ՊԵԿ նախագահը Կարեն Կարապետյանի՞ն է մեղադրում. Օղակը սեղմվում է

280

lragir.am — Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է. «Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»:

Հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, Անանյանը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով

:Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը: Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին եւ ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ: Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Առավել եւս, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի թիմի անդամ էր:

ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որը խոշոր ցանցերին թույլ էր տվել մեծ հարկեր թաքցնել: Կա սակայն ընդհանուր ընկալում, որ եթե գործարքը եղել է պետական մարմնի հետ, ապա գործարարներին չպետք է պատասխանատվության կանչել: Եվ կարելի է Սամվել Ալեքսանյանին ստիպել վճարել բոլոր հարկերը, բայց օրենքի խախտման մեջ դժվար թե հնարավոր է մեղադրել:

Դավիթ Անանյանն ասել է, որ գործարքը ոչ թե ՊԵԿ կոնկրետ աշխատակցի հետ է եղել, այլ համակարգի: Ստացվում է, որ համակարգային կոռուպցիան կոռուպցիա չէ, եւ ոչ ոք մեղավոր չէ:

Համակարգային կոռուպցիան քաղաքական պատասխանատվություն է ենթադրում: Դրա համար պետք է իշխանությունը՝ իշխող կուսակցությունը պատասխան տա, որը բոլոր գործիքներն ուներ օրենքների ու կարգավորումների համար, բայց այնպես է արել, որ ոմանք կարողանան շրջանցել օրենքը՝ չխախտելով այն:

ՀՀԿ ներկայիս վիճակը հենց «քաղաքական պատասխանատվության» հետեւանքն է: Երբեմնի մոնոլիտ կուսակցությունը, որը տիրապետում էր ազգային բարիքներին, խղճուկ վիճակում է հայտնվել: Ուսուցիչները կուսակցությունից դուրս գալու զանգվածային դիմումներ են գրում: Չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ն չի կարող օրակարգ թելադրել:

Կուսակցության «դեմքերը»՝ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու մյուսները փորձում են չերեւալ երեւի մեղադրանքներ չլսելու համար: Նրանք կուսակցության գրասենյակ են մտնում հետնամուտքով:Սա էլ քաղաքական պատասխանատվությունն է, հավանաբար, ամենասարսափելի գնահատականը:

Հիշվում է, երբ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ պայմանավորվեց հանդիպման մասին, եւ վերջինս չէր համաձայնվում, ԱՄՆ նախագահն անսպասելի հիշեց Կադդաֆիի վերջին րոպեների մասին: Ընը ստիպված էր համաձայնվել: Կադդաֆիի վերջին օրերը նույնպես գնահատական են:



Загрузка...