա դերակատարման առումով: Սակայն, եթե մինչ այդ փոխադարձ անվստահությունն ուներ ավելի զուսպ բնույթ, ապա այժմ դա երբեմն դժվար կլինի չցուցաբերել, եթե այլեւս կա «մեջքից հարվածի» նախադեպը:
Միեւնույն ժամանակ, միջազգային մեկուսացման մեջ գտնվող թե Ռուսաստանը, թե Անկարան մի կողմից փորձելով մոտենալ միմյանց, մյուս կողմից շատ լավ զգում են, որ իրենց է մոտենում նաեւ գիտակցությունը, որ ավելի ու ավելի անզոր են դառնում Կովկասի հարցը տանդեմով, եւ անգամ նույնիսկ Բաքվի ներգրավմամբ լուծելու հարցում, եւ ավելի ու ավելի է անխուսափելի դառնում Արեւմուտքի հետ պայմանավորվելու անհրաժեշտությունը:
Ռուս-թուրքական այդ հարաբերությունը Հայաստանի համար գուցե ամենաշահեկանն է, երբ նրանք բացահայտ չեն կռվում, բայց միաժամանակ նրանց հաշտությունը չունի բավարար փոխվստահություն:
Սակայն, երբ խոսք է գնում Հայաստանի համար շահեկանության մասին, պետք է որպես ելակետ ունենալ ինքնիշխանությունը: Որովհետեւ, եթե Հայաստանն ինքնիշխան չէ, ապա որեւէ բանի շահեկանությունը հարաբերական է: Իսկ Հայաստանի ինքնիշխանության հարցը մեղմ ասած կասկածի տակ է, առավել եւս, երբ կասկածի տակ չէ ռուս-թուրքական հարաբերության առանցքային հիմնասյուներից մեկը՝ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որի հիմքում Հայաստանի ինքնիշխան սուբյեկտություն թույլ չտալու պայմանավորվածությունն է:
Ընդ որում, մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ այդ հարցը թերեւս ռուս-թուրքական եզակի հարցերից մեկն է, որտեղ կողմերի միջեւ վստահությունը առավելագույն բարձր մակարդակի վրա է:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am