Լրահոս

«Ռազմավարական» գործընկերությունն էլ «պոզով-պոչո՞վ» է լինում

 

 

bezymyannyj

hayeli.am —  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են դարերի ընթացքում ձևավորված բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումի անդամներին ուղղված ուղերձում:
«Համոզված եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա երկու երկրների իշխանության և գործարար շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների կառուցողական երկխոսության ձևաչափով: Դրա օրակարգում արտացոլում կգտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական և ֆինանսական համագործակցության ամրապնդումը, գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կոոպերատիվ կապերի խորացումը»,- ասվում է ուղերձում:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի կոնկրետ է արտահայտվել: Նա իր ուղերձում արձանագրել է, որ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումները «դրական ներդրում են ունենում ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նպաստում են մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության աճին»: Ուղերձում նաև նշվում է, որ հաշվի առնելով երկու երկրների ուժեղ տնտեսական ներուժը և համատեղ աշխատանքի հարուստ փորձը, անհրաժեշտ է հետագայում ավելի սերտ միավորել ջանքերը և ավելի ակտիվացնել համագործակցությունը:
Նկատենք, որ ընթացող ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 12 փաստաթուղթ, որոնք նախատեսում են համագործակցություն մարդասիրական և տնտեսական ոլորտներում:
Արդեն տևական ժամանակ խոսվում էր ու բերվում էին հիմնավորումներ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սերտացման մասին: Շատերն էին հիմնավորում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որակն ու մակարդակն արդեն ռազմավարական բնույթի է հասել:
Ահա, դրա ապացույցները` Ալիևն այսօր հստակ արձանագրում է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական են:
Եթե համեմատելու ենք Ռուսաստան-Ադրբեջան և Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա միանշանակ կարող ենք արձանագրել, որ այս երկուսից հենց Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն են ավելի ամուր ու անկեղծ, ինչը չի կարելի պնդել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների դեպքում: Մոսկվայի և Անկարայի փոխհարաբերություններում տարաձայնությունները պահպանվում են մերձավոր արևելյան խնդիրներում, մասնավորապես Սիրիայում, Ասադի ճակատագրի հարցում: Այսինքն` տնտեսական հարցերից բացի աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդը զիջում է Մոսկվա-Բաքու հարաբերությունների մակարդակին:
Ի դեպ, Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Վերջինս Ռուսաստան է մեկնել իր գործընկերոջ՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով։ Սպասվում է, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ռազմական համագործակցության ու տարածաշրջանային հարցեր։ Հիշեցնենք, որ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 15-ին այցելել էր Անկարա՝ Հուլուսի Աքարի հետ բանակցությունների։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing