Լրահոս

ՊԵԿ-ն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի. «Ալեքս տեքստիլ»-ում ստուգումներ կսկսվեն

 

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ն ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի Հայաստանի տնտեսվարողների մեջ արտոնյալներ չլինեն: Այս մասին Վարդան Հարությունյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ պետական բյուջեի 2016 թվականի կատարողականի թվերը փաստում են, որ դրական միտում կա այդ գործընթացում:

Անդրադառնալով «Քեթրին գրուպ» ընկերությունում շաբաթներ առաջ կատարված հարկային ստուգմանը, ՊԵԿ նախագահն ասաց. ««Քեթրին գրուպ»-ը տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես բոլոր տնտեսվարող սուբյեկտներում: Այդ տեսանկյունից, եթե մենք ունենք որոշակի ռիսկեր որեւէ մի ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:

Վարդան Հարությունյանն անդրադառնալով «Ալեքստ տեքստիլ»-ի աշխատակիցների թվի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակմանը, ասաց, որ ՊԵԿ լրատվականն արձագանքել է դրան: «Որեւէ երկրում ստվերը 100 տոկոսանոց վերացված չի, ուղղակի մենք ամեն օր պետք է հետեւողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլ»-ը, բոլորն ենք ստուգելու, ոչ միայն… մի ֆիքվսեք մի սուբյեկտի, մի ձեռնարկության վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք… շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք (լրագրողները զուգահեռ նույն հրապարակումն են մատնանշում), ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք դրան»,- վստահ հայտարարեց Վարդան Հարությունյանը: Հարցին՝ խախտումների դեպքում պատիժներ կլինե՞ն, ՊԵԿ նախագահը ծիծաղելով պատասխանեց. «Իհարկե՝ կլինեն»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը հունիսի 20-ին գրել էր, որ երբ Սերժ Սարգսյանն էր այցելել «Ալեքս տեքստիլ», աշխատողների թիվը հայտարարվել էր, թե հասցվելու է 2000-ի, իսկ շաբաթներ առաջ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ հայտարարվել էր, որ աշխատողների թիվը հասցվելու է 7 հազար 500-ի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing