Լրահոս

Պուտինն ասել է, թե ինչու տարածքները Ադրբեջանին չպետք է վերադարձվեն

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովից առաջ հանդիպել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցի հետ եւ պատասխանել հարցերին: Այդ շարքում եղել է նաեւ ճապոնական գործակալություններից մեկի ներկայացուցչի հարցն այն մասին, թե արդյոք Ռուսաստանը մտավախություն ունի, որ Կուրիլյան կղզիները Ճապոնիային վերադարձնելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել ամերիկյան զորք:
Պուտինն ասել է, որ իրենք չեն վախենում ոչնչից եւ չունեն նաեւ ԱՄՆ հետ հետագա հարաբերությունը փչացնելու մտադրություն: Բայց ՌԴ նախագահը հայտարարել է, թե տեղեկություն ունեն, որ ամերիկա-ճապոնական համաձայնությունը ենթադրում է, որ Կուրիլների Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվելու դեպքում այնտեղ կարող է լինել ԱՄՆ ռազմական ներկայություն:
Պուտինը հայտարարել է, թե դա ընդունելի չէ իրենց համար:
Փաստորեն, ՌԴ նախագահն ասել է, թե ինչու Ռուսաստանը չի վերադարձնի Կուրիլյան կղզիները Ճապոնիային:
Պուտինի ասուլիսի դրվագը ուշագրավ է, ու նաեւ «ուսանելի»: Որովհետեւ, խոսելով Ռուսաստանի ռազմավարական մտահոգության, շահի, Ճապոնիայի եւ ԱՄՆ հետ հարաբերության հեռանկարի, ռազմավարական զսպման խնդիրների մասին, Պուտինն այդ ահռելի խնդիրների համատեքստում գուցե իր համար էլ աննկատ շոշափել է Հայաստանի եւ Արցախի ռազմավարական խնդիրը:
Ինչ է ասում ՌԴ նախագահը՝ նա ասում է, որ չի վերադարձնի կղզիները, քանի որ այնտեղ կհայտնվի իր ռազմավարական հակառակորդը:
Պուտինն ակամայից ասում է, թե ինչու Հայաստանը եւ Արցախը չեն կարող եւ չպետք է վերադարձնեն ազատագրված տարածքն Ադրբեջանին: Չէ՞ որ այնտեղ էլ հայտնվում է Ադրբեջանի զինուժը, չի բացառվում՝ նույնիսկ Թուրքիայի զինուժը: Չէ՞ որ Նախիջեւանում օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համազորային բանակ, անգամ խոսում են թուրքական ռազմակայանի տեղակայման մասին:
Ահա թե ինչու Հայաստանի, հետեւաբար նաեւ ամբողջ տարածաշրջանի համար է վտանգավոր ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին:
Չգիտես ինչու եւ ինչպես, Կուրիլների մասին այդպես մտածող Պուտինը փորձում է հանդես գալ միջնորդական ջանքով, որ Հայաստանն ու Արցախը իրենց քաղաքացիների անվտանգության հաշվին տարածք տրամադրեն Ադրբեջանին եւ զրկվեն ռազմավարական զսպման կարեւոր ռեսուրսից:
Ավելին, միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Տարածքների հարցում էլ հավանաբար միջնորդում են, որպեսզի Ադրբեջանը զենքը, սպառազինությունը տեղակայելու տեղ ունենա:
Եթե լուրջ, Ռուսաստանի նախագահն իհարկե արտահայտում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն սկզբունքն ու առանցքը՝ պետությունը պետք է հետամուտ լինի սեփական ռազմավարական շահին եւ անվտանգությանը, հստակ ձեւակերպի դրանք միջազգային քաղաքականության օրակարգում:
Մի բան, որը Արցախի առաջին պատերազմի հաղթանակից հետո պետք է արած լիներ Հայաստանը, հստակ ձեւակերպելով խնդիրը: Դրա փոխարեն Հայաստանը համաձայնել է «ապրանքափոխանակության» սկզբունքով բանակցային մի գործընթացի, որը հենց սկզբից արդեն պատերազմի հաղթանակը վերածել է բանակցության առնվազն ոչ-ոքիի՝ բանակցությունը դեռեւս չսկսած:
Ընդ որում, այն պարագայում, երբ ի տարբերություն ներկայում Պուտինի կուրիլյան խնդրի, Հայաստանի պարագայում առկա է քաղաքակրթական համեմատական առավելությունը, եւ Հայաստանի ռազմավարական զսպման ռեսուրս հանդիսացող հաղթանակը գործնականում իր քաղաքակրթական բաղադրիչով ոչ թե հակասում էր միջազգային հանրության օրակարգին եւ անվտանգությանը, այլ լիովին համարժեք ու համահունչ էր դրան: Այսինքն, շահի ձեւակերպման միջավայրի տեսանկյունից Հայաստանը երկու տասնամյակ առաջ ուներ անհամեմատ ավելի ամուր հիմք եւ նպաստավոր պայման, քան ներկայում իր շահը ձեւակերպող Ռուսաստանի նախագահը, որը գործնականում պատերազմ է հայտարարել աշխարհին:
Իսկ ներկայում Հայաստանը զգալիորեն կորցրել է երկու տասնամյակի վաղեմության հիմքն ու նպաստավոր միջավայրը եւ ավելի շատ ասոցացվում է հենց միջազգային հանրությանը փաստացի պատերազմ հայտարարած Պուտինի հետ, քան այն քաղաքակրթական հենքի, որ ուներ երկու տասնամյակ առաջ:
Բայց անգամ այդ պայմաններում միջազգային հանրությունը գործնականում շարունակում է Հայաստանին ընձեռել սխալն ու երկու տասնամյակի շեղումն ուղղելու շանս, ինչում իհարկե էական դեր է ունեցել զինված ուժերը, որը ամենակարեւոր եւ վճռորոշ պահին պահել է Հայաստանի միջազգային շանսի իրավունքը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing