Պուտինի Զանգը Քոչարյանին Չփրկեց․ Նա Չի Կարող Լքել Հայաստանը

72

«Առաջին լրատվական»-ը գրում է

Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Երեկ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն ասել էր, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:

Գործ ունենք իրավիճակի հետ, որտեղ ՀՔԾ-ն գործեց բավականին ճկուն՝ փաստի առաջ կանգնեցնելով պաշտպանական կողմին։ Կասկածից վեր է, որ առաջիկա օրերին պաշտպաններն աղմուկ էին բարձրացնելու, թե Հայաստանում սահմանափակվում է մարդու տեղաշարժի հնարավորությունը՝ հղում անելով այն փաստին, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց։ ՀՔԾ-ն, փաստորեն, այսօր վերացրել է այդ բացը՝ Քոչարյանի նկատմամբ սահմանել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Նախաքննության մարմինը ստեղծել է բոլոր իրավական հիմքերը՝ թույլ չտալով, որ երկրորդ նախագահը հեռանա Հայաստանի տարածքից, միևնույն ժամանակ՝ փակելով տարբեր տեսակի քարոզչական մանիպուլյացիաների ճանապարհը։

ՀՔԾ-ն՝ իր այսօրվա որոշմամբ, անշուշտ, վերականգնել է նաև արդարության սկզբունքը․ անհեթեթ է, երբ մարդուն մեղսագրվել է նման ծանր մեղադրանք, սակայն նրա նկատմամբ ընտրված չէր խափանման միջոց, այլ խոսքով՝ որևէ կերպ սահմանափակված չէր նրա տեղաշարժվելու հնարավորությունը։ Սա, մի կողմից, էապես կարող էր խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքին՝ հատկապես այն դեպքում, երբ ՀՔԾ-ն պնդում է, որ նախաքննության բնականոնությունը խաթարված է անգամ երկրորդ նախագահի ազատության մեջ գտնվելու պարագայում, մյուս կողմից՝ Քոչարյանը ցանկացած պահի կարող էր ճողոպրել արդարադատությունից։ Որևէ մեկը, օրինակ, չէր կարող երաշխիք տալ, որ Քոչարյանը Գերմանիա մեկնելուց հետո վերադառնալու է Հայաստան, մանավանդ որ Մարտի 1-ի գործով արդեն կա մեղադրյալի նախադեպ, որը Ռուսաստանում է ու լուրջ պրոբլեմներ են առաջացել նրա արտահանձնման հարցում։

Կա մեկ այլ ուշագրավ հանգամանք։ ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործի շրջանակներում նոր քրեական գործ հարուցեց, որը վերաբերում է 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ծավալած ապօրինի գործողություններին։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը նույնպես ցուցումները ստացել է Ռոբերտ Քոչարյանից ու, ըստ ամենայնի, առաջիկայում երկրորդ նախագահի մեղադրանքն ավելի խստացվելու է։ Կարծում ենք՝ ՀՔԾ այսօրվա որոշումը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ։

Մյուս կողմից՝ խիստ բնական է, որ ՀՔԾ-ն սահմանափակում է արտերկիր մեկնելու Քոչարյանի իրավունքը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլխավոր դատախազությունը վիճարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը, ու առաջիկա շաբաթներին Վճռաբեկ դատարանը քննարկելու է Քոչարյանին կալանավորելու հարցը։

Սակայն իրավականից զատ՝ խնդիրն ունի հսկայական քաղաքական նշանակություն։ Վլադիմիր Պուտինի հայտնի հեռախոսազանգից հետո Քոչարյանի թիմը փորձում էր հանրային կարծիք ձևավորել, որ երկրորդ նախագահի հարցերը Մոսկվան կարգավորել է, ու Հայաստանում որևէ մեկը չի համարձակվի նրա հասցեին որևէ «թթու խոսք» ասել։ ՀՔԾ-ն այսօր ապացուցեց, որ Հայաստանում որևէ մեկն այլևս «անձեռնմխելի» չէ, եթե նույնիսկ Պուտինի ընկերն է ու նրանից շնորհավորական զանգ կամ բացիկ է ստանում։

Խիստ ուշագրավ է, որ ՀՔԾ որոշումը նախորդում է Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։ Հայաստանի վարչապետը Պուտինին, ըստ էության, հասկացնում է, որ հանդիպման է մեկնում՝ հավասար բանակցությունների, առանց ռուսական պայմաններն ընդունելու։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache