Ռազմական գործողություններ, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից

33

Թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,-նշեց նախարարը:

Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն ասաց. «Ես բացի հայտարարություն անելուց, հիմք ունեմ մեր զինված ուժերի ոգու եւ պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետը եւ պաշտպանության նախարարը հայտարարում են, մենք անելու ենք դա»:

Ինչ վերաբերում է Նախիջեւանի ուղղությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Այնտեղ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ չեզոքացնենք այդ գործողությունները»:

Նա հերքեց տեղեկությունները, թե Նախիջեւանի ուղղությամբ լարվածությունն աճել է. «Չկա այդպիսի բան, Զինված ուժերն այնպիսի գործողություններ են ձեռնարկել, որ չեզոքացրել են այդ մինչդիրքային տարածության կրճատումը»:

Հիշեցնենք, որ օրերս «EaDaily»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. «2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»:

Նա նշել էր, որ հայկական կողմը ինքը կարող է նախահարձակ լինել՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache