Ռոբերտ Քոչարյանը՝ խաղից դուրս

89

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա հանդիպումն ավելի էական էր ոչ այնքան քննարկված հարցերի բովանդակության, որքան՝ խաղի կանոնները հստակեցնելու տեսանկյունից։

Հեղափոխության օրակարգը, այսպես թե այնպես, իրականություն է դառնալու, սակայն երկրի բնականոն զարգացման տեսանկյունից խիստ էական է, թե ինչ մթնոլորտում կարձակվի խորհրդարանը, ու տեղի կունենան արտահերթ ընտրությունները։ Մինչև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումը ամեն ինչ, կարծես թե, գնում էր բնականոն հունով, հատկապես՝ կառավարության ծրագրի հաստատումից հետո քաղաքական հիմնական ուժերը խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ելակետ էին ընտրել մեկ տարվա ժամանակացույցը ու նախապատրաստվում էին դրան։

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը որոշակիորեն խախտեց ստատուս-քվոն․նախկին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները, ըստ ամենայնի, երկրորդ նախագահի անձի մեջ տեսան իրենց ռևանշիստական ծրագրերի նոր շանս, հույս։ Սրան նպաստեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը փաստացի ազդակ դարձավ Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների նոր գեներացիայի համար։

Հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ հակահեղափոխական ռևանշը քարոզչական կատեգորիայից վերածվեց իրական քաղաքական գործոնի։ Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հասկացրեց, թե հեղափոխության վերջնական հաղթանակն ապահովելու նպատակով պատրաստ է դիմել անգամ կոշտ կառավարման՝ ըստ էության ՀՀԿ-ին կանգնեցնելով ռացիոնալ մոտեցման ու Ռոբերտ Քոչարյանի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև։

Նիկոլ Փաշինյանի հակահարվածին հետևեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հայտարարությունը, որտեղ նա արձանագրում էր, թե մտահոգիչ դրույթներ է նկատել վարչապետի խոսքում։ Սակայն Բաբլոյանի հատուկ հայտարարության հիմնական ուղերձը ոչ թե Փաշինյանի ելույթը քննադատելն էր, այլ նրա հետ բանակցային ռեսուրս, հարթակ ապահովելը։ Խորհրդարանի նախագահի հայտարարությունն ուղերձ էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է վերանայել իր կոշտ հակահեղափոխական հռետորաբանությունը, եթե Փաշինյանն անհրաժեշտ համարի իրենց հետ երկխոսությունը, այլ խոսքով՝ ՀՀԿ-ն հասկացրել էր, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի չի պատրաստվում գնալ տոտալ առճակատման՝ կանխատեսելի ֆիասկոյի հեռանկարով։

Նիկոլ Փաշինյան-Արա Բաբլոյան այսօրվա հանդիպումից հետո տարածվել է լակոնիկ հայտարարություն, որտեղ, ըստ էության, արձանագրվում է, որ անցումային արդարադատության կարիք առայժմ չկա, իսկ արտահերթ ընտրությունն էլ պետք է տեղի ունենա սահմանված մեկամյա ժամկետում։ Այս հայտարարության բովանդակությունը դարձյալ երկրորդական է, ավելի էական է այն հանգամանքը, որ Փաշինյանն ու ՀՀԿ-ն՝ Բաբլոյանի դեմքով, վերականգնում են այն ստատուս-քվոն, որը հաստատվել էր հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո։

Ուշագրավ է, որ Արա Բաբլոյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն անմիջապես հաջորդեց նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է․ «Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»: Նախագահի արագ արձագանքը հուշում է, որ, ըստ ամենայնի, գործ ունենանք ավելի լայն կոնսենսուսի հետ։

Ռոբերտ Քոչարյանի հաջողության միակ՝ տեսական շանսն անտագոնիստական ռեժիմի վերականգնումն էր, որի պարագայում միայն նա կարող էր հավակնել քրեաօլիգարխիայի սեգմենտներին կոնսոլիդացնելու կարգավիճակին։ Առավել քան ակնհայտ էր, որ Քոչարյանին պետք էր ոչ թե ՀՀԿ-ն, այլ նրա միջոցով լարվածություն գեներացնելու պատեհությունը, այլ խոսքով՝ Հանրապետականը Քոչարյանի համար ընդամենը միջոց է, որին նա կարող է զոհաբերել հարմար իրավիճակում։ Դատելով Փաշինյան-Բաբլոյան այսօրվա հանդիպումից՝ Հանրապետականը Քոչարյանի այս խայծը կուլ չի տվել ու գերադասել է հեղափոխության առաջ քաղաքակիրթ կապիտուլյացիայի տարբերակը՝ հերթական անգամ հանրային հարձակման թիրախ դառնալու փոխարեն։

Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, հայտնվել է խաղից դուրս վիճակում, առնվազն սահմանափակվել է նրա գործողությունների տարածությունը, ինչը հուշում է, որ առաջիկա օրերին, թերևս, ականատես կլինենք երկրորդ նախագահի նոր քաղաքական ջղաձգումներին, որոնք կլինեն նրա վերջին հուսահատ փորձերը՝ անխուսափելի թվացող կալանավորումից առաջ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache