Լրահոս

Ռիսկեր հայկական Իսկանդերի «թիկունքում». պահանջվում է աչալրջություն

 

Հայաստանի տնօրինած Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռների դեմ հակամիջոց ունենալու մասին Ադրբեջանի պաշտպանոթյան նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որ հնչել էր ՌԻԱ Նովոստի ռուսական պետական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում, Հայաստանում արժանացավ զգալի ուշադրության: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Հասանովին Հայաստանը պատասխանեց ընդհուպ Գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով: Սերժ Սարգսյանը Տավուշ կատարած այցի ընթացքում հայտարարեց, թե Իսկանդերի դեմ հակամիջոց ունենալու մասին հայտարարողը պատկերացում չունի, թե ինչ է Իսկանդերը:
Իսկանդերն իսկապես հզոր զինատեսակ է, այնպիսի եւ այնքան, որ, օրինակ ՌԴ Կալինինգրադի մարզում դրա տեղակայումը բավական բուռն դժգոհություն է առաջացնում Եվրոպայում: Իսկանդերի տեխնիկա-տակտիկական հնարավորություններն այնպիսին են, որ գործնականում դժվար է պատկերացնել, թե ՀՕՊ ինչ համակարգ կարող է դիմագրավել դրան:
Համենայն դեպս, չնայած Հասանովի «խրոխտ» հայտարարություններին, որոնք գուցե այլ բան չեն, քան ռազմա-քաղաքական անգրագիտություն, դժվար է պատկերացնել, որ, եթե անգամ կա Իսկանդերը որսալու ունակ ՀՕՊ համակարգ, ապա այն հաստատ Ադրբեջանում չէ:
Բայց, այստեղ առաջանում է նաեւ հարց՝ իսկ կարո՞ղ է հասու լինել Ադրբեջանին, եթե իհարկե այդպիսի համակարգ կա: Կրկնեմ՝ ռազմական փորձագիտական գնահատական է անհրաժեշտ, պարզելու համար, թե արդյո՞ք ռազմաարդյունաբերության առաջատարները, գերտերությունները ունեն Իսկանդերը որսալու ունակ համակարգ, ի դեպ այդ թվում նաեւ Ռուսաստանը: Բայց, ակնհայտ է, որ հարցեր կան եւ դրանք ունեն պատասխանի շուրջ մտորումների կարիք:
Որովհետեւ, մտածել, թե ադրբեջանցի նախարարին ՌԻԱ Նովոստին հարթակ է տվել պրիմիտիվ պարծենկոտության համար, թերեւս կլինի միամտություն: Հատկապես հաշվի առնելով, որ հարցազրույցի ընթացքում շոշափվում էին բավական լայն համատեքստով ռազմա-քաղաքական խնդիրներ:
Բանն այն է, որ Իսկանդերի մասին ադրբեջանցի նախարարի հայտարարության մեջ կար մի ուշագրավ պահ, երբ նա ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Ադրբեջանն էլ պատրաստվում է համանման առաջարկով դիմել Ռուսաստանին, Հասանովը գերադասում է չմանրանալ այդ թեմայով եւ միայն ասում է, թե ունեն որսալու միջոցներ: Ընդ որում, նշելով, որ դրանք ռուսական չեն:
Հասանովը գուցե պարծենկոտ է եւ ռազմա-քաղաքական անգրագետ, բայց արդյո՞ք հետաքրքրություն չի առաջացնում այն, որ գոնե առայժմ՝ թե հարցազրույցի ընթացքում լրագրողը, թե դրանից հետո ռուսաստանցի ռազմական կամ այլ փորձագետներ չեն «մերկացնում» Հասանովի տգիտությունը, թե այդ ինչպե՞ս է հնարավոր որսալ Իսկանդերը: Չէ՞ որ նա ոչ միայն Հայաստանի տնօրինած զենքի մասին է խոսում, այլ մի սպառազինության, որը հանդիսանում է ռուսական ռազմաարդյունաբերության հպարտություններից մեկը եւ նախ եւ առաջ իր անկասելիության համար: Մինչդեռ Հասանովը հենց ռուսական քարոզչական հարթակում ասում է, որ իրենք կարող են կասեցնել: Եվ Ռուսաստանը գոնե առայժմ լռում է:
Ավելին, Հասանովն ասում է, որ կասեցնելու միջոցը Ռուսաստանից չեն վերցրել: Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց: Այսինքն, էլ ո՞վ ունի Իսկանդեր կասեցնելու միջոց: Ռուսաստանին առավել եւս պետք է հետաքրքրեր դա: Չէ՞ որ Հասանովը փաստորեն Իսկանդերի «առասպել» է քանդում:
Այստեղ հարկ է անդրադառնալ թերեւս ՌԻԱ Նովոստիին տված Հասանովի հարցազրույցին զուգահեռ, կամ Հասանովից ՌԻԱ Նովոստիի վերցրած հարցազրույցին զուգահեռ Բլումբերգ գործակալության տեղեկությունը, Թուրքիայի պաշտոնյաներից մեկին անանուն հղումով: Ըստ այդ տեղեկության, Թուրքիան համաձայնել է Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլար վճարել երկու դիվիզիոն C 400 ՀՕՊ համակարգ ձեռք բերելու համար, իսկ եւս երկուն էլ պետք է համատեղ արտարդրվի Թուրքիայում:
Որքանո՞վ է այդ տեղեկությունն իրական, դեռեւս պարզ չէ: Սակայն, Ռուսաստանն ու Թուրքիան կարծես թե ապրիլին հայտարարեցին C 400-ի վաճառքի հարցում համաձայնության գալու մասին: Գործարքը գուցե դեռեւս ավարտված չէ, բայց շատ հնարավոր է, որ մոտ է ավարտին:
Իսկ ինչո՞վ է հետաքրքիր այդ գործարքը, եւ Բլումբերգի տեղեկությունը Հասանովի հայտարարությունների ֆոնին:
Բանն այն է, որ C 400 ՀՕՊ համակարգերը ռուսական ռազմաարդյունաբերության մեկ այլ հպարտություն են՝ Իսկանդերի կողքին: Իհարկե մինչեւ վերջ պարզ չէ, թե որքանով են կենսունակ թե Իսկանդերը, թե C 400-ը, որովհետեւ դրանք կարծես թե չեն անցել իրական մարտական «մկրտություն»: Բայց, թե Իսկանդերի, թե նաեւ C 400-ի տեխնիկական բնութագրերը իսկապես տպավորիչ են: Ըստ այդմ, առնվազն առաջանում են հարցեր, որոնց շուրջ թերեւս արժե խորհել, այդ թվում Հայաստանի իշխանության մակարդակում:
Նախ, արդյո՞ք C 400 համակարգերը ունակ են լինել Իսկանդերի դեմ եթե ոչ ամբողջական, ապա գոնե շոշափելի հակազդեցության միջոց: Եվ մյուս հարցը՝ արդյո՞ք Թուրքիան Ռուսաստանից C 400 ՀՕՊ համակարգ ձեռք չի բերի ոչ միայն իր, այլ նաեւ Ադրբեջանի համար: Արդյո՞ք դա չէր կարող լինել Հասանովի հայտարարությունների տողատակում:
Այսինքն, Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերում C 400 եւ օրինակ մեկը տրամադրում Ադրբեջանին, հայկական Իսկանդերի դեմ եթե ոչ լիարժեք, ապա քիչ թե շատ հուսալի պաշտպանություն ունենալու համար: Ընդ որում, դա արվում է Մոսկվայից ամեեւին ոչ թաքուն: Պարզապես Մոսկվան այդպիսով առերեւույթ մնում է Հայաստանի առաջ «մաքուր»: Բանն այն է, որ Իսկանդերի տրամադրումով Ռուսաստանը փորձեց հայերի առաջ որոշակի «քավել մեղքը» իր ոչ դաշնակցային գործողությունների համար, որ «մերկացան» ապրիլյան պատերազմում:

Ստեղծվեց քարոզչա-բացատրական առանցքը, որ իհարկե Ադրբեջանին շատ սպառազինություն վաճառվել է, բայց Հայաստանին տրվել է զսպման գլուխգործոցը՝ Իսկանդերը: Այդ պարագայում, Մոսկվան կաշկանդված է Ադրբեջանին Իսկանդեր, կամ Իսկանդերի դեմ որոշակի կենսունակություն ունեցող պաշտպանական համակարգ տրամադրել: Բայց, դա կարող է արվել Թուրքիայի միջոցով:

Համենայն դեպս արժե խորհել այդ մասին, ռիսկերի իրատեսությունը ամբողջական գնահատելու եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ դիվանագիտական-քաղաքական քայլեր կատարելու համար, չհանգստանալով Հասանովին ռազմա-քաղաքական անգրագետ հռչակելու վրա: Հակառակորդին թե գործի, թե խոսքի առումով թերագնահատելը ամենավտանգավորն է, որ կարող է լինել ցանկացած դեպքում, երբ որեւէ մեկը գործ ունի ագրեսիվ տրամադրված սուբյեկտի հետ: Առավել եւս, որ անգրագետ է գուցե Հասանովը, բայց հաստատ անգրագետ չեն նրան լայն հարցազրույցի հարթակ տրամադրողները: Դա առնվազն տալիս է խորհելու եւ բազմազան վարկածները ամենայն մանրամասնությամբ դիտարկելու անհրաժեշտություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing