Պուտինի յուրօրինակ առաջարկը եւ Սերժ Սարգսյանի որոշումը

0

Հայաստանի խորհրդարանում քննարկվում է 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եւ այն պետք է դրվի վավերացման: Համաձայնագրի այդ քննարկումը խորհրդանշական է: Թվում է, թե Հայաստանում ծավալվող ներքաղաքական, իշխանության ձեւավորման, վերադասավորման, Սերժ Սարգսյանի վարչապետության ֆոնին: Թեեւ, այստեղ էլ իհարկե կա խորհրդանշականություն, հատկապես, որ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորվում է առկա մարտահրավերներով եւ սահուն անցման անհրաժեշտությամբ:

Խորհրդանշական առավել ուշագրավ ֆոնն իրականում չունի ուղիղ առնչություն հայաստանյան իրադարձությունների հետ եւ այդ ֆոնը կազմավորվել է այլ տեղ՝ Ռուսաստանում, նախօրեին հրապարակված մի հոդվածով, որի հեղինակը ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովն է՝ տարիներ առաջ «սուվերեն դեմոկրատիայի» հայեցակարգի հեղինակը:Այժմ, Պուտինի վերընտրությունից օրեր անց, Սուրկովը առաջ է քաշում նոր հայեցակարգ՝ 14+: Խոսքն իհարկե ոչ թե տարիքային, այլ աշխարհաքաղաքական սահմանափակում ենթադրող հայեցակարգի մասին է: Սուրկովը խոսում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական մենակության մասին: Ընդ որում, դա կանխատեսում չէ, այլ ազդարարում՝ նա ազդարարում է, որ 2014 թվականի հայտնի իրադարձություններն ու Արեւմուտքի հետ հակադրության թեժ փուլի մեկնարկը իրականում Ռուսաստանի մենակության դարաշրջանի մեկնարկն է:Սուրկովը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է 4 դար ինտեգրվել Արեւելքի հետ՝ չի ստացվել, նույնքան էլ հետո փորձել է ինտեգրվել Արեւմուտքի հետ, ընդ որում դրա համար նույնիսկ գնացել է մի շարք զիջումների՝ բանակի, ազդեցության գոտիների հարցում, բայց դարձյալ չի ստացվել, անգամ զիջումները թույլ չեն տվել Ռուսաստանին Արեւմուտքում ընկալվել յուրային: Այժմ եկել է մենակության դարաշրջանը, արձանագրում է Սուրկովը:

Նա ազդարարում է, որ դա ամենեւին չի նշանակում լիակատար մեկուսացում, բայց միաժամանակ հնարավոր չէ նաեւ լիարժեք բացվածություն աշխարհին: Երկու տարբերակն էլ կլինեն անցյալի սխալներ, մինչդեռ ապագան ունի իր սխալները, գրում է Սուրկովը: Նա ազդարարում է, որ Ռուսաստանը կհարաբերվի աշխարհի հետ, կանդամակցի միջազգային կազմակերպություններին, ներդրումներ կներգրավի, անգամ կպատերազմի՝ ըստ նրա պատերազմն էլ հարաբերության ձեւ է, ատելի կդառնա, հիացմունք կառաջացնի, բայց այդ ամենով հանդերձ կմնա աշխարհաքաղաքական մենակ:

Ընդ որում, Սուրկովը գրում է, թե դա երկու ճանապարհ փորձած Ռուսաստանի «երրորդ ճանապարհն» է, «երրորդ Հռոմը», բայց ոչ երրորդ տեսակի քաղաքակրթություն: Ըստ նրա, Ռուսաստանը խառնուրդ է, ինչպես տարբեր ազգերի ծնողներից ծնված անհատները, որոնք գեղեցիկ են, հմայիչ, տաղանդավոր եւ միայնակ: Ըստ նրա, Ռուսաստանն էլ Արեւելքի եւ Արեւմուտքի խառնուրդ է, որը իրականում միշտ եղել է մենակ եւ միայն այժմ է գիտակցում դա եւ ձեւակերպում իր մենակությունը: Պուտինի օգնականը հիշեցնում է Ալեքսանդր Երրորդի խոսքը, որ Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակն ու նավատորմը:Սուրկովի «սուվերեն դեմոկրատիայի» հայեցակարգը մեծ հաշվով չաշխատեց, թեեւ գուցե նա մտադիր է այդ հայեցակարգը աշխատեցնել հենց աշխահաքաղաքական «մենակության» ֆորմատում:Ինչ է իրենից ներկայացնելու այդ ֆորմատը կամ 14+ հայեցակարգը առավել մանրամասն «ճանապարհային քարտեզով», ըստ երեւույթին պարզ կլինի ժամանակի ընթացքում, եթե իհարկե կա այդ «քարտեզը»: Եվ հետաքրքիր է, թե արդյո՞ք դրանում կա նաեւ Հայաստանը, ու ի՞նչ կարգավիճակով, դերակատարումով: Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի «աշխարհաքաղաքական մենակության» սահմանու՞մ, թե՞ ազդեցության, պատասխանատվության գոտում, սակայն ոչ սահմանում: Ընդհանրապես, աշխարհաքաղաքական մենակության սահմանն ու ազդեցության, պատասխանատվության գոտին 14+-ի հայեցակարգում միեւնու՞յնն է, թե «մենակության» սահմանն ավելի նեղ է, որովհետեւ հակառակ դեպքում այդ մենակությունը չի կարող լինել «դիմադրունակ»:Իսկ Հայաստանը կդիմադրի՞, եթե Ռուսաստանն այդուհանդերձ դիտարկի Երեւանը «մենակության» սահմանից ներս: Թե՞ Հայաստանը 14+ հայեցակարգի տրամաբանության մեջ դիտարկվում է ոչ թե իբրեւ մենակության սահման, այլ ազդեցության եւ պատասխանատվության գոտի եւ աշխարհի հետ բաց հաղորդակցության տիրույթ, հարթություն:Խոշոր հաշվով, Սուրկովի հայեցակարգը առաջարկ է աշխարհին՝ Ռուսաստանին մենակ-հանգիստ թողնելու առաջարկ: 14+ հայեցակարգով Մոսկվան փաստացի հաղորդագրություն է հղում, որ համաձայն է այսպես ասած հետ քաշվել իր գոտի եւ քննարկել աշխարհի հետ հարաբերության եւ համակեցության նոր կանոններն ու հարաբերությունները այդ դիրքերից, նոր դիրքերի, բայց պայմանով, որ աշխարհը ճանաչի Ռուսաստանի «մենակության իրավունքը»:Ինչպե՞ս կարձագանքի աշխարհը, ուժի Եվրաատլանտյան կենտրոնները, Վաշինգտոնը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության առանցքային նպատակը Մոսկվայի աշխարհաքաղաքական գործողությունների շրջանակի նեղացումն է:

Սուրկովի շուրթերով Պուտինը թերեւս առաջարկում է քննարկել սահմանները, արձանագրել դրանք եւ անցնել համակեցության կանոնների մշակման: Առաջարկն ընդունելու դեպքում անխուսափելի կլինեն քննարկումները Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի մասով՝ որպես Կովկասի անվտանգության առանցք: Հայաստանը կդիտարկվի այդ խաղում որպես Ռուսաստանի մենակության սահմա՞ն, թե համակեցության տարածք:Այստեղ, ըստ երեւույթին, ամեն ինչ կախված է Հայաստանից, թե ինչքանով Հայաստանը կենսունակ կլինի իր առնչությամբ քննարկումների մասնակից սուբյեկտ լինելուն: Դա անշուշտ առաջին հերթին կախված է այն բանից, թե որքան դինամիկ կլինի ներքին կառավարման որակական փոփոխությունը եւ արդյունավետության բարձրացումը:Զուգահեռ, սուբյեկտության նվազագույն ձգտման իմաստով խորհրդանշական է ոչ միայն Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը եւ դրա վավերացումը 14+ հայեցակարգի հռչակման ֆոնին, այլ նաեւ օրերս Վատիկանի այգում Նարեկացու արձանի տեղադրումը, որը վերջին տարիներին Հայաստան-Վատիկան հարաբերության աշխույժ զարգացող գործընթացի հերթական դրվագն էր, պատմա-քաղաքական եւ քաղաքակրթական խորհրդանշականության ընդգծված համատեքստով:Հայաստանն ըստ երեւույթին փորձում է լինել սուբյեկտ, առաջարկում է աշխարհի ու աշխարհաքաղաքական «մենակի» համակեցության հարթակի տարբերակը: Երեւանն անկասկած լավ է պատկերացնում Ռուսաստանի «մենակության» սահմանից ներս հայտնվելու հիմնարար ռիսկերը, քանի որ այդ դեպքում մեղմ ասած կտրուկ կմեծանա հավանականությունը, երբ Հայաստանը Ռուսաստանի համար կդառնա Արեւմուտքի հետ հարաբերության պատերազմական տարբերակի հարթակ: Չէ որ Սուրկովը պատերազմն էլ համարում է աշխարհի հետ հարաբերության ձեւ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache