Լրահոս

Պուտինի խնդրանքը Հայաստանին

 

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը դիմել է ֆորումին մասնակցող ամերիկացի բիզնեսմեններին, խնդրելով օգնել վերականգնել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:«Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել է Պուտինը, ավելացնելով, որ միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից:

Պուտինի դիմումը ունի պատմական ենթատեքստ: Բանն այն է, որ ամերիկյան բիզնեսը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ օգնել է Ռուսաստանին՝ նոր տնտեսություն կառուցելու հարցում, այդ թվում խորհրդային իշխանության տարիներին: Օրինակ, անցյալ դարասկզբին, երբ ԱՄՆ-ն նույնիսկ չէր ճանաչել Խորհրդային պետությունը: Դա քիչ հայտնի փաստ է, սակայն ամերիկյան բիզնեսի օգնությամբ է Ռուսաստանը խուսափել տնտեսական փլուզումից:

Ներկայում Ռուսաստանի տնտեսական վիճակը մոտենում է այդ իրավիճակին, եւ Պուտինի խնդրանքը դրա վկայությունն է: Խնդիրն այստեղ նավթի գները չեն, այլ այն, որ Ռուսաստանը ավանդաբար չի կարողանում մի ֆորմացիայից անցնցում անցում կատարել մյուսին, եւ անհրաժեշտ է արտաքին օգնություն:Ռուսները սովորաբար «մսխում» են տվյալ ֆորմացիան բոլոր առումներով՝ տեխնոլոգիական, ֆինանսական եւ այլն, քանի որ զարգացման որոշակի փուլում, երբ փողը շատանում է, ցուցաբերում են անհամարժեք աշխարհքաղաքական հավակնություններ, բայց քանի որ թիկունքում կոռուպցիան է ու անորակ կառավարումը, այդ հավակնությունների իրացման փորձը հանգեցնում է աղետի:Թե Պուտինը, թե ռուսական «իսթեբլիշմենտը» լավ են հասկանում, որ այս իրավիճակից կարող են դուրս գալ միայն ԱՄՆ-ի օգնությամբ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ռուսական «իսթեբլիշմենտը» փորձում է նմանակել ամերիկյան էլիտաներին, այն հոգեբանորեն ավելի մոտ է նրանց:

Կփրկի՞ այս անգամ Ամերիկան՝ դժվար է ասել: Օբամայի օրոք նկատելի էր որոշակի քաղաքական գիծ, որը բացառում էր այդ օգնությունը, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու եւ այն հումքային հետամնաց երկրի կարգավիճակում պահելու հեռանկարով: Թրամփի վարչակազմի պարագայում առայժմ դժվար է որեւէ որոշակի քաղաքականություն տեսնել, թեեւ կարծես թե օրակարգում առայժմ Օբամայի «գիծն» է:Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ուղիղ ոչ մի կապ: Սակայն ներկայում առկա է մի իրավիճակ, երբ Ռուսաստանն իր քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղում բոլոր ուղղություններով: Ռուսաստանի քաղաքականության «արեալը» հետեւողականորեն կրճատվում է, նախեւառաջ որակի ու ազդեցության առումով, եւ առայժմ միակ ուղղությունը, ուր թվում է ռուսները խնդիր չունեն՝ Հայաստանն է:

Սակայն ամեն ինչ բնության մեջ հարաբերական է, եւ հենց այդ առումով էլ ամենամեծ խնդիրն իրականում Հայաստանն է, որովհետեւ Ռուսաստանը հայտնվել է որոշ առումով Հայաստանից «կախված» վիճակում:Բայց Հայաստանն առայժմ կերակրում է ռուսական բազային, եւ երեւի միակ երկիրն է, որի տարածքում բազա տեղակայած երկիրը չի վճարում: Հայաստանը կերակրում է ռուսական պետական քարոզչամիջոցներին, որոնք պատերազմ են մղում ամբողջ աշխարհի դեմ, նաեւ արդարացնում Ադրբեջանին զենքի մատակարարումները: Հայաստանը կերակրում է ռուսական երկաթուղիներին, վճարելով նրա «վնասները» Հայաստանում: Հայ սպառողները թանկ են վճարում ռուսական պետական կորպորացիաների ծառայությունների դիմաց, օրինակ՝ գազը գնում են աշխարհում ամենաթանկ գներից մեկով:Ի վիճակի՞ է Հայաստանը շրջել այս վիճակը, Ռուսաստանը բերել գործընկերության դաշտ: Օրինակ, Պուտինը ոչ թե ռուսահայ բիզնեսմենների «փակ կլուբ» ուղարկի Հայաստան, այլ խնդրի նրանց՝ օգնել նպաստել հայ-ռուսական հարաբերություններին, որոնք որպես այդպիսին գոյություն չունեն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing