ՊԵԿ-ով զբաղվում է նաև Հաշվեքննիչ պալատը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

83

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստում որոշում է կայացրել այս տարի հաշվեքննություն իրականացնել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրում ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնելը նախատեսված չի եղել, եւ միայն վերջերս են որոշել: ՀՊ-ն այսպես է մեկնաբանել որոշումը. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռեվիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում արդեն նոր մեթոդաբանությամբ պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն»։ Հատկանշական է փաստը, որ ՊԵԿ-ը վերջերս հայտնվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տեսադաշտում:

Մասնավորապես, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ»-ը, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում` ԱԱԾ-ի պնդմամբ` ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե որքանով կապ ունի ԱԱԾ բացահայտումը ՊԵԿ-ում ՀՊ նախատեսած ստուգումների հետ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ այս ամենը հաջորդեց իրար, եւ թիրախավորվեց կոնկրետ ՊԵԿ-ը:

Մինչ այդ նկատենք` հասարակությունն ԱԱԾ-ից սպասում է նաեւ լուրջ բացահայտումներ մյուս ոլորտներում, օրինակ, թեկուզ, թե ինչպես փոշիացան Նաիրիտ գործարանի միջոցները, կամ ինչպես ձեռք բերվեցին մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ բիոզուգարանները, որ այդպես էլ չօգտագործվեցին, «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքը, օֆշորային սկանդալները եւ այսպես շարունակ: Վերջին տասը տարիներին Հայաստանում նման պատմությունների պակաս չկա: Մնում է միայն այդ ամենով զբաղվել ու բացահայտել:

Ավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



Загрузка...