ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում կան մարդիկ, որ 6 մլն դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյանը կփակի դրանք

75

Այն պետական կառավարման համակարգը՝ վարչապետ եւ նախարարներ, որը կա հայաստանում, իսկական պետական կառավարման համակարգը չի. ՀՀ-ում գոյություն ունի զուգահեռ կառավարման համակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, գոյություն ունեն հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից եւ իրականացնում են գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն նախարարությունները:

«Եվ այդտեղ աշխատող մարդիկ նախարարին ու վարչապետից մի քանի անգամ ավել աշխատավարձ են ստանում: Հիմա կանչում ենք էդ մարդկանց, հարցնում ենք, թե ո՞րն է իրենց աշխատանքի արդյունքը եւ պարզում, որ աշխատանքի արդյունքը զրո է: Փոխարենը ունեն պադավատներ, լավ օֆիսներ: Պետական պառավարման համակարգը բաժանվել է երկու մասի՝ էլիտար եւ ոչ էլիտար: Նրանց միավորում է մի բան, որ երկուսն էլ ոչ մի բան չեն անում: Ուղղակի մեկը ոչ մի բան չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուսը՝ ցածր: Մեկը թանկ գալստուկ է կապում, մյուսը՝ էժան: Ես էլ ասում եմ՝ Հայաստանում ոչ մի բան չանելու համար ոչ ոք ոչ մի բան չի ստանա սրանից հետո:

Ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանում բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր կարող են փակվել: Ինչու պետք է լինեն մարդիկ, որ ստանան պետական բյուջեից 6 մլն դրամ աշխատավարձ, երբ Հայաստանում թոշակը 30 հազար դրամ է»,-ասաց վարչապետը:

Նա անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ծրագրին՝ նշելով, որ դա Հայաստանի պարտքը մեկ մլրդ դոլարով ավելացնող պրոյեկտ է. «Եկեք գնանք, տեսնենք, թե դրա քանի տոկոսը կա: Քրեական գործ է հարուցվել նախնական 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ: Ես ԾԻԳ-երի աշխատողներին հրավիրում հարցնում եմ՝ բա էս բետոնը ոնց եք արել, որ չափանիշներին չի համապատասխանում: Չունեն պատասխան, երեսիս են նայում: Հարցնում եմ՝ բա մենք այսօր ոնց իմանանք, թե ճանապարհի վիճակն ինչ է լինելու 15 տարի հետո, ԾԻԳ-ի տնօրենը պատասխանում է՝ 15 տարի հետո կգանք, կտեսնենք»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache